Պատկերացրե՛ք, թե Դուք տատիկից ժառանգած բաղադրատոմսով նոր ճաշատեսակ եք պատրաստում։ Ցանկացած ճաշատեսակի պատրաստման գործընթաց տեղի է ունենում մաս առ մաս։ Յուրաքանչյուր բաղադրիչ հավելվում է նախորդի վրա։ Դուք չեք կարող աղցանը վերջնականացնել, քանի դեռ չեք պատրաստել դրա բաղադրիչները և հետո դա որպես հիմք օգտագործել հաջորդ շարքի համար։ Միևնույն ժամանակ չեք կարող ասել, որ ճաշատեսակը պատրաստել եք, եթե միայն բանջարեղենն եք կտրատել։
Ուսումնառության կոնստրուկտիվիստական տեսությունը նույնպես այս մոտեցումն է օգտագործում։ Այն պնդում է, որ ուսումնառություն տեղի է ունենում, երբ մարդը «դասավորում է» նոր տեղեկությունը արդեն իսկ գոյություն ունեցող գիտելիքի շերտի վրա։
Իբրև մանկավարժական փիլիսոփայություն, այն ներառում է գաղափար, որ գիտելիքը չի կարելի փոխանցել սովորողին պատրաստի կերպով։ Անհրաժեշտ է ստեղծել մանկավարժական պայմանները սովորողի գիտելիքների ինքնակառուցման համար։
Կան կոնստրուկտիվիզմի տարբեր տեսակներ, որոնք մանկավարժները կարող են օգտագործել այս ուսուցման տեսության հետ հաջողության հասնելու համար:
- Ճանաչողական, հիմնադիր՝ շվեյցարացի հոգեբան Ժան Պիաժե։ Կոգնիտիվ կոնստրուկտիվիզմը կենտրոնանում է այն գաղափարի վրա, որ ուսուցումը պետք է կապված լինի սովորողի ճանաչողական զարգացման փուլի հետ: Այս մեթոդները օգնում են ուսանողներին սովորել նոր տեղեկատվություն՝ այն կապելով այն բաների հետ, որոնք նրանք արդեն գիտեն։
- Սոցիալական, հիմնադիր՝ խորհրդային գիտնական Լև Վիգոտսկին։ Ի տարբերություն Պիաժեի, Վիգոտսկին կարծում էր, որ ուսուցումը հիմնականում սոցիալական գործընթաց է: Սոցիալական կոնստրուկտիվիզմը կենտրոնանում է ուսուցման համագործակցային բնույթի վրա: Գիտելիքը կառուցվում է ուրիշների հետ փոխգործակցության միջոցով:
- Արմատական/Ռադիկալ, հիմնադիր՝ Էռնստ ֆոն Գլասերսֆելդի։ Արմատական կոնստրուկտիվիզմը շատ է տարբերվում կոգնիտիվ և սոցիալական կոնստրուկտիվիզմից։ Այն կենտրոնանում է այն գաղափարի վրա, որ սովորողները և նրանց կառուցած գիտելիքները մեզ իրական ոչինչ չեն ասում, այլ միայն օգնում են մեզ գործել մեր միջավայրում: Ընդհանուր գաղափարն այն է, որ գիտելիքը հորինված է, ոչ թե հայտնաբերված: