Երևանն ունի 21 մեծ և փոքր գերեզմանատուն, որոնք զբաղեցնում են քաղաքի տարածքի մոտ 5 %-ը և որոնք դարձել են քաղաքային լանդշաֆտի անբաժանելի մասը։ Այդ գերեզմաններից շատերն այսօր այն աստիճան են ընդլայնվել, որ հաճախ «ընկերակցում» են բնակելի տների՝ խախտելով մահացածների և կենդանիների սիմվոլիկ բաժանումը։ Գերեզմանոցային տարածքի այս հետզհետե ընդլայնումը կասեցնող կամ գոնե մեղմող որևէ մեխանիզմ, ըստ էության, չկա, ինչը բավականին խնդրահարույց է։
Սկսած 1990-ականներից, երբ երկրում աստիճանաբար հաստատվեց կապիտալիստական ազատ շուկա, գերեզմանոցները ստացան մինչև այդ չտեսնված բազմազանություն և բազմապիսություն, իսկ մարդիկ էլ ավելի ընդլայնեցին մահացածների համար նախատեսված տարածքները։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային (առավելապես արևմտյան երկրների) փորձը, նման դեպքերում պետությունը ջանում է կարգավորել մեծացող գերեզմանոցների խնդիրները՝ ներդնելով որոշակի մեխանիզմներ։
Զեկուցման նպատակն էր վեր հանել գերեզմանոցային տարածքի հետ կապված խնդիրները և առաջարկել լուծման տարբերակներ, որոնք բաժանվեցին հիմնականում 4 խմբերի՝
1. Բոլոր գերեզմանաքարերի համար մտցնել ստանդարտ, ինչպես դա արվել է Միացյալ նահանգներնում։
2. Թաղումները կազմակերպել այնպես, որպեսզի նախատեսված տարածքը օգտագործվի առավել էֆեկտիվ, օրինակ՝ թաղել կանգնեցված դիրքով կամ իրար վրա թաղել մի քանի դագաղներ։
3. Կարգավորել գերեզմանոցային տարածքի սեփականաշնորհումը և մտցնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հին և չխնամվող գերեզմանները փոխարինել նորերով։
4. Ներդնել դիակիզման պրակտիկա, որի պարագայում հանգուցյալի մարմնից կմնա միայն մոխիրը և այն կտեղադրվի աճյունասափորի մեջ։