Քրեակատարողական հիմնարկներում կրթության կազմակերպման տեսանկյունից գլխավոր հարցը նպատակի ձևակերպումն է. ինչո՞ւ է առհասարակ անհրաժեշտ քրեակատարողական հիմնարկներում անձանց ուսուցումը: Մանկավարժության բնագավառում այս հարցին փորձում է պատասխանել առանձին գիտական ուղղություն` պենիտենցիար մանկավարժությունը: Քրեակատարողական հիմնարկներում կրթության կազմակերպման նպատակը երկու հիմնական ուղղությամբ է դասակարգվում`
- Նպատակներ, որոնք ուղղված են ի շահ անհատի,
- Նպատակներ, որոնք ուղղված են ի շահ պետության:
Պենիտենցիար մանկավարժության մասին առաջին անգամ սկսել են խոսել դեռևս 1840-ական թվականներին Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ֆակուլտետում: Պենիտենցիար մանկավարժության ձևավորման ողջ գործընթացն ըստ էության տեղի է ունեցել Խորհրդային Միության տարիներին, որովհետև այդ ժամանակ իրականցվող քաղաքականությունները, մասնավորապես` լիկբեզը (անգրագիտության վերացման նախաձեռնությունը), ստեղծել են բարենպաստ պայմաններ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթության համար:
Պենիտենցիար մանկավարժությունն առաջ է քաշում չորս հիմնական շեշտադրում`
- Կրթության վրա շեշտադրում. մարդու սահմանադրական իրավունքի իրացում, որը նրան երկրորդ հնարավորություն է ընձեռում ինչպես արհեստագործական ունակություններ, այնպես էլ ընդհանուր հիմնարար գրագիտություն ձեռք բերելու:
- Սոցիալականացման և իրավախախտման վրա շեշտադրումներ. պասիվ վերահսկողություն հակասոցիալական վարքի նկատմամբ, քանի որ մարդիկ քրեական մշակույթի դաշտից տեղափոխվում են ուսումնառության և համագործակցության դաշտ:
- Հասարակության վրա շեշտադրում. հումանացման քայլ, որով հասարակությունն ուղերձ է հղում անհատին` դեպի հասարակություն վերադարձի երկրորդ հնարավորության մասին: