Փոխակերպող (տրանսֆորմատիվ) ուսուցման տեսությունը ձևավորվել է 1970-ականներին ամերիկացի սոցիոլոգ Ջեք Մեզիրոուի կողմից։ Այն ուղղված է սովորողների՝ իրենք իրենց և աշխարհի մասին ունեցած պատկերացումները փոխոխելուն։ Տրանսֆորմատիվ ուսուցման հիմնական գաղափարն այն է, որ ինչ-որ բանի մասին նոր տեղեկատվություն ստանալիս սովորողները զուգահեռաբար գնահատում են իրենց նախկին գաղափարներն ու ըմբռնումները և փոխում են իրենց աշխարհայացքը՝ պայմանավորված նոր տեղեկատվության բովանդակությամբ և քննադատական մտածողության դրսևորման մակարդակով:
Տրանսֆորմատիվ ուսումնառությունը հնարավորություն է ընձեռում կարծես թե չգիտակցված անվերապահորեն ընդունված ճշմարտությունից անցում կատարել խորը, բովանդակային և փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության։
Ըստ այս տեսության՝ անձի «հնարավոր վերափոխման/տրանսֆորմացիայի» գործընթացն ունի երեք հարթություն՝ հոգեբանական (սեփական եսի վերանայում, ինքնընկալման փոփոխություններ), արժեքային (հավատալիքների վերանայում) և վարքային (կենսակերպի փոփոխություն)։
Տրանսֆորմատիվ ուսուցումը տեղի է ունենում տասը փուլերով՝
- Դիլեմայի/երկընտրանքի առկայություն
- Ինքնաստուգում
- Համոզմունքների քննադատական գնահատում
- Գիտակցում, որ այլ մարդիկ նույնպես անցել են նմանատիպ վերափոխման միջով
- Վարքի նոր ձևերի որոնում
- Գործողությունների ընթացքի պլանավորում
- Գիտելիքների կամ հմտությունների ձեռքբերում՝ նոր պլան իրականացնելու համար
- Նոր դերերի ուսումնասիրություն և փորձարկում
- Ինքնարդյունավետության բարձրացում նոր դերերում և հարաբերություններում
- Վերաինտեգրում