Play Video

Քաղաքական գաղափարախոսությունների երեւան գալը կապված է Արեւմտյան Եվրոպայում արդիության ժամանակաշրջանի սկզբնավորան հետ, եւ ազատականությունը որպես գաղափարախոսություն եւս այս ժամանակաշրջանի ծնունդ է: Սակայն առաջին հերթին այն քաղաքական ուսմունք է, որի սկզբնավորող կարելի է համարել 17-18-րդ դդ. փիլիսոփա Ջոն Լոքին: Մինչ Լոքի եւ ազատականությունը ներկայացնող այլ մտածողների հայացքներին անդրադառնալը, տեղին է նշել, որ սահմանել ազատականությունն ամենեւին դյուրին չէ: Իրականում մենք ավելի շուտ գործ ունենք ազատականությունների, քան թե՝ ազատականության հետ: Այս բազմազան ազատականությունների գոյությունը մի քանի հանգամանքներով է պայմանավորված:

Նախ ազատականության ամենակարկառուն ներկայացուցիչները կարող են միակարծիք չլինել այնպիսի կենտրոնական հասկացության շուրջ, ինչպիսին ազատությունն է: Հաջորդ հանգամանքը կապ ունի ժամանակի ընթացքում ծագող տարբեր մտահոգությունների հետ: Քանի որ ազատական մտքի ներկայացուցիչները ձգտել են արձագանքել իրենց ժամանակի ու հասարակությունների գործնական խնդիրներին, ապա այդ միտքն ինքնին լուրջ փոփոխություններ է կրել: Միաժամանակ վճռական նշանակություն են ունեցել նաեւ այլ գաղափարախոսությունների, օրինակ, պահպանողականության կամ ընկերավարության հետ բանավեճերը ինչպես տեսական հարթակում, այնպես էլ գործնական քաղաքականության ասպարեզում: Սրանք բոլորն ինչ-որ իմաստով նաեւ լղոզել են ազատականության որպես գաղափարախոսության վերաբերյալ պատկերացումները: Ինչպես Ջ. Շկլյարն է նկատում, գաղափարախոսական բախումներում «ազատականություն» բառի չափազանց կիրառությունը, բովանդակության անհարկի ընդլայնումը հանգեցրել է նրան, որ այն կորցրել է «ինքնությունը» եւ դարձել բավական ամորֆ: Այսօր քաղաքական պրակտիկայում որեւէ կոնկրետ հարցի շուրջ ազատականի դիրքորոշումն ինքնաբերաբար ամենեւին չի որոշում մեկ այլ հարցի վերաբերյալ նրա դիրքորոշումը:

Ազատականության բովանդակության ոչ միանշանակության վրա քիչ ազդեցություն չի թողել նաեւ այն, որ քաղաքական բանավեճերում «ազատական» բնորոշումն արմատապես տարբեր արժեքային ծանրաբեռնմամբ է կիրառվում: Որոշ պարագաներում այն որպես վիրավորանք, անարգանք է ընդունվում, որոշներում՝ որպես գովասանք: Իմիջիայլոց, մեզանում երկուսն էլ գտել են իրենց դրսեւորումները: Օրինակ, ազատական են համարում մի մարդու, ով իրեն դուրս է դնում տեղային-էթնիկ մշակույթից կամ հանրույթի հետ չի նույնանում, ավելի շատ օտար, արեւմտյան արժեքների կրող է, երբեմն նաեւ սպասարկում է օտարի, արեւմուտքցու շահերը: Այսպիսի միտումը հատկապես խորացավ 2000-ական թվականներից սկսած պահպանողականության ազդեցության խորացմամբ եւ 90-ականներին տնտեսության մեջ ազատական բարեփոխումների գործադրման եւ այն իրականացրած ազատական քաղաքական ուժի հանդեպ դժգոհության հետեւանքով: Սակայն մեզանում առկա է նաեւ ազատականի եւ ազատականության դրական արժեւորում: Ազատականը երբեմն նույնանում է լայնախոհ, հանդուրժող, անհատի արժանապատվության հանդեպ խորը հարգանքով, տեղայնական ավանդույթով չկաշկանդված մարդու հետ:

Թեեւ Ջ. Լոքից հետո յուրաքանչյուր նոր ազատականությանը հարող մտածող, կլինի Ջ.Ս.Միլը, Ջ. Դյուին, թե Ջ. Ռոլսը, ներկայացնում է իր ազատականությունը, այնուամենայիվ, փորձենք գոնե մի սահմանում կամ բնութագրում տալ, որը կկարողանա ձեւավորել ազատականության վերաբերյալ նվազագույն եւ բոլոր ազատականների կողմից ընդունելի ըմբռնում: Այդպիսի մի ըմբռնում է առաջարկում 20-րդ դարի ականավոր քաղաքական տեսաբաններից մեկը՝ Ջուդիթ Շկլարը:

«Ազատականությունն ունի մեկ գերագույն նպատակ՝ երաշխավորել այն քաղաքական պայմանները, որոնք անհրաժեշտ են անձնական ազատության գործադրման համար: […] Յուրաքանչյուր չափահաս պետք է ի վիճակի լինի անելու այնքան արդյունվետ որոշումներ՝ առանց վախի կամ օժանդակության իր կյանքի այնքան առումներով, ինչքան համատեղելի է այլ չափահասի նման ազատության հետ»: Այս սահմանման մեջ ուշադրության արժանի մի քանի կողմեր կան.

• Խոսքն անձնական ազատության մասին եւ ոչ թե, օրինակ, հանրային ազատության: Այլ կերպ ասած՝ սա ընդգծված անհատապաշտական ուսմունք է:
• Անձնական ազատությունը երաշխավորվում է քաղաքական եւ ոչ այլ բնույթի պայմաններով, ինչը նշանակում է, որ առանցքային դերակատարությունը պատկանում է իշխանական հարաբերություններին: Իշխանական հարաբերությունները միշտ էլ անհամաչափ հարաբերություններ են, եւ դրանց են լծորդված այնպիսի իրողություններ, ինչպիսիք են, օրինակ, բռնության գործադրումը, վախի հարուցումը կամ կողմնակալությամբ ինչ-որ մեկին օժանդակություն տրամադրելը: Քանի որ սոցիալական ճնշման աղբյուրները կարող են բազմաթիվ լինել, ապա հատկապես մտահոգիչ է այն գործորդից սկիզբ առնողը, որը տիրապետում է ֆիզիկական եւ համոզչության ռեսուրսներին: Ազատականությունն ընդունում է այն սոցիալական իրադրության անխուսափելիությունը, որում կան թույլեր եւ ուժեղներ: Գոյություն ունեցող կարգը կոչված է թույլերին կամ անպաշտպաններին երաշխավորելու իշխանության չարաշահումներից: Իսկ այս չարաշահումները կամ բռնությունը կարող են սկիզբ առնել ոչ միայն անհատից, այլեւ որեւէ հաստատությունից:
• Անձանց որպես հասարակության անդամներին հասանելիք հավասար ազատության շեշտումն է, որը հնարավոր է նաեւ որպես բացարձակ ազատության սահմանափակման հետեւանք:
Կարելի է ասել, որ խորքային առումով ազատականությունն ավելի շուտ նեգատիվ ուսմունք է, որը նշում է, թե ինչն է արգելված, բայց վարքի ու գործողության կողմնորոշման դրական ուղեցույց չի տրամադրում:

Ազատականությունն իր ակունքներով հետռեֆորմացիոն շրջանից է եւ ծնունդ է առել հենց քրիստոնեության ներսում հանգանակի օրթոդոքսի պահանջների ու բարեգործության, հավատի ու բարոյականության միջեւ առկա խորքային լարումից: Կրոնական պատերազմների դաժանությունները շատ քրիստոնյաների հարկադրեցին երես թեքել եկեղեցու հանրային քաղաքականությունից դեպի մի բարոյականություն, որում հանդուրժողականությունը քրիստոնեական կարեկցության դրսեւորում էր: Հավատի, գիտելիքի եւ բարոյականության վերաբերալ անձնական որոշումների անձեռնմխելիությունն այսուհետ հենվում էր այն համոզմունքի վրա, որ մենք պարտավոր ենք հարգել դրանք որպես փոխադարձ հարգանքի դրսեւորում, իսկ հարկադրած հավատը կեղծ է: Այս մտայնությունը հատկապես պարզորոշ երեւում է Ջ. Լոքի պնդումներում: Մարդն ի բնե հավասար է եւ ազատ: Ազատությունը բնական իրավունք է: Մարդը կատարելապես ազատ է՝ տնօրինելու իր գործողությունները, ունեցվածքն այնպես, ինչպես համապատասխանում է բնական օրենքին: Սակայն անցում կատարելով քաղաքացիական վիճակի, իրադրությունը փոխվում է:

Ներբեռնել զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք այստեղ՝ ազատականություն

Դիտեք նաև՝

Search