Ֆիզիկան, որպես գիտություն, սկիզբ է առնում հենց դասական մեխանիկայից։ Ըստ էության այն գաղափարները, որոնք ներմուծվեցին դասական մեխանիկայի հիմնական սկզբունքները բացատրելու համար, կրում էին ոչ միայն զուտ ֆիզիկական, այլև խորը փիլիսոփայական իմաստ։ Դասական մեխանիկայի հիմնական ձեռքբերումներն են․
- Նախևառաջ գիտնականները սկսեցին մտածել հետևյալ կարևորագույն հարցերի շուրջ՝ ի՞նչ է տարածությունը, ի՞նչ է ժամանակը, ինչպե՞ս մենք պետք է ընկալենք այդ կարևորագույն գաղափարները, որոնք թույլ են տալիս նկարագրել մեզ շրջապատող ֆիզիկական աշխարհը, և ամենակարևորը՝ ինչպիսի՞ գործիքակազմ է անհրաժեշտ՝ մեխանիկական երևույթները ներկայացնելու և լիովին նկարագրելու համար։
- Ներմուծվեց շարժման գաղափարը․ Գալիլեյի հանճարեղ հետազոտությունների արդյունքում տարբերակվեցին հավասարաչափ ուղղագիծ և փոփոխական արագությամբ շարժումները, ինչն էլ հանգեցրեց իներցիայի օրենքի ձևակերպմանը։
- Ձևակերպվեց շարժումը նկարագրելու կարևորագույն սկզբունքը՝ հաշվարկի համակարգի ընտրությունը։
- Զանգվածի՝ մարմնի իներտության չափը բնութագրող մեծության ձևակերպումը, ինչն ուներ սկզբունքային նշանակություն հատկապես ձգողականության օրենքում։
- Իներցիալ համակարգը՝ որպես նյութական կետի նկարագրման ամենահարմար համակարգ։
- Գալիլեյի հարաբերականության սկզբունքը՝ ժամանակը, զանգվածը և տարածության հատկությունները չեն փոխվում մեկ համակարգից մյուսն անցնելիս։ Այլ կերպ ասած՝ հավասարումների համարժեքություն հաշվարկի տարբեր համակարգերում։
- Նյուտոնի երեք օրենքները, ինչպես նաև դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի ստեղծումը (Լայբնիցին զուգահեռ)․ Նյուտոնը մեծ դեր խաղաց ֆիզիկայի մաթեմատիզացման պրոցեսում։
- էներգիայի պահպանման, իմպուլսի պահպանման և իմպուլսի մոմենտի պահպանման օրենքների ձևակերպումը։
- Ոչ նյութական կետերի հետ կապված խնդիրների ուսումնասիրումը. նյութական կետի համար ներմուծված գաղափարների ընդլայնում և նոր մեծությունների ներմուծում՝ հաշվի առնելով մարմինների չափերը և երկրաչափական ձևերը։
Արդյունքում այդ ամենը հանգեցրեց մի կարևորագույն ոլորտի՝ անալիտիկ մեխանիկայի ձևավորմանը, որի շրջանակներում դիտարկվում էին մի կողմից՝ կինետիկ, մյուս կողմից՝ դինամիկ խնդիրները, և որն ունի մեծ կիրառական նշանակություն նույնիսկ այսօր, մասնավորապես՝ տիեզերանավերի շարժումները, ստատիկայի ու առհասարակ տեխնիկական ֆիզիկայի հետ կապված տարատեսակ խնդիրները դիտարկելիս։