Գրաքննությունը արդիությանը բնորոշ երեւույթ է եւ մասն է կազմում ուժեղ ու ամբողջական իշխանական միավոր կայացնելու քաղաքական հանձնառության: Այն գործուն երեւույթ է այն հասարակություններում, որտեղ սահմանափակված են մարդու հիմնարար իրավունքները, մասնավորաբար` ազատ խոսքի իրավունքը:
Ծաղկում ապրելով հատկապես տոտալիտար համակարգերում` գրաքննությունը գաղափարների ու ցանկությունների միտարրացմամբ մշակում է վերահսկողական բարդ մեխանիզմներ: Վերջիններս ձեւավորվում են ինչպես իշխանության կողմից գործադրվող ուղղակի արգելքներով ու սահմանափակումներով, ասենք` որոշ թեմաների, բառերի ու եզրույթների գործածության արգելքով, այնպես էլ խոսող սուբյեկտի կողմից ինքնա-վերահսկողությամբ: Երկու դեպքում էլ իշխանությունն ինքն է, որ մշակում ու գործադրում է վերահսկողական բարդ եւ նուրբ մեխանիզմներ: Մեր հիմնական դիտարկումն այն է, որ գրական գործերը եւ խոսելու արարքը ինքնաբեր իրողություններ եւ գործողություններ չեն. դրանք ձեւավորվում են քաղաքական ու հանրային կյանքի լարումներում, հետեւաբար ինչպես գրաքննությունը, այնպես էլ դրան հակազդելու ռազմավարությունները մշակվում են հենց այդ լարումներում: Զեկուցման մեջ քննության են առնվում լռություն պարտադրելու եւ դրան հակազդելու ռազմավարությունները եւ ձեւերը Խորհրդային Միության օրինակով` նկատի առնելով այս հակադրությունն իր պատմական զարգացման մեջ:
Բոլշեւիկյան հեղափոխության հաղթանակից հետո 1920-ական թթ. գործող հիմնական օրակարգը ճնշվածներին եւ անտեսվածներին հանրային կյանքի գործուն սուբյեկտներ նկատելն էր: Լենինն ինքը, այս հարցի ջատագովն էր: Այս թվականների մամուլին հետեւելիս կարելի տեսնել, որ այն իր էջերը լայնորեն բացում է բանվորների ու գյուղացիների առջեւ: Վերջիններս հանրային կյանքի մեջ մտնում եւ դրան մասնակից են դառնում նաեւ իրենց առօրյան ներկայացնող գրություններով: Այս գրությունների «գեղարվեստական արժեքը» չէ, որ կարեւոր է այս խոսակցության կոնտեքստում, այլ այն, որ հանրային կյանքի նոր օրակարգով փոխվում են գրականության ըմբռնման սահմանները: Աշխատանքին կպած նոր-նոր գրագիտություն ձեռք բերող այս մարդկանց գրությունները հաճախ ճառագում են կյանքի հանդեպ խանդավառությամբ ու հույսով: Ահա նման մի օրինակ.
Իմ տոնն է այսօր, բանվորիս տոնը,
Իմ ջղուտ ձեռքի, քրտինքի գնով`
Դարերի ճնշող, բռնակալ լուծը
Ես թոթափեցի իմ Հոկտեմբերով:
Արյան գետերով, անթիվ զոհերով
Ես մարտնչեցի – հասա այս օրին,
Անողոք կռվում հրաշեկ մուրճով
Ես ջախջախեցի մեկեն վիշապին,
Եվ այս ազատ, հաղթական քայլով
Փողոց դուրս եկած իմ երգն եմ երգում
Սեփական կամքի իմ աշխատանքով
Մայիսյան տոնը կատարում:
Իմ տոնն է այսօր
Ցնծում է հոգիս,
Արեւը բոսոր
Ժպտում բանվորիս: (Հավլաբարցի)
Հեղափոխության ընդհանուր ազատագրող թափի մեջ երեւան եկող այս սուբյեկտը արմատապես տարբերվում է ռոմանտիկական պատկերացումներում հանդիպող մտավորական սուբյեկտից: Եթե վերջինս հանդես էր գալիս իբրեւ հավաքականության ձայնը, ապա այս մեկը հատկանշվում է ինքն իրեն ներկայացնելով: Ուշագրավ է այն, որ գործելն ու աշխատանքը պարզապես թեմաներ չեն այստեղ. դրանք սերտորեն հարաբերված են խոսքին եւ խոսելուն:
1930-ական թթ. փոխվում է գրականության օրակարգը: Մամուլի էջերում սկսում են պակասել բանվորների ու գյուղացիների գործերը: Մամուլում հանդիպող թեմաները շարունակում են մնալ նույնը` աշխատանք, երկրի շինարարություն, սակայն դրանք հանդես են գալիս այլ շեշտադրումով: Կարծես թե ձեւավորվում է ընդհանուր մի ոճ` ընդհանրացումների գնացող եւ աշխատավորի անունից հանդես եկող: Ահա նման ոճի մի օրինակ.
«Շարունակւում է աշխարհի ամենադեմոկրատական պառլամենտի – ԽՍՀՄ Գերագուն Խորհրդի առաջին գումարման 2-րդ Սեսիայի աշխատանքները։ Խորհրդային անպարտելի ժողովրդի դեպուտատները, ստեղծագործական աշխատանքի մեծագույն վարպետները[,] մեր լայնածավալ հայրենիքի դաշտերի, հանքերի ու գործարանների հերոսները, պանծալի կարմիր բանակայինները, խորհրդային ինտելիգենցիայի լավագույն ներկայացուցիչները, ստալինյան մեծագույն պարզությամբ ու իմաստությամբ քննարկում են տնտեսական ու քաղաքական խնդիրներ։ (…)
Բուրժուական դեմոկրատիայի երկրներում քաղցի եւ գործազրկության են մատնված արվեստագետները, անընդհատ աճում է ժողովրդական մասսաների աղքատությունը, ընկնում է ժողովրդի գնող ունակությունը։ Հանճարեղ գործերը հրատարակվում են չնչին տիրաժով, ժողովուրդը զրկված է այդ գրքերը գնելու հնարավորությունից։ (…) Խորհրդային դեմոկրատիան ստեղծել է անսահման հնարավորություններ արվեստի եւ գրականության զարգացման համար. խորհրդային գրականությունը ամենաառաջավորն է մարդկության ստեղծած գրական կուլտուրայի մեջ, որովհետեւ այն հագեցած է սոցիալիզմի իդեայով, անմահ ժողովրդի ցանկություններով ու ձգտումներով»: («Ամենադեմոկրատական գրականությունը», առաջնորդող, «Գրական թերթ», 22 օգոստոս 1938)
Համընդհանրական մեկ իդեալի հմայվածությամբ տեղի է ունենում թեմաների միատարրացում: Այստեղ ուշագրավն այն է, որ խորհրդային մարդը պոկվել է կարծես մասսաներից, վեր է բարձրացել նրանից, եւ իր անկասելի թափի մեջ չի ճանաչում աշխարհն իբրեւ մրցակից: Նույնիսկ այն դեպքում, եթե գրությունը ստորագրողը բանվոր է կամ գյուղացի, տեքստն ինքը ապահովում է պարզապես վերջինիս ներկայացուցչականությունը: Թեմաների ու ոճերի այս միօրինակացումը շարունակվում է նաեւ հետագա երկու տասնամյակներում, երբ խորհրդային մամուլի էջերը փակ են մնում խորհրդային հասարակության մեջ ծնունդ առած կամ Խորհրդային Միության մաս կազմող տարբեր հանրապետություններում ազգային կամ հանրային բազմաթիվ խնդիրները քննարկող գրությունների առջեւ:
1950-ական թթ. վերջերին եւ 1960-ական թթ. սկզբներին խորուշչեւյան ձնհալի շրջանում մեղմացված սահմանափակումները հնարավոր են դարձնում որոշ թեմաների շուրջ խոսակցությունները: Այս խոսակցության կոնտեքստում մեզ հետաքրքրում է երկու երեւույթ` 1960-ական թթ. գործող խմբագիրների ինստիտուտը եւ սրան իբրեւ հակադրություն ձեւավորված զուտ խորհրդային ‘սամիզդատ’ երեւույթը:
Խմբագիրները 1960-ական թթ. եւ հետո խորհրդային գաղափարական դաշտի ձեւավորման մեջ ակտիվորեն ներգրավված մարդիկ էին: Նրանք ընտրում եւ առաջարկում էին գրականություն, նրանք խմբագրում էին տեքստեր ըստ որոշակի պատկերացումների, նրանք գաղափարական դաշտի մշակներն էին բառի ամենատեխնիկական իմաստով: Միանշանակ չէ այն, որ այս մարդիկ միշտ գործում էին արտաքին հրահանգներով. երբեմն նրանք գործում էին այսպես ասած «ներքին համոզումներից» ելնելով: Այս դիրքից իրականացված հայացքը տեքստերից բացառում էր այն, ինչ համարկելի չէր իրենց պատկերացումներին, կամ դրանք շրջում այնպես, որ տեղավորելի լիներ իր պատկերացումների մեջ: Ինքնա-վերահսկողությունն ահա գործում է այս մակարդակում:
Այս երեւույթին հակազդեցությամբ է ձեւավորվում ‘սամիզդատը’: Վերջինս ինքնավար գործունեություն իրականացնելու խորհրդային փորձերից մեկն է, երբ հեղինակն ինքն է ստանձնում մշակել տեքստի ստեղծման ու հանրայնացման բոլոր ձեւերը: «Ես ինքս գրում եմ դա, ինքս խմբագրում, ինքս գրաքննում, ինքս հրատարակում, տարածում ինքս եւ այդ պատճառով բանտ նստում ինքս»,- իր փորձը այսպես է ամբողջացնում խորհրդային դիսիդենտ Վլադիմիր Բուկովսկին: Փոքր տպաքանակով եւ հանրայնացման ընդունված ձեւերը մերժող այս գործունեությունն ինքնագործունեություն է բառիս բովանդակ իմաստով:
Թե խմբագիրները, թե սրանց հակազդեցությամբ ձեւավորված դիսիդենտները վերանայելով նախընթաց շրջանի քաղաքականությունները 1960-ական թթ. սկսած կայնքի են կոչում ու գործուն դարձնում մեկ այլ սուբյեկտ: Վերջինս ինքն իր միջոցներով իր կյանքը կազմակերպող սուբյեկտն է եւ հատկանշվում է նրանով, որ ողջ իր գործունեությամբ ու գործունությամբ ի հայտ է բերում ֆանտաստիկ մի փակվածություն, որն այնքան ամբողջական է, որ թույլ է տալիս մտածել, թե կատարյալ է: Այս սուբյեկտն իր տարակերպ դրսեւորումներն է ունենում մինչեւ 1980-ական թթ. վերջեր, մինչեւ Խորհրդային Միության ավարտը: