Զեկուցման ժամանակ ներկայացվել է վարկած, թե ինչու և ինչպես է ձևավորվել Գյումրու և գյումրեցու ծիծաղող կերպարը, որը, ամրագրվելով իբրև քաղաքային ինքնության բաղկացուցիչ, փորձում են վերածել զբոսաշրջային բրենդի:
Հումորի տեսությունները հիմնականում բաժանվում են երեք ուղղությունների՝ խնդրո առարկան բացատրելով իբրև լիցքաթափման գործառույթ (առաջանում է լարվածությունը, ագրեսիան մարելու կամ կոմպենսացնելու), արձագանք անհեթեթությանը (կանոնի անսպասելի խախտման պարագայում) կամ որպես առավելության, գերազանցության դրսևորում (հմմտ. ծաղր, «գլուխգովալ»): Այս երեք մոտեցումները ոչ թե այլընտրանքային են, այլ փոխլրացնող, և սրանցից յուրաքանչյուրն իր դրսևորումն ունի Գյումրվա հումորում, սակայն ամեն մեկը ծնունդ է տարբեր իրողությունների և սպասարկում է տարբեր գործառույթներ:
19 դ. Գյումրին, հիմքում ունենալով գյուղական բնակավայր, որն այսօր հայտնվել է քաղաքի գրեթե կենտրոնում, զարգացել է համաձայն ռուսական կայսրության ինժեներների քաղաքաշինական գենպլանի: Գյուղի և քաղաքի մեկտեղումն ավելի է սրել «տեղացի» (գյուղական) և «եկվոր» (քաղաքային) բնակիչների հակադրությունը, որտեղ «ծաղրը» օգտագործվել է, մի կողմից, որպես տարբեր խմբային, կրոնաէթնիկական վարքային նորմերի համահարթեցման սանկցիա, մյուս կողմից, որպես ագրեսիայի չեզոքացում: Գյումրու բնակչության մեծ մասը կազմող արհեստավորներն իրենց ապրանքը գովազդելու սովորությունն ակամայից վերածում են ինքնագովազդի՝ հաճախ օգտագործելով պատկերավոր խոսքը:
Խորհրդային տարիներին ավելանում է «երկրորդ քաղաքի» դիրքավորումը, և նախկինում ծաղրի հիմնական թիրախ՝ գյուղացու փոխարեն թիրախավորվում է առաջին քաղաքի բնակիչը: Հենց խորհրդային տարիներին է, որ ձևավորվում է նաև «ավանդական» և «ավանդապաշտ» գյումրեցու կերպարը: Այսինքն, 19-20 դդ. Գյումրի-Լենինականի բազմաշերտ «ծիծաղող կերպարը» արտացոլում է հիմնականում միգրանտներից բաղկացած քաղաքի բարդ սոցիալական կառուցվածքն ու լարված պատմությունը: Այսօր լոկալ պատումներն ու բնակավայրի ծիծաղող կերպարը քաղաքը դարձնում են ճանաչելի և տարանջատում ազգային համահարթեցումից: Զբոսաշրջության մերօրյա զարգացումն ու տնտեսության դեմոդեռնիզացիան «հայկական մշակույթը» հանգեցնում են միատարր «ազգային տեքստի» և, շեշտադրելով 19 դ. գյուղական կենցաղը, փաստորեն, էքզոտիկացնում են այսօր ապրող քաղաքացուն:
Գյումրիում զբոսաշրջության երկու հակառակ ուղղությամբ զարգացումները՝ վերևից (պետական, «դրսեցի» մասնավոր) և ներքևից (շարքային տեղացի, grassroots), ձևակերպում են հետևյալ հարցադրումները. ինչպե՞ս մտնել զբոսաշրջային շուկա՝ շրջանցելով սեփական մշակույթի գաղութացումը, արդյո՞ք հնարավոր է տարբերել ներքին օգտագործման լոկալ տեքստերը զբոսաշրջության համար էքզոտիկացվող և ապրանքի վերաճող բրենդերից, ո՞րն է այն սահմանը, երբ քաղաքն է օգտվում զբոսաշրջությունից և երբ զբոսաշրջությունը շահագործում և ձևափոխում է քաղաքը՝ կենսունակ բնակավայրի փոխարեն ստեղծելով «պատյոմկինյան գյուղ»:
Մաս 2