Play Video

Ես իմ իննամյա փորձով մայրիկ, ով երեխայի հետ ապրել է Երևանում և Նյու Յորքում, և մասնագետ, ով այժմ զբաղվում է երեխաների հետ կապված հարցերով, փորձել եմ ուսումնասիրել, համեմատել և գնտել, թե որն է այն քաղաքը, որտեղ կուզեի, որ ապրեն երեխաները։

Նախ նշեմ, թե ինչու է կարևոր երեխաների մասին խոսելը քաղաքի մասին ծոսելիս։ Երեխաներին հեշտ է անտեսել, քանի որ նրանք ի սկզբանե մեծ կախվածություն ունեն մեծահասակներից, և նրանց կարծիքը հազվադեպ է հաշվի առնվում քաղաքական պրոցեսներում։ Միաժամանակ, երեխաներն անհատներ են, որոնց վրա տեղի ունեցող պրոցեսների և որոշումների ազդեցությունն ու հետևանքներն ավելի մեծ են, քան մեծահասակների վրա, և ում առողջ ու լիարժեք զարգացումը կենսական է հասարակության ապագա բարեկեցության համար։ Երեխաներին անտեսելու գինը շատ թանկ է հասարակության համար, քանի որ նրանց վաղ փորձը նշանակալի ազդեցություն է ունենում նրանց հետագա զարգացման վրա, և պայմանավորում է նրանց հետագա դերն ու ներդրումը հասարակությունում։

Եվ այսպես ինչպե՞ս են երեխաներն ապրում քաղաքում։ Ավելի փոքր տարիքում նրանք ապրում են շատ կախված իրենց ծնողներից, և ծնողներն են հմնականում տեսնում բարդությունները, ինչպես ավտոտնակներին տանուլ տված խաղահրապարակներն ու խաղադաշտերը, սրճարաններին տանուլ տված կանաչ հանրային տարածքները, մասնավոր տներին ու բիզնեսներին տանուլ տված կամ էլ սայլակներին չհարմարեցված մայթերն ու անհայտ չափանիշներով կառուցված անհարմար թեքահարթակներն ու սայլակներով տրանսպորտից օգտվելու անհնարինությունը։ Գոնե այսպես է սկսվում երեխայի կյանքը մեր քաղաքում։ Նյու Յորքում էլ ամեն ինչ հեշտ ու հարմարեցված չէր, իհարկե, բայց գոնե կային որոշակի քաղաքաշինական չափանիշներ, որոնք ապահովվել էին տարբեր ձևերով՝ սայլակներին հարմարեցված մայթերի առկայություն, վերելակներով զինված մետրոյի կայարաններ (թեև՝ ոչ բոլորը), բարեկեցիկ բնակելի թաղամասերում միջինում 10 րոպե բնակության վայրից հեռավորության վրա առկա խաղահրապարակներ ու խաղադաշտեր, որոնք հանրային են և ունեն բացվելու և փակվելու ժամեր, որտեղ առանձնացված են կենդանիների համար նախատեսված տեղերն ու որոնց մաքրությունն ու սարքինությունն ապահովում է տարբեր միջոցներով։ Թեև այսօր Նյու Յորքում կան 5400-ից ավելի խաղահրապարակներ, որոնց մի զգալի մասը կից է դպրոցներին, բայց համարվում է հանրային օգտագործման տարածք, այնուամենայնիվ քաղաքի ավելի ցածր եկամուտներով թաղամասերի 73%-ը չի համապատասխանում քաղաքային ստանդարտին, ըստ որի յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով պետք է ապահովվի 10.000 մ2 «պարկային» տարածք, բայց կա ռազմավարություն այդ խնդիրը լուծելու վերաբերյալ։ Բացի խաղահրապարակի առկայությունից, նաև կան խաղահրապարակի զինման չափանիշներ, որոնք պետք է լինեն անվտանգ, հնարավորինս հարմերցված և առանձին տարածքներ լինեն տարբեր տարիքային խմբերի երեխաների համար, ինչպես նաև՝ համապատասխանեն անվտանգության և բնապահպանական նորմերին։ Մի կարևոր խնդիր է նաև առկա հանրային տարածքների հարմարեցվածությունը հատուկ կարիքներով երեխաների։ Այստեղ կան ինչպես ֆիզիկական ենթակառույցները հարմարեցնելու, այնպես էլ՝ մշակութային և մարդկային խնդիրներ ու գործոններ։

Երեխայի մեծանալուն զուգընթաց շատանում և բարդանում են նաև նրանց խնդիրները քաղաքում։ Կարիք է առաջանում ընտրել դպրոց, գտնել համապատասխան զարգացման վայրեր և զբաղմունքներ երեխայի համար, որոնք ցանկալի է, որ լինեն ոչ շատ մեծ հեռավորության վրա, այսինքն հասանելի և մատչելի տարբեր կարիքներով և կարողություններով երեխաների համար։ Այս առումով դժվար է համեմատել Երևանն ու Նյու Յորքը, քանի որ խոսում ենք տարբեր մասշտաբների մասին, բայց եթե Նյու Յորքում կար դրանց մեծ բազազանություն և լայն ընտրություն, ապա Երևանում դրանք՝ ընդհանուր առմամբ ավելի մատչելի են, թեև իհարկե ոչ բոլորի համար, մյուս կողմից Նյու Յորքում կային հատուկ հանրային ծրագրեր և հնարավորություններ ավելի սոցիալապես անապահով ընտանիքների համար, թեև դրանք նախ բավարար չէին քաղաքի անապահով բնակիչներին, և երկրորդն էլ՝ ցրված էին և ոչ հեշտությամբ հասանելի բոլորի համար։ Նյու Յորքում կար նման ծառայությունների ցրվածության և հեռավորության խնդիրը ևս, ինչը Երևանում՝ որպես ավելի փոքր քաղաք և մի քիչ էլ շնորհիվ Սովետական ժառանգության ավելի քիչ խնդրահարույց է։ Սակայն Երևանում մեծ խնդիր է դրանց հասանելիությունը հատուկ կարիքներով երեխաների համար և դրանց մատչելիությունը անապահով ընտանիքների երեխաների համար։

Մշակութային կյանքի առումով հազիվ թե արժե համամետվել Նյու Յորքի հետ։ Էնտեղ կյանքը եռում էր, և թեև հիմնական աղմուկ հանած միջոցառումների մեծ մասը հասանելի չէին ոչ միայն անապահով, այլ նաև միջին դասի ընտանիքների համար, այնուամենայնիվ կային ավելի փոքրամասշտաբ և տարբերվող որակի, բայց շատ ավելի մատչելի կամ երբեմն էլ անվճար միջոցառումներ։ Մնում էր հասնել դրանց զբաղված քաղաքի աննկարագրելի արագ ռիթմի ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմի ու մեծ տարածությունների, ինչպես նաև ոչ ամենալավ և չուշացող տրանսպորտի համակարգ ունենալու պայմաններում։ Կարևոր է նաև նշել, որ այդ միջոցառումները կազմակերվում են ոչ միայն քաղաքային իշխանության կողմից, այլ հաճախ՝ տարբեր բարեգործական կամ մասնավոր կառույցների կողմից։ Նաև Նյու յորքում կային հատուկ երեխաների համար միջոցառումների օնլայն ուղեցույցներ, որոնք հիմնականում մասնավոր կամ հանրային հիմքով անհատների ու առանձին կառույցների նախաձեռնություններ էին, որոնք օգնում էին ինֆորմացիայի տարածման ու մատչելիության հարցում։

Այս ամենը շատ կարևոր են, և անպայման պետք է հաշվի առնվեն քաղաքաշինության կամ քաղաքային պլանավորման ժամանակ, ինչպես նաև՝ քաղաքի մշակութային կյանքը կազմակերպելիս։ Սակայն Երեխաներին հարմարեցված քաղաք լինելն ավելին է քան հասանելի ու մատչելի հանրային տարածքները, խաղալու ու ժամանցի վայրերն ու երեխաներին հաշվի առնելով կազմակերված սոցիալական ու մշակութային կյանքը։ 1996 թվականից սկսած ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել է «Երեխաներին հարմարեցված քաղաքներ» նախաձեռնությունը, որը ժամանակի ընթացքում ընդլայնվել ու այժմ շատ երկրներում ընդգրկում է բոլոր համայնքները։ Ավելի քան 30 երկրներ այօր միացել են այս նախաձեռնությանը և այնտեղ որոշ համայնքեր՝ համապատասխանելով որոշակի չափանիշների ճանաչվում են «Երեխաներին հարմարեցված համայնք»։ Այդ չափանիշներն են՝

  • Երեխաների պաշտպանվածությունը շահագործումից և բռնությունից,
  • Կյանքի առաջին օրերից որակյալ առողջապահության և հոգատար միջավայրի առկայություն երեխաների համար,
  • Որակյալ և հասանելի սոցիալական ծառայություններ,
  • Որակյալ, ներառական և մասնակցային կրթության և հմտությունների զարգացման հնարավորություններ,
  • Երեխաների մասնակցություն իրենց վերաբերող որոշումների կայացմանը,
  • Երեխաների համար ընտանեկան, մշակութային, համայնքային և սոցիալական կյանքին մասնակցելու հնարավորություններ,
  • Ապահով, անվտանգ և մաքուր միջավայր և բավարար կանաչ տարածքներ,
  • Խաղի և ժամանցի համար նախատեսված բավարար հանրային տարածքների առկայություն,
  • Այս ամենի ապահովում բոլոր երեխաների համար անկախ նրանց հնարավորություններից, կարողություններից, եկամտից և այլ տարբերություններից։

Մի խոսքով երեխաներին հարմարեցված քաղաքն այն է, որտեղ երեխայի բոլոր իրավունքներն պաշտպանված են և կան դրանց իրացման համար անհրաժեշտ և բավարար հնարավորություններ։ Դրանք քաղաքներն են, որտեղ կան երեխային առողջ, ապահով ու որակյալ կյանք ապահովող բոլոր ծառայությունները, որ հարմարեցված են երեխաներին, ապահով ու մաքուր միջավայր, կանաչ տարածքներ, խաղալու համար նախատեսված հանրային տարածքներ, զարգացման հնարավորություններ և արդար միջավայր, որտեղ որևէ երեխա զրկված չէ դրանցից անկախ իր կարողություններից ու եկամտից։ Կարևոր է նաև երեխաների կարիքները հաշվի առնելով պլանավորված բյուջեն, քանի որ որևէ նախագիծ կյանքի չի կարող կոչվել, եթե չլինեն համապատասխան ֆինանսական և մարդկային ռեսուրսներ։

Տեխնոլոգիայի և նորարարության այս ժամանակաշրջանում կան բազմաթիվ հնարավորություններ նոր լուծումներ տալու հին խնդիրներին, և հաճախ հենց երեխաները կարող են մեզ օգնել էդ հարցում իրենց նոր, ճկուն և սահմաններ ու սահմանափակումներ չճանաչող մտածողությամբ։

Երեխաներին ավելի հարմարեցված Երևան և երկիր ունենալու համար շատ խնդիրներ ունենք լուծելու, ինչի համար պետք է սկսենք հենց այսօր խոսել այդ խնդիրների մասին և համատեղ գտնել լուծումներ։

Դիտեք նաև՝

Search