Իսահակ Նյուտոնի 3 օրենքների ձևակերպումն ըստ էության ստեղծեց այն հենքը, որի վրա սկսեց զարգանալ մասնավորապես դասական մեխանիկան: Այն գաղափարները, որոնք հետագայում բերեցին 3 հիմնարար օրենքների` էներգիայի պահպանման, իմպուլսի պահպանման և իմպուլսի մոմենտի պահպանման օրենքների ձևակերպմանը, բխում էին հենց Նյուտոնի աշխատանքներից:
Նյուտոնի առաջին օրենքի ամենատարածված ձևակերպումը վերաբերում է այն համակարգերին, որոնցում եթե մարմինների վրա ազդեցությունները բացակայում են կամ կոմպենսացվում են, այդ մարմինները իներցիայիով շարժում են կատարում, այսինքն` կամ դադարի վիճակում են, կամ շարժվում են ուղղագիծ և հավասարաչափ: Սակայն ֆիզիկայի` որպես գիտության զարգացմանը զուգահեռ սկսեցին խորքային նշանակություն տալ տարածության և ժամանակի հետևյալ հատկություններին`
- Ժամանակի համասեռություն. միանման պայմանների պարագայում փորձից ստացված արդյունքները նույնն են` անկախ նրանից, թե երբ է այն կատարվել:
- Տարածության համասեռություն. միանման պայմանների պարագայում փորձից ստացված արդյունքները նույնն են` անկախ նրանից, թե տարածության մեջ որ կետում է այն կատարվել:
- Տարածության իզոտրոպություն. միանման պայմանների պարագայում փորձից ստացված արդյունքները նույնն են` անկախ նրանից, թե որ ուղղությամբ է այն կատարվել:
Այս փորձերը դիտարկվում են ոչ եթե երկրագնդի վրա առկա պայմաններում, այլ իներցիալ համակարգում, որտեղ որևիցե ուժային կենտրոններ գոյություն չունեն: Ուստի կարելի է սահմանել, որ այն համակարգերը, որոնց նկատմամբ տարածությունը իզոտրոպ է և համասեռ, իսկ ժամանակը` համասեռ, անվանվում են իներցիալ համակարգ: Հետևաբար իներցիայի օրենքը ճիշտ է միայն այն համակարգերում, որտեղ տարածությունը և ժամանակը օժտված են վերոնշյալ հատկություններով: 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին շատ ֆիզիկոսներ սկսեցին հասկանալ մի շատ կարևոր հանգամանք, որ բնության մեջ գոյություն ունեցող պահպանման օրենքները սերտորեն կապված են համաչափությունների (սիմետրիաների) հետ: Սա ձևակերպվեց Էմմի Նյոթերի թեորեմում: Պարզվեց` էներգիայի պահպանման օրենքը պայմանավորված է ժամանակի համասեռությամբ, իմպուլսի պահպանման օրենքը` տարածության համասեռությամբ, իսկ իմպուլսի մոմենտի պահպանման օրենքը` տարածության իզոտրոպությամբ:
Այս 3 օրենքներն այսօր կարևորագույն դեր են խաղում ողջ ֆիզիկայում, և կիրառական խնդիրներ լուծելիս միշտ պետք է դրանք հաշվի առնել: Հետագայում ձևակերպվեց նաև էներգիայի պահպանման օրենքն ընդհանուր` ինչպես մեխանիկական, այնպես էլ ջերմային և էլեկտրական երևույթների նկատմամբ, և պարզվեց, որ էներգիան ոչ միայն պահանվում է, այլ նաև կարող է փոխակերպվել` մի ձևից անցնելով մեկ այլ ձևի. Ջեյմս Ջոուլը ձևակերպեց էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը: Այդ օրենքը հիմնարար նշանակություն ունի, սակայն էներգիայի գաղափարի վերաիմաստավորումը հնարավոր եղավ իրականացնել միայն Պուանկարեի, Լորենցի, Էյնշտեյնի աշխատանքներից հետո, երբ ներմուծվեցին հանգստի և շարժման էներգիայի գաղափարները, և ըստ էության լրիվ այլ անկյան ներքո սկսեցին մոտենալ նյութի, դաշտի գաղափարներին, ինչի արդյունքում ծնվեց նոր ֆիզիկան: