Play Video

Զարգացող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ինչպես նաև զարգացած պետություններում այսօր առաջնահերթ է պետության գործառույթների արդյունավետության և արտադրողականության բարձրացումը: Սպառողական հասարակության պահանջմունքներն ու ցանկություններն օրեցօր ավելանում են, ու այսօր մարդկանց բարեկեցության ապահովման համար պետությունը պարտավորվում է անել ավելին: Տրամաբանական է, որ արդի հասարակականքաղաքական միտքը հաճախ է քննարկման կենտրոնական թեմա դարձնում պետության, կամ ինչպես Հոբսն էր ասում, Լևիաթանի լիազորությունների ու գործունեության դաշտի փոքրացումը: Այս հարցը քննարկվում է ինչպես լիբերտարիստների, այնպես էլ մարքսիստների կողմից: Հատկապես հանրային կառավարման գիտակարգում ավելի է խոսվում իշխանության ապակենտրոնացման ու պատվիրակման, հիերարխիկ կառավարումից ցանցայինի անցնելու մասին (Kettl, 2000 Goodsell, 2006): Սակայն թերևս միայն անարխիստներն են, ովքեր միանշանակ պնդում են, թե իշխանության, դոմինանտության ու ուժի վրա հիմնված պետությունը բարոյական չէ ու պետք է վերանա:

Անարխիզմի տեսությունն ընկալելու համար առաջին հերթին պետք է հարցին մոտենալ ծագումնաբանությունից: Եզրույթն առաջացել է հունարեն «արխե» բառից, որ նշանակում է առաջին սկզբունք, հիմք, իշխանություն: Փաստորեն, անարխիզմը բառացիորեն ենթադրում է իշխանության բացակայություն կամ «ոչ ոքի իշխանություն»:

Կրոպոտկինը պնդում է (1970), որ քաղաքական անարխիզմի արմատները հասնում են մինչև Էպիկուրի և ցինիկների ժամանակներ: Վերջիններս քարոզում էին հեռացում քաղաքական կյանքից ու մարդկանց ինքնակառավարում: Մասնավորապես, Դիոգենեսը քամահրանքով էր վերաբերվում քաղաքական ու կրոնական իշխանությանը:

Ընդհանուրառմամբ, անարխիզմի տեսության մեջ կան բազմաթիվ ուղղություններ, ու առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք երբեմն իրարամերժ են: Այսպես՝ անարխիզմի տեսաբանների մի մասը, ովքեր առավելապես հակված են պաշտպանելու անձնային անկախությունը, սովորաբար անվանվում են ինդիվիսուալիստ անարխիստներ, իսկ մյուս խումբը, որը շեշտադրում է ողջ հանրության, համայնքի ազատության գաղափարը, կրում է սոցիալ անարխիստներ անվանումը: Սակայն ինչպես Դանիել Գուերին է նշում, իրականում ինդիվիդուալիստ և սոցիալիստ անարխիստների միջև ջրբաժան չկա, քանի որ երկուսի համոզմունքն այն է, որ անհատի ազատությունը տանում է հասարակության ազատության և հակառակը (Guerin, 1970):

Անարխիստների առավել լայն տիպաբանությունը նրանց բաժանում է ինդիվիդուալիստների, մյուչուալիստների, սինդիկալիստների և կոմունիստների: Ինդիվիդուալիստները, օրինակ՝ Սթիրները, Ուորենը, Թաքերը և այլք, կարևորում են ոչ այնքան մարդկանց ազատ ասոցեացիաներ ստեղծելը, որքան առանձին անհատներին հնարավորությունը տալը՝ վայելելու լիակատար ազատություն: Նրանց իդեալը ինքնաբավ անհատների կամավոր միություն է: Մյուչուալիստները, որոնք մեծապես հիմնվում են Պրուդոնի տեսության վրա, առավել շեշտադրում են սոցիալական կազմակերպությունների կարևորությունը, ինչպես օրինակ՝ կոպերատիվների, որոնք օգնում են պաշտպանել մարդկանց շահերը: Անարխոսինդիկալիստների տեսլականը բոլոր աշխատավորների՝ մեկ աշխատավորական միության մեջ համախմբումն է: Վերջիններիս գաղափարները առավել մոտ են Բակունինի տեսությանը: Անարխոկոմունիստների համար հենման կետը կոմունան է կամ համայնքը, որը պետք է դառնա հանրության կազմակերպման բջիջը: Անարխոկոմունիստ տեսաբաններից առավել հայտնի է Կրոպոտկինը:

Անարխիստների առաջին բնութագրիչը կառավարման ու իշխանության բացառումն է: Այսպես՝ Կրոպոտկինը (1970) սահմանում է անարխիզմը որպես սկզբունք կամ տեսություն, որը պատկերացնում է հասարակությունը առանց կառավարության: Ըստ Գոլդմանի (1969)՝ անարխիզմը տեսություն է, համաձայն որի՝ կառավարման բոլոր ձևերը հիմնված են բռնության վրա, հետևապես վնասակար են և ոչ անհրաժեշտ: Ըստ Վարդի (1973)՝ անարխիզմը կառավարության բացակայությունն է, որը քարոզում է, թե հասարակության համար ցանկալի է և հնարավոր է ինքնակազմակերպվել առանց կառավարության: Պրուդոնը  (qtd in Edwards, 1969) շարունակում է այս միտքը՝ պնդելով, թե անարխիզմը կառավարողի կամ սուվերենի բացակայությունն է: Հետևաբար, ինչպես Բակունինն էր նշում (qtd in Maximoff, 1964), անարխիզմը միտված է պետության վերացմանը: Բերված բոլոր սահմանումներին միավորում է մեկ բան, այն է՝ իր բնույթով ավտորիտար համարվող պետության փոխարինումը միմյանց հետ համագործակցող ազատ անհատներով: Պետության քննադատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հիմնված է բռնության ու հարկադրանքի, ենթակայության ու հիերարխիկ կառուցվածքի վրա: Ժամանակակից պետության բնութագիչներից մեկը հենց բռնություն կիրառելու լեգիտիմ իրավունքն է, ուստի անարխիստները մերժում են ցանկացած պետություն՝անկախ դրա ժողովրդավարական լինելուց: Ըստ Սթիրների՝ ցանկացած պետություն բռնապետություն է, լինի այն մեկ անձի, թե խմբի բռնապետություն: Պետությունը ենթադրում է սահմանափակում, գրաքննություն, վերահսկողություն, ենթակայություն, քանի որ դրանք անհրաժեշտ են պետության գոյության համար (Clarcke, 1976): Պետության առանցքային բնութագրիչը կառավարելու իրավունքն է, մինչդեռ մարդու առաքելությունը ինքնավարությունն է, ղեկավարվելուն ընդդիմանալը: Ուստի պետության ինքնավարությունը և մարդու  ինքնիշխանությունը հակասում են միմյանց, հետևաբար՝ պետությունը պետք է վերանա (Wolff, 1970):

Ներբեռնել զեկույցի գրավոր տարբերակը կարող եք այստեղ՝ Անարխիզմ

Դիտեք նաև՝

Search