Play Video
Կիբեռանվտանգություն | Ալբերտ Ներզեթյան

Եթե 30 տարի առաջ խոշորագույն 10 կազմակերպությունները բնական հանածոների շահագործման վրա հիմնված կազմակերպություններ էին, ապա 2021 թվականին խոշորագույն 10-ից 8-ը թվային տեխնոլոգիաների կազմակերպություններ են՝ Ամազոն, Տեսլա և այլն։ Ակնհայտ է, որ վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաները ներթափանցել են կյանքի բոլոր բնագավառներ` ստեղծելով թե՛ նոր հնարավորություններ, թե՛ նոր խոցելիություններ:

Կիբեռհանցավորությունը սկսեց աճ գրանցել թվայնացմանը զուգահեռ, և 2021 թվականի տվյալներով` դրա պատճառած վնասը միջազգային տնտեսությանը կազմեց մոտ 6 տրիլիոն դոլար։ Ակնկալվում է, որ կիբեռհանցագործությունը համաշխարհային տնտեսությանը մինչև 2025 թվականը կպատճառի 10 տրիլիոն դոլարի վնաս, և այս պատճառած վնասն է ստիպում պետություններին ազգային անվտանգության ապահովման գործընթացներում կարևորել կիբեռանվտանգության դերը։ Արևմտյան երկրների հրապարակած ռիսկերի չափման մեթոդաբանություններում չափանիշները գրեթե նույնն են՝

  • մարդկային կորուստ, 
  • տարածքային ամբողջականություն,
  • տնտեսությանը պատճառած վնասներ,
  • կարևոր ենթակառուցվածքի բնականոն գործունեության խափանում, 
  • բնապահպանական վնասներ։

Կարևոր է սահմանել տեղեկատվական անվտանգություն և կիբեռանվտանգություն եզրույթները, քանի որ պետություններում տերմինների ընկալումների տարբերությունները էական են և կարող են տարաձայնություններ առաջացնել։

ԱՄՆ-ում, եվրոպական պետություններում կամ ՆԱՏՕ-ի անդամ պետություններում կիրառելի է անվտանգություն եզրույթը. դեռ 2003 թվականի ԱՄՆ ազգային կիբեռանվտանգության առաջին ռազմավարությունում կիբեռանվտանգությունը ընկալվում էր որպես տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների անվտանգությանն ուղղված միջոցների համախումբ։ 2000 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով ընդունված տեղեկատվական անվտանգության հայեցակարգում այն ընկալվում է ավելի լայն․ ունի երկու բաղադրիչ՝ կիբեռանվտանգություն և բովանդակություն։ Այսօր Ռոսկոմնադզորը լիազոր և իրավասու է վերահսկելու այն բովանդակությունը, որը հրապարակվում է Ռուսաստանի համացանցում, և կարող է դիտարկել այս կամ այն բովանդակությունը որպես ազգային անվտանգության սպառնալիք և փակել կայքը։ Մոտավոր նույն պատկերն է Չինաստանում։

Հայաստանում այս ոլորտում համակարգային մոտեցում սկսեց ձևավորվել 2009 թվականին։ 2020 թվականին Ազգային անվտանգության ռազմավարությունում արդեն նախատեսվեց առանձին գլուխ տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության վերաբերյալ։

Դիտեք նաև՝

Search