Play Video

Ըմբռնելու համար, թե ինչպիսին է քաղաքային համակեցության որակը և ինչ քայլեր է պետք է ձեռնարկել այն բարելավելու ուղղությամբ, անհրաժեշտ է բացահայտել քաղաքային տարածության կառուցվածքն ու դրա գործառման մեխանիզմները:

Նախ, արդի քաղաքը բնորոշելիս այն պետք է դիտարկել որպես բարդ գոյացություն, որն ըմբռնելի է ժամանակային և տարածական պայմանավորվածությունների համատեքստում: Ժամանակային տեսանկյունից այն անցյալի իրադարձությունների կրողն է, ուր անընդհատ ակտուալանում է կոնկրետ պատմական ժամանակաշրջանի ոգին, իսկ տարածական տեսանկյունից անընդհատ վիզուալանում է քաղաքային միջավայրը` աշխարհագրական լանդշաֆտին հաղորդելով սոցիալական, սիմվոլիկ բովանդակություն: Քաղաքային տարածությունը միաժամանակ ֆիզիկական, սոցիալական և սիմվոլիկ է:

Անդրադառնալով քաղաքի սոցիալական որակին և այն բնորոշելով որպես մարդկային համակեցության տարածություն` հարկ է ըմբռնել համակեցության կառուցվածքային հնարավորությունները: Զուտ քաղաքային համակեցության նախապայմաններն են.

  • անտարբերությունն ու պատկանելությունը (Գ. Զիմել),
  • մասնակցության և յուրացման իրավունքը (Հ. Լեֆեվր, Դ. Հարվի),
  • անվտանգության և ազատության արժեքը (Զ. Բաուման):

Անտարբերություն – պատկանելություն, մասնակցություն – յուրացում, անվտանգություն – ազատություն որակները տարածական և ժամանակային պայմանավորվածություն ունեն, և դրանց դրսևորումները փոփոխվում են կախված քաղաքային տարածության տիպից. դրանք երեքն են` բնակելի տարածություն, հանրային տարածություն և հետերոտարածություն:

Բնակելի տարածությունն ավելին է, քան պարզապես վայր, ուր մարդիկ ապրում են. այն միաժամանակ մասնավոր և հանրային, անհատական և կոլեկտիվ տարածությունների համադրություն է` յուրովի համակցված տարածություն: Համատեղ կենցաղի համատեքստում առավել ընդգծվում է պատկանելության, մասնակցության և անվտանգության բաղադրիչն ի հաշիվ անտարբերության, յուրացման և ազատության:

Հանրային տարածությունն առաջին հերթին անծանոթների տարածություն է: Այն հանրայնորեն մատչելի վայր է, ուր մարդիկ այցելում են խմբային կամ անհատական գործունեության համար: Ֆիզիկական հարթության մեջ հանրային տարածությունները քաղաքային «կմախքի» այն բոլոր մասերն են, որտեղ հանրությունն ունի ֆիզիկակական և վիզուալ մուտքի հնարավորություն: Հանրային տարածություն հասկացությունն օգտագործվում է տարածության մեջ մուտք ունենալու և օգտագործման, այլ ոչ` դրա հանդեպ սեփականության իրավունքի տեսանկյունից: Ի տարբերություն բնակելի տարածությունների` այստեղ կենտրոնական են անտարբերության, յուրացման և ազատության բաղադրիչները:

Հետերոտարածությունը յուրահատուկ տարածական և ժամանակային միավոր է. այն կարող է կուտակել ժամանակը կամ չեղյալ համարել այն (Մ. Ֆուկո): Հետերոտարածությունը երևակայական և/կամ ուտոպիական տարածությունների իրացման հնարավորություն է, որը լավագույնս ընդգծում է հասարակության անցումային վիճակը: Հաճախ այս տիպի տարածությունները հնարավորություն են ընձեռում համատեղելու անտարբերություն – պատկանելություն, մասնակցություն – յուրացում, անվտանգություն – ազատություն հակադրամիասնականությունները:

Երևանի քաղաքային տարածության առանձնահատկությունները

Փորձենք ըմբռնել Երևանի քաղաքային տարածության կառուցվածքը ըստ տարածության տիպերի և քաղաքային համակեցության նախապայմանների:

Խոսելով բնակտարածության ձևավորման գործընթացի մասին` հարկ է նշել, որ արդի Երևանի բնակելի տարածությունը մեծամասամբ կառուցապատվել է խորհրդային շրջանում: Թեև այս տարածությունը ձևավորվել է խորհրդային-կոմունիստական գաղափարախոսության համատեքստում, երևանաբնակների շրջանում իրականացված կենսագրական հարցազրույցների նարատիվ սեմիոտիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ ներդրվող կոմունիստական` համերաշխության և հավասարության գաղափարները թեև ակտուալ էին կոգնիտիվ-իմացական մակարդակում, սակայն պրագմատիկ-պրակտիկ մակարդակում դրսևորելի էին ոչ կոմունիստական` մրցակցության և տարբերակվածության նորմերը: Իհարկե ընդհանուր կոլեկտիվ համերաշխության նորմատիվ սխեման գործնականում վերարտադրելի էր նաև առօրյա պրակտիկաներում, սակայն այն կրում էր ոչ այնքան դասակարգային-օրգանական, որքան համայնական-մեխանիկական բնույթ` ճնշող իրավունքի միջոցով կոլեկտիվ վերահսկողության տարրերի վերարտադրմամբ: Տարածության ձևավորման ոչ ֆորմալ մեխանիզմների ինստիտուցիոնալացմամբ, երբ կոգնիտիվ մակարդակում շրջանառվում են ներառական, իսկ պրագմատիկ մակարդակում` դիրքավորող գաղափարախոսություններ, ձևավորվում են արտոնյալ խմբեր, իսկ լոկալ կազմակերպման բնույթը շեղվում է քաղաքային «իդեալական» մոդելից, որը ենթադրում է ինտիմ տարածության առկայություն և չափավոր սոցիալական անտարբերություն: Հետխորհրդային ներքին միգրացիոն շարժերի համատեքստում համայնքային խորհրդային մոդելը փոխակերվում է. մասնավորապես բնակելի տարածությունները վերածվում են առավելապես անծանոթների և/կամ «անտարբերների» փոխհարաբերման միջավայրի, ուր համակեցության նորմատիվ համակարգը ենթադրաբար ուղղորդվում է դեպի ֆորմալ կազմակերպման ձևեր և նվազում է նախկին կազմակերպման համայնական ոչ ֆորմալ մեխանիզմների լեգիտիմությունը: Իհարկե, դեռևս խորհրդային տարիներից ձևավորվել է Երևանի բնակելի թաղամասերի հիերարխիա` ի օգուտ Երևանի կենտրոնի սիմվոլիկ իշխանության (Պ. Բուրդյե), սակայն առավել խորը ձևի մակարդակում առկա փոփոխություններն ունիվերսալ են, և այսօր փոփոխվում է նաև ծայրամասային բնակտարածությունը:

Երևանի կենտրոնը հագեցած է քաղաքային ենթակառուցվածքներով, այնտեղ են կենտրոնացված մշակութային, գիտա-կրթական, առևտրային կենտրոնները: Ի տարբերություն Երևանի ծայրամասերի բակային-համայնական մոդելի, Երևանի կենտրոնի բնակելի տարածքները կղզիացվել են և շինությունները հանրային տարածությանը ներկայանում են բարեկարգված ֆասադներով: Ներկայիս Երևանի կենտրոնը տիպիկ հիպստերային գաղափարախոսությամբ կառուցվածքայնացված տարածություն է, ուր գերակա է «քաղաքը որպես բեմ» մետաֆորան: Հիպստերային գաղափարախոսության ներդրմամբ կենտրոնը բաժանվեց անտարբերության և ազատության գոտիների` մինիմալացնելով համայնքային մասնակցային պրակտիկաները: Եթե կենտրոնում հաճախ բավարարված է քաղաքային անտարբերության պահանջմունքը և ազատության արժեքը, ապա խնդրահարույց է յուրացման իրավունքի իրացումը: Հետխորհրդային շրջանում Երևանի կենտրոնի տարածության զանգվածային առևտրականացումը անհավասար պայմաններ է ստեղծում քաղաքաբնակների և այցելուների տարբեր խմբերի միջև` որոշներին բացառելով այս տարածություն և/կամ դրա որոշ հատվածներ մուտքի իրավունքից: Յուրացման իրավունքի իրացման վառ օրինակ էր Մաշտոցի պուրակը, սակայն նման դեպքերը եզակի են և իրավունքի համատարած իրացման պրակտիկաները թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ առօրյա մակարդակներում սահմանափակ են:

Տարբեր խմբերի համակեցության վերաբերյալ զանազան պատկերացումների համատեքստում քաղաքը առաջարկում է և հանրույթները նախաձեռնում են ինստիտուցիոնալ շրջանակներից դուրս կամ դրան սահմանակից նոր տիպի տեղերի ստեղծում, որոնք պատասխանում են ժամանակի պահանջին և «նորարար» խմբերի պահանջմունքներին: Հետխորհրդային անցման համատեքստում հատկապես ակտուալ էր արևմուտքում շրջանառվող կապիտալիստական հարաբերությունների և ազատական արժեքների ներկրումը հանրային սպառման տարածություն, ինչը հաճախ խոչընդոտվում էր նորարարությունները կանխարգելող պահպանողական ազդակներով: Երևան քաղաքում փաբերը հայտնվեցին որպես նոր մշակույթ: Հանրային ժամանցի հենց այս հարթակը դարձավ տարածություն սոցիալական հարաբերությունների վերարտադրության համար, քանի որ ի տարբերություն այդ նույն շրջանում ի հայտ եկած ժամանցային այլ ձևերի՝ ակումբների, բարերի և այլն, փաբերն իրենց վրա վերցրեցին ներառական գործառույթը՝ ապահովելով հանրային լոկուսներ սերտ սոցիալական հարաբերությունների հաստատման համար: Սոցիոլոգիական հետազոտության արդյունքների վերլուծության ընդհանրացմամբ կարող ենք նշել, որ չնայած փաբերը ձևավորվում էին որպես հանրային տարածություններ` անտարբերության, յուրացման և ազատության որակների վերարտադրմամբ, սակայն, միաժամանակ, արտաքին աշխարհի և փաբային տարածության հակադրությամբ պայմանավորված՝ փաբային տարածության ձևավորմանը զուգահեռ ի հայտ են գալիս ներառական պրակտիկաներ, որոնցից է չիրացված պահանջմունքների բավարարումը, արտաքին միջավայրում բացառվածության կոմպենսացումը և արտաքին վտանգների չեզոքացումը: Երևանի փաբերը տիպիկ օրինակ են քաղաքային հետերո-անցումային տարածությունների, ուր պրակտիկորեն հնարավոր է դառնում քաղաքի ուտոպիական կերպարի իրագործումը: Այստեղ է, որ անհրաժեշտ է փնտրել քաղաքաբնակի փնտրած իրականությունը և ուրվագծել «ցանկալի քաղաքի» հնարավորությունները:

Ամփոփելով հարկ է նկատել, որ քաղաքը յուրատեսակ հարաբերությունների մեջ ներառված անհատների/խմբերի իրական գործունեության արդյունք է` հասարակության կառուցվածքը արտացոլող հայելի, միաժամանակ` անհատական/խմբային սուբյեկտիվության նախապայման: Համապատասխանաբար, քաղաքային տարածության հետազոտություններն ունեն ախտորոշիչ բնույթ, իսկ տարածության ձևավորման ռազմավարությունները կարիք ունեն քաղաքային «իդեալի», գաղափարախոսական հենքի հստակեցման:

Դիտեք նաև՝

Search