Play Video

Իշխանությունը, որպես օրենք, չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության, որն այս դեպքում հանդես է գալիս ինչպես իբրև իշխանության տրամախոհական հակառակորդ, այդպես և տրամախոհական երկվորյակ: Հարկավ, տվյալ հիմնախնդրի շուրջ հետաքրքրությունը հետազոտողներին զբաղեցնում է այն քաղաքական ավանդույթներում, որտեղ տեղի է ունենում իշխանության և ընդդիմության դժվարին երկխոսության մշտական իրագործում-բարելավումը: Բայց ոչ պակաս կարևոր է այդ երկուսի՝ իշխանության և ընդդիմության միջակայքում գտնվող «Դիմադրության իրավունք»-ի հղացք-հասկացությունը: Իրավական ավանդույթում դիմադրության իրավունքի հղացականացման փորձը կարելի է տեսնել բավականին հին ժամանակներում, մասնավորապես հետաքրքիր է չինական փորձառությունը մ.թ.ա. 11-րդ դարում:

Եթե սկզբնապես ավանդական ըմբռնման մեջ չկա ընդդեմ իշխանության ապստամբելու հնարավորությունը, ապա հընթացս ժամանակի այդ հնարավորությունն աստիճանաբար հղացականացվում է փիլիսոփայական-քաղաքական մտքի ներկայացուցիչների կողմից: Հայ միջնադարյան պատմությունից կարելի է առանձնացնել մասնավորապես Արիստակես Լաստիվերցուն, Սմբատ Գունդստաբլին և Վահրամ Րաբունուն (հարկավ, շատ ուրիշներին ևս կարելի է առանձնացնել, սակայն նախընտրում եմ այս երեքի ընձեռած հնարավորությունների սահմաներում իրականացնել դիմադրության իրավունքի տրամասությունը):

Միջնադարյան քաղաքական կյանքի հետազոտությունն  անքակտելիորեն կապված է արքայական իշխանության գործառույթավորման և կառավարողների ու հպատակների միջև սոցիալական երկխոսության առանձնահատկությունների հետ: Իսկ միջնադարյան հասարակությունը միմյանց հետ հատվող և միմյանց հյուսվող մտակեցվածքային կապերի ու կրոնական պատկերացումների ամբողջություն է:

Այս առումով ուշագրավ հետազոտություն է իրականացրել ֆրանսիացի պատմագետ Ժիլբեր Դագրոնն իր գրքում (Empereur et prêtre: Étude sur le «césaropapisme» byzantin), որի հիման վրա մենք առանձնացրել ենք արքայական իշխանության լեգիտիմության մի քանի շրջափուլ՝

  1. Արքայական հարստության ծագումն իբրև լեգիտիմության աղբյուր
  2. Դինաստիայի ժառանգականության լեգիտիմությունը
  3. Դինաստիայի հաջորդականության լեգիտմիությունը
  4. Արքայի հռչակումն ու թագադրությունը
  5. Ծիսականությունն ու հիշողությունը:

Ըստ այսմ՝ դիմադրության իրավունքը կարող է դրսևորվել վերոթվարկյալներից յուրաքանչյուրի դեպքում՝ իբրև ապասրբազնացման գործընթացն, որն էլ իր հերթին՝ իբրև Աստծո կամքի կամ դիմադրությաքն իրավունքի դրսևորում: Այլ կերպ ասած՝ լեգիտիմ հարկադրանքը կարող է վերաճել կամայականության՝ բռնադատության, այն է՝ օրենքով չթույլատրվող հարկադրանքի:

Այստեղ ուշագրավ է Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքում» ամրագրված հետևյալ օրենքը (76-րդ).

«Թագավորներն Աստծուց են նշանակվում, և Իսրայելում Աստված մարգարեների ձեռքով էր օծում թագավորներին: Օրենքը հրամայում է, որ այն թագավորները, որոնք Աստծուց են նշանակված, միայն Աստված էլ կարող է նրանց հեռացնել, նրանք լավ արքա լինեն, թե վատ:

Իսկ այն թագավորներին, որոնց մարդիկ են նշանակում, եթե նրանք պիղծ լինեն, այնպիսին, որ աշխարհը չկարողանա առաջնորդել, նրանց ողջ եկեղեցիով և երկրի բնակիչներով կարող են հեռացնել» (Ընդգծումներն իմն են՝ Ս.Հ.):

Ինչպես նաև՝ «Իսկ եթե իրենց աշխարհի փրկության համար իշխանները կամենան թագավորին խրատել կամ մահապատժի ենթարկել, [պիտի իմանան] որ իրավունք չունեն, որովհետև օրենքը հրամայում է, որ առանց մեկ այլ թագավորի և երկրի հայրապետի իշխաները չեն կարող թագավորին պատժել: Նաև երկրի ժողովուրդը պիտի հավան լինի այդ պատժին»:

Վերոասյալից ակնհայտ է, որ իշխանության կոչված անձինք, այդուամենայնիվ, իրենց քմահաճույքով չէ, որ պետք է կառավարեն, զի արքայական իշխանության հիմնական իմաստը Երկնքում հաստատված աստվածային կարգի պահպանումն է երկրի վրա կամ երկրային կարգուկանոնի համապատասխանեցումը երկնայինին: Հետևաբար ամենայն խախտում կամ չարաշահում արդեն իսկ դիտարկելի է իբրև հակաաստվածային գործողություն. «աստվածընտրյալ իշխանությունը» փոխակերպվում է «ոչ լեգիտիմ» իշխանության: Այլ կերպ ասած՝ իշխանավորները կարող են զրկվել իշխանությունից՝ աստվածահաստատ սկզբունքներից հեռանալու հետևանքով: Աստվածաշնչում հենց այդպես էլ բացատրվում Իսրայելի կործանումը. «Քանի որ դրանք թողեցին իմ օրենքը, որ դրել էի նրանց աչքի առաջ» (Երեմ. 9:13):

Այսու՝ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Պողոս առաքյալի նշանավոր ձևակերպումն անգամ («Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակի նրան, քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում» – Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին-13:1-2) բոլորովին այլ մեկնաբանություն է ստանում, ինչը տեսնում ենք Արիստակես Լաստիվերցու մոտ. «Իշխանի մասին չի ասում, այլ իշխանության, այսինքն աթոռի, որովհետև բոլոր իշխաներին Աստված չի կարգում»: Մի բան, որը նշանակում էր, թե «դիմադրության իրավունքը» ևս  կարող է «աստվածային բնույթ» կրել և փոխարինել «արքայական իրավունքին»:

Ավելի ուշ և այլ պայմաններում Միշել Ֆուկոն այսպես կձևակերպի.  

«Ոչ մի իշխանություն ի վիճակի չէ [դիմադրությունը] լիովին դարձնել անհնարին»:

Դիտեք նաև՝

Search