Լեզվական իմաստով «գաղափարախոսություն» եզրույթը բաղկացած է երկու մասից՝ «գաղափար» և «խոսք»: Ինձ համար հենց այս կետում էլ սկսվում են խնդիրները, որովհետև եթե խոսք է գնում գաղափարախոսության մասին, պատմության և փիլիսոփայության մասին, ապա այս եզրույթների հետ կապված առօրեականության մեջ երևի թե միայն լավ ներիմաստներ ենք պատկերացնում, որովհետև գաղափարը «լավ» և վեհ բան է: Օրինակ՝ Հեգելը գտնում էր, որ գաղափարը մարդու և աստծո միջև միակ կապող օղակն է: Այսինքն՝ մարդ այն նպատակով է ստեղծված, որպեսզի իրագործի աստծո գաղափարները՝ ոչ թե խոսի այդ մասին:
Երբ մենք դիտարկում ենք բառի երկրորդ մասը՝ «խոսք», այստեղ հաճախ պատկերացնում ենք հակառակը՝ ոչ թե վեհ, ոչ թե ընդհանրական կապող և բարձր իմաստներ, այլ խոսքը ցածր, էժան, խոսքում արտահայտված և սպանվող գաղափարների մասին է: Մեր փիլիսոփաներից այս մասին խոսել է օրինակ՝ Դավիթ Անհաթը, ինչպես նաև ռուս գրող Տյուտչևը. նրանք խոսում են այն մասին, որ յուրաքանչյուր արտահայտված միտք դառնում է սուտ և կեղծիք: Այս է պատճառը, որ գաղափարախոսություն բառի մեջ ասես գաղտնի ռումբ տեղադրված լինի. երբ մենք ունենք գաղափար և այն արտահայտում ենք, այն կարծես պայթում է և գաղափարին զրկում իր իմաստներից, արժեքից, վեհ կապող օղակ լինելուց: Սրա պատճառն այն է, որ քաղաքականության մեջ բառը/խոսքը արժեք չունի: Քաղաքականության մեջ կարելի է խոսել ամեն ինչի մասին և այս երևույթն էլ հենց անվանում ենք «պոպուլիզմ»՝ խոսքերի այնպսի մի անընդհատ հոսք, որի միջոցով փորձ է արվում մարդկանց խաբել, կառավարել իրենց կամքին հակառակ, հավաքագրել մարդկանց որոշակի նպատակներով, որոնք այդ մարդկանց համար ի սկզբանե կարևոր չէին: