Play Video

Չնայած սառը պատերազմի շրջանի Արևելյան Եվրոպայի ավտորիտար ռեժիմների մի շարք հատկանիշներով մեկը մյուսին նմանությանը, այդ երկրներում կազմակերպված հակակոմունիստական քաղաքացիական դիմադրության արշավները, թեեւ վերջնական առումով հասել են միանման արդյունքի, սակայն ունեցել են տարբեր ուժգնություն, տեւողություն: Տարբեր են եղել նաեւ դիմադրություն կազմակերպողների սոցիալական կազմը, դիմադրության գործիքակազմը, հռչակված նպատակները եւ միջնաժամկետ արդյունքները։

Արեւելյան Եվրոպայում Լեհաստանն առաջինն էր, որտեղ տեղի ունեցավ քաղաքական ռեժիմի փոփոխություն: Այստեղ քաղաքացիական դիմադրության հիմնական  ձեւը գործադուլներն էին: 1988-ի գործադուլների հերթական ուժգին ալիքին ի պատասխան, որոշ ժամանակ դիմադրելուց հետո, իշխանությունները նախաձեռնում են երկու ամիս տեւած բանակցություններ` գործադուլների ավանգարդում գտնվող «Սոլիդարնոստ» անկախ արհեստակցական միության  հետ, որոնք հանգուցալուծվում են «Սոլիդարնոստի» հաղթանակով ավարտված առաջին  այլընտրանքային ընտրությունների կազմակերպմամբ:

Հարկ է նշել, որ Լեհաստանը Արեւելյան Եվրոպայի միակ պետությունն էր, որտեղ ոչ վաղ անցյալում՝ 1980թ. քաղաքացիական դիմադրության յուրօրինակ արշավի, իսկ ավելի կոնկրետ` օկուպացիոն գործադուլի արդյունքում իշխանությունները, գործադուլի ակտիվիստների հետ բանակցելուց հետո, համաձայնվում են գրանցել պետությունից անկախ ազատ արհեստակցական միություն՝ Սոլիդարնոստը:  Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ 1981թ. ընդդիմության էլ ավելի հզորացումը կանխելու նպատակով Լեհաստանում մտցվում է ռազմական դրություն, ընդդիմադիր ակտիվությունը չի մարում՝ այն ուղղակի անցնում է ընդհատակ, փոխվում է պայքարի մարտավարությունը եւ այլն:

Իսկ, օրինակ, Չեխոսլովակիայում, դեմոկրատական փոփոխությունների оրակարգով կազմակերպված քաղաքացիական դիմադրությունը առաջանում է բավականին ուշ՝ 1989թ. նոյեմբերին: Դիմադրությունը տեւում է  ընդամենը մի քանի շաբաթ, շատ ավելի ռադիկալ դրսեւորում է ստանում` տեղի են ունենում պերմանենտ լայնածավալ ցույցեր, երթեր։ Այստեղ ընդվզումը շատ արագ հանգեցնում է կառավարության հրաժարականի: Չեխոսլովակիայում քաղաքացիական դիմադրության նախաձեռնողները ոչ թե բանվոր դասակարգն էր, ինչպես Լեհաստանում էր, այլ ուսանողության որոշ շրջանակներ ու ընդդիմադիր մտավորականությունը:

Արեւելյան Եվրոպայի կոմունիստական ռեժիմների դեմ ձեւավորված քաղաքացիական դիմադրության արշավների փորձի ուսումնասիրության արդյունքում մեր  կողմից հայտնաբերվել են մի շարք դրական կորելացիաներ, որոնցից մեկը, օրինակ, հետեւյալն է՝ Արեւելյան Եվրոպայի այն երկրներում, որոնցում ընդդիմությունը ոչ հեռու անցյալում կայացած է եղել եւ կարողացել է կազմակերպել դիմադրության լուրջ արշավներհենց այդ երկրներում էլ կայացել են ռեժիմի փոփոխությանը հանգեցրած առաջին բանակցությունները։

Դիտեք նաև՝

Search