Տեսականորեն կրթությունը և պրոպագանդան միմյանցից տարբեր, հաճախ` հակադիր նպատակներ ունեն. պրոպագանդան փորձում է սովորեցնել, թե ինչ մտածել, իսկ կրթության գլխավոր նպատակներից է սովորեցնել, թե ինչպես մտածել: Բայց խնդիրն այն է, որ շատ դեպքերում կրթությունը, հակադրվելու փոխարեն, դառնում է պրոպագանդային մեքենայի գործիքներից մեկը:
Վերջին տասնամյակներին Հայաստանում նկատվում է կրթության ապապրոֆեսիոնալացման միտում։ Ինչի արդյունքում կրթության ոլորտում առկա է մակերեսային, պատրանքային պատկերացումների, մանիպուլյացիաների, պոպուլիստական մոտեցումների գերակայություն։ Հայաստանի կրթության ոլորտում պրոպագանդա բառը չի գործածվում։ Առավել տարածված են իրազեկում, հաղորդակցության ռազմավարություն և նմանատիպ հասկացությունները։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր զեկույցում ներկայացնում է կրթության ոլորտի խոսույթում առկա 4 առանցքային բացահայտ և ոչ բացահայտ մոտեցումներ, որոնք պատնեշում են իրականության ըմբռնումը։ Այս մոտեցումների պատճառով կրթության քարտեզը և տեղանքը ոչ միայն չեն համապատասխանում միմյանց, այլև դարձել են 2 զուգահեռ իրականություններ։ Բարեփոխումները տեղի են ունենում սոսկ քարտեզի վրա՝ էլ ավելի մեծացնելով կրթական քաղաքականության և կրթական առօրյայի անջրպետը։
1. Փախուստ ներկայից
Տասնամյակներ շարունակ Հայաստանում կրթական բարեփոխումների միջոցով գործել է ներկայից փախուստի մեխանիզմ։ Օրինակ՝ անընդհատ հայտարարվել է, որ կրթական բարեփոխումների արդյունքները տեսանելի կլինեն տասնամյակներ անց։ Այս տրամաբանությամբ մարդկանց սնել են ապագայի սին սպասումներով։ Իրականում, կրթական փոփոխությունները պետք է սկսել ներկայի հետ առերեսվելուց։
2. Վախ անորոշությունից
Կրթության համակարգի փոփոխությունը բարդ գործընթաց է։ Փոփոխությունների իրականացման գործընթացում ավելի շատ կողմնակի ազդեցությունները են լինում, չնախատեսված արդյունքներ, քան՝ նախատեսվածներ։ Հետևաբար, կրթության ոլորտում պետք է պատրաստ լինել անորոշություններին ու անկանխատեսելի հետևանքներին։ Սակայն Հայաստանում առկա է անորոշությունը պարզունակ որոշակիությամբ վարագուրելու մոտեցում` կփոխենք չափորոշիչները և դասագրքերը, կվերապատրաստենք ուսուցիչներին և կունենանք ավելի լավ կրթական համակարգ։ Նման խոսույթի պատճառով, Հայաստանում չկա կրթության ոլորտը բարեփոխելու հարցում առկա դժվարությունների, խնդիրների բազմագործոն լինելու գիտակցում։
3. Կրթության դերի ֆետիշացում
Երբ Հայաստանում տեղի են ունենում ցնցումներ, անմիջապես տարածում է ստանում այն թեզը, որ փոփոխությունները պետք է սկսենք կրթությունից։ Առաջին հայացքից այս թեզը թվում է ակնհայտ, սակայն այն միֆ է։ Չկա գեթ մեկ դեպք, երբ երկրի զարգացումը սկսվում է միայն կրթությունից։
4. Խնդիրների կոծկում
Կրթության ոլորտի խնդիրները հասկանալու համար պետք է ոչ միայն կարևորել այն, ինչի մասին խոսվում է, այլ այն, ինչի մասին լռում են։ Հայաստանում կրթության ոլորտի մասին հաշվետվություն ներկայացնելիս, խոսում ենք միայն արածի մասին, բայց անտեսում չարածը, չնկատելու տալիս ձախողումը։ 2015թ. առ այսօր Հայաստանը չունի կրթության զարգացման ռազմավարություն։
Նախագիծն իրականացվում է «Պոպուլիզմը և պրոպագանդան հետպատերազմական Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքի շրջանակում։