Play Video

Իմ առջև դրված է մի բարդագույն խնդիր՝ դասախոսություն կարդալ ֆաշիզմի մասին և տեղավորվել կարճ ժամանակի մեջ: Ֆաշիզմը մի հասկայական թեմա է, և անգամ ընդհանուր պատկերացում կազմելու համար պետք է մի ամբողջ դասախոսությունների կուրս: Գրեթե ամեն տարի հայտնվում են նոր հետազոտություններ ֆաշիզմի մասին, որոնք լույս են սփռում ֆաշիզմի այնպիսի ասպեկտների վրա, որոնց մասին մենք հաճախ չէինք էլ մտածում: Օրինակ, նախանցյալ տարի մի գիրք է դուրս եկել, որը կոչվում է «Blitzed: Drugs in Nazi Germany», որն, ինչպես երևում է վերնագրից, բացահայտում է, որքան մեծ դեր ունեին տարբեր հոգեմետ նյութերը նացիաստական Գերմանիայում: Եվ այդ գիրքը կարդալով, շատ բանի միանգամայն այլ տեսակետից ես սկսում նայել, օրինակ պարզվում է, որ 1939-1941 թթ. գերմանական բանակում լայնորեն օգտագործվում էին նյութեր, որոնք իրենց բնույթով մոտ են «Breaking Bad» հայտնի սերիալի հերոս Հայզենբերգի պատրաստած «քրիսթալ մեթ» նյութին (հերոսի Հայզենբերգ մականունն էլ, ի դեպ, վերցված է այդ ժամանակաշրջանի գորմանացի ֆիզիկոս Վերներ Հայզենբերգին էլ, ում դերը նացիստական միջուկային զենքի ստեղծման փորձերում մինչև հիմա մնում է բանավեճի առարկա):

Իրականում, միայն այս թեմայի մասին կարելի էր մի ամբողջ դասախոսություն կարդալ, բայց բնականաբար մենք դա չենք անի, և կխոսենք ֆաշիզմի հետ կապված մի քանի խնդիրների մասին ընդամենը: Նախ, կփորձենք հասկանալ, թե ինչ է ֆաշիզմը, կամ ավելի ճիշտ, ինչ իմաստներով է այդ բառն այսօր օգտագործվում: Կփորձենք հասկանալ ֆաշիզմի տեղը քաղաքական գաղափարախոսությունների շարքում: Կխոսենք ֆաշիզմի և և ազգայնականության, ֆաշիզմի և կոմունիզմի, ֆաշիզմի և տոտալիտարիզմի, ֆաշիզմի և բռնության մասին: Վերջապես, կխոսենք այն մասին, արդյոք Հայաստանում հնարավոր է ֆաշիզմ:

Եթե թույլ տաք, կսկսեմ մի քիչ հեռվից: Անցյալ տարվա նոյեմբերին ես գիտաժողովի էի գնացել Բեռլին, և գիտաժողովի ավարտից հետո որոշել էի մի քանի օր ավել մնալ այդ հիանալի քաղաքում: Եվ ահա մի մռայլ նեյեմբերյան օր ես իմ լափթոփով նստած էի Ստարբաքս սրճարանում Բեռլինում՝ Կոխշտրասսե և Ֆրիդրիխշտրասսե փողոցների խաչմերուկի մոտ և փորձում էի համացանցից գտնել հետևալ հարցի պատասխանը «Արդյո՞ք Լայբախ խումբը ֆաշիստական է»։ Լայբախը սլովենական ռոք-խումբ է, ում երաժշտությունը սովորաբար բնութագրում են որպես «ինդասթրիալ» ոճ, բայց այս նկարագրությունը իրականում ոչ մի բան չի ասում նրանց մասին։ Փորձել նկարագրել Լայբախ խմբի երաժշտությունն անիմաստ է, այնպես որ ավելի լավ է պարզապես գուգլել և դիտել մի նրանց տեսահոլովակները։ Եթե այնուամենայնիվ, փորձեմ նկարագրել Լայբախ խմբի երաժշտությունը, կարելի է ասել, որ Լայբախը մեծ ազդեցություն է թողել Ռամշտայն խմբի վրա։ Իհարկե, ի տարբերություն Ռամշտայնի, Լայբախի մասին համեմատաբար քչերը գիտեն, այնպես որ կարելի է ասել, որ Լայբախը Ռամշտայնն է ինտելեկտուալների և հիփսթերների համար։ Եվ ահա տոմսը ձեռք բերելուց հետո ինձ մոտ առաջացան որոշակի կասկածներ․ իսկ հնարավոր է արդյո՞ք, որ իրականում Լայբախի համերգին գան նեոնացիները։ Իմ այսպես սաած ոչ-արիական արտաքինը հաշվի առնելով՝ ես մեղմ ասած այնքան էլ ինձ հարմար չէի զգա, եթե պարզվեր, որ Լայբախը իրոք նեոնացիների սիրված խումբն է։

Գուգլից ես մի քանի բան պարզեցի։ Նախ, որ ես առաջինը չեմ, ով հարցնում է «are Laibach fascist?». առաջին երկու բառերը հավաքելուց հետո Գուգլը բերեց հենց այդ հարցը։ Մի քանի հոդվածներ կարդալով՝ ես եկա այն եզրակացության, որ կարծես թե անհանգստանալու կարիք չկա. ոչ, Լայբախը ֆաշիստ չեն: Բայց հարյուր տոկոսով համոզվածություն չկար։ Իմ կարդացած հոդվածներից ես իմացա, որ Լայբախը Սլովենական «Նոյե Զլովենիշե Կունստ» շարժման համահիմնադիրն ու ներկայացուցիչներն են, ժամանակակից արվեստով զբաղվող մարդկանց մի խումբ, որը ձևավորվեց Սլովենիայում Հարավսլավիայի վերջին տարիներին։ Մոտավորապես այդ կողմերից է աշխարհի ամենահայտնի սլովենացին՝ ձախ հայացքներով փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը։ Յություբում կարելի է գտնել, օրինակ, ինչպես է Ժիժեկը խոսում Լայբախի մասին, օրինակ վերլուծում է Հյուսիսային Կորեայում նրանց համերգը: Սա ինձ մի քիչ հանգստացրեց։ Բայց կային նաև անհանգստացնող պահեր։ Օրինակ, պարզվեց, որ Լայբախի երաժիշտներն ընդհանրապես խուսափում են պատասխանել ԶԼՄ-երի որևէ հարցրերին, իսկ եթե պատասխանում էլ են, այսպես ասած, իրենց վերցրած կերպարից դուրս չեն գալիս։ Ամենաադեկվատ պատասխանը, որ նրանք տվել են երբ Լայբախին հարցնում են, թե արդյոք նրանք ֆաշիստ են «Մենք նույնքան ֆաշիստ ենք, ինչքան Հիտլերը նկարիչ էր»։ Սա այնքան էլ հուսադրող չէր, քանի որ Հիտլերն, իհարկե, վատ էր նկարում, բայց այնուամենայնիվ նկարում էր։

Ի վերջո, համերգին ես, համոզվեցի, որ նեոնացիների հետք էլ անգամ այնտեղ չկար։ Համերգին եկած մարդիկ նման էին մոտավորապես այն տիպի մարդկանց, ում Հայաստանում ժամանակին տեսնում էի ՆՓԱԿ-ում ժամանակակից արվեստի ցուցահանդեսների բացմանը։ Լայբախն ընդամենը խաղում է ֆաշիստական կամ նացիստական էսթետիկայի հետ, ոնդ որում, ոչ միայն նացիստական, այլև ավելի լայն առումով՝ տոտալիտար և ավտորիտար էսթետիկայի հետ։ Լայբախը աշխատում է տարբեր թեմաների հետ՝ ինքնություն, ազգություն, կապիտալիզմ, իշխանություն, և ֆաշիզմն ընդամենը այդ թեմաներից մեկն է։

Այնուամենայնիվ, այս պատմությունն ինձ համար բավականին շատ մտածելու տեղիք տվեց։ Այն ստիպեց ինձ մտածել, իսկ ինչը ես ի նկատի ունեի, երբ Գուգլին հարցնում էի «արդյո՞ք Լայբախը ֆաշիստ են»։ Այդ պահին թե՛ ես, թե՛ Գուգլը, թե՛ այն մարդիկ, ով ինձնից առաջ այդ հարցը տվել էին Գուգլին, ունեին որոշակի պատկերացում, թե ինչ է դա։ Սակայն, հստակ դա ձևակերպելը բավականին դժվար է։

Թերևս, դա նրանից է, որ «ֆաշիզմն» ունի բազմաթիվ իմաստներ և օգտագործվում է ամենատարբեր կոնտեքստներում, և, երկրորդը, բարոյական և էմոցիանալ և բարոյական առումներով չեզոք տերմին չէ։ Երկրագնդի բնակչության մեծագույն մասի համար «ֆաշիստ» բառն ունի բացասական նշանակություն, այդ թվում բազմաթիվ այնպիսի մարդկանց համար, ում հայացքները միանգամայն համապատասխանում են ֆաշիզմի չափանիշներին, բայց նրանք այդ մասին չգիտեն։ Ավելին, «ֆաշիստը» դարձել է պարզապես կենցաղային հայհոյանքի նման մի բան։ Ես հիշում եմ՝մի անգամ դիտում էի նորություններով ինչպես է Վրաստանում ոստիկանությունը ցրում է ընդդիմադիր ցույց, և թեև վրացերեն չգիտեմ, շատ լավ հասկանում էի, երբ ցուցարարները ոստիկաններին հասցեին գոռում էին. «սադիստեբի՛, ֆաշիստեբի՛» ։

Թերևս դրա պատճառով է, որ այսօր քիչ են մարդիկ, ովքեր իրենց համարում են ֆաշիստ և ազնվորեն խոստովանում են, որ ֆաշիստ են: Կան մարդիկ, ովքեր իրենց համարում են ֆաշիստ, բայց գերադասում են բացահայտորեն դա չասել, թաքնվելով ինչ-որ ուրիշ, քաղաքականապես կորեկտ բնորոշումների տակ՝ ազգայնական, պահպանողական և այլն: Բայց ավելի շատ են մարդիկ, ովքեր ֆաշիստական գաղափարների կրող են, բայց չեն գիտակցում, որ դրանց կրողն են:

Կարող եք զեկույցի գրավոր տարբերակն ամբողջությամբ ներբեռնել այստեղ՝ fascism-lecture-June-25-final-version

Դիտեք նաև՝

Search