Ֆիզիկա գիտությունը հազարամյակների միջով բավականին ծանր ճանապարհ է անցնել մինչև բնության օրինաչափությունները սահմանող օրենքների ձևակերպումը։ Չափազանց դժվար է խոսել ֆիզիկայի մասին առանց բանաձևերի, անիմացիաների, գրաֆիկական պատկերների։ Ի վերջո, ֆիզիկայի հզորությունը կայանում է նրանում, որ ժամանակի ընթացքում ֆիզիկոսներին հաջողվեց կիրառել նաև մաթեմատիկական հնարքներ, ինչը թույլ տվեց կանխատեսելիության բավականին մեծ տոկոս մտցնել ֆիզիկական երևույթները նկարագրելու հարցում։ Սակայն երկար ժամանակ ֆիզիկան համարվել է զուտ փիլիսոփայության մի մաս։ Հարց է ծագում․ ո՞րն է ֆիզիկայի` որպես առանձին գիտության սկիզբը։
«Ֆիզիս» բառն առաջին անգամ օգտագործել է Արիստոտելը։ Կա գիտնականների, փիլիսոփաների պատմաբանների մի ստվար զանգված, որը հենց Արիստոտելին է առաջին ֆիզիկոս համարում։ Նա մի գիտնական էր, որը փորձում էր հասկանալ տիեզերքի և մարդկային քաղաքակրթության գլոբալ պատկերը, թե ինչպես է մարդն ընկալում շրջակա միջավայրը, ինչպիսի կապ կա մարդու և տիեզերքի միջև։
Արիստոտելի կողմից շոշափվող խնդիրները շատ լայն բնույթի էին․ նա դետալների մեջ չէր խորանում։ Մինչդեռ Արքիմեդն իր ուսումնասիրությունները սկսում է՝ կենտրոնանալով կոնկրետ խնդիրների վրա։ Հետևողական ֆիզիկական երևույթների խորը հետազոտությունը սկսվում է հենց Արքիմեդից, երբ նա սկսում է ուսումնասիրել լծակների խնդիրը, մարմինների լողման պայմանը (էվրիկա)։ Նա ըստ էության առաջինն էր, ով կարողացավ ֆիզիկական երևույթներին մոտեցնել մաթեմատիկական նկարագրության տարրը։
Սակայն հարց է ծագում․ արդյո՞ք դա էր սկիզբը։ Եգիպտական բուրգերի գոյությունը փաստում է նրա մասին, որ եգիպտացիներն ունեին հստակ գիտելիքներ լծակների ու ճախարակների մասին, այսինքն՝ նրանք արդեն իսկ տիրապետում էին որոշակի մաթեմատիկական հմտությունների։ Բացի այդ, նրանք ինտուիտիվ մակարդակի վրա հասկանում էին, թե ինչ էություն ունի ձգողականության ուժը, քանի որ կարողանում էին թեք հարթությամբ մարմիններ բարձրացնել։ Բաբելոնյան կավե աղյուսակների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բաբելոնցիներին հաջողվել էր ճիշտ հաշվարկել երկնակամարում շարժվող Յուպիտերի հետաձիգը, ինչը ենթադրում է, որ Բաբելոնյան քաղաքակրթությունը չափազանց զարգացած մաթեմատիկայի էր տիրապետում։