«Ուսումնառության ոճ» եզրույթը սովորաբար վերաբերում է այն գաղափարին, որ յուրաքանչյուր ուսումնառու սովորում է իրեն բնորոշ յուրահատուկ ձևով: Ավելի կոնկրետ՝ ուսումնառության ոճն այն նախընտրելի միջոցն է, որով ուսումնառողը կարողանում է սովորել, մտապահել և կիրառել իր սովորած տեղեկատվությունը:
Գաղափարն առաջին անգամ ճանաչվել է դեռևս Արիստոտելի կողմից, որը կարծում էր, որ «յուրաքանչյուր երեխա ունի հատուկ տաղանդներ և հմտություններ»: Հետագայում իրենց տարբեր աշխատություններում ուսումնառության ոճերին անդրադարձել են խորհրդային հոգեբան, պատմամշակութային տեսության հիմնադիր Լև Վիգոտսկին, շվեցարացի հոգեբան Ժան Պիաժեն, ամերիկացի հոգեբան և բազմաբնույթ մտածողության տեսության հիմնադիր Հովարդ Գարդները, ինչպես նաև նորզելանդացի ուսուցիչ Նիլ Ֆլեմինգը, որն առաջ է քաշել ուսուցման VARK մոդելը։
VARK-ը հապավում է՝ կազմված անգլերեն visual (տեսողական), aural (լսողական), read/write (կարդալ-գրել) և kinesthetic (շարժողական) բառերի առաջին տառերից։ Այն առանձնացնում է սովորելու չորս հիմնական տեսակ՝
- Տեսնելով սովորողներ: Այս ոճի դեպքում ուսումնառողները գիտելիք են ստանում տեսնելու և դիտելու միջոցով։ Գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար նրանք գերադասում են դիտել լուսանկարներ, ֆիլմեր, ցուցադրություններ, նկարներ, գծապատկերներ և գրաֆիկ պատկերներ։
- Լսելով սովորողներ։ Այս ոճը գերադասող սովորողները իրենց լսածն ավելի լավ են յուրացնում, քան իրենց նկատածն ու տեսածը։ Կարող են ինֆորմացիան ըմբռնել՝ ժապավեններ, ձայնային քննարկումներ կամ դասախոսություններ լսելով։ Ավելին, կարող են հեշտությամբ մտապահել ինֆորմացիան, երբ այն տրամադրվում է մեղեդու, բանաստեղծության կամ երգի տեսքով։
- Կարդալով(ընթերցելով)-գրելով սովորողներ։ Այս ոճի հիմքում գրավոր տեքստի կրկնությունն է։ Այս ոճով սովորողները գրառած նյութը սովորում են այն մտապահելով։ Նրանք նախընտրում են իրենց աչքի առաջ բառեր ու նշաններ տեսնել։
- Շարժողական/կինեսթետիկ ոճով սովորողներ։ Մարմնաշարժողական ոճը նախընտրողները կարողանում են աշխարհի խնդիրները հասկանալ ու լուծել մարմնի կամ մարմնի մասերի միջոցով։ Նրանք սովորում են շարժվելու, շոշափելու և ինչ-որ բան անելու միջոցով։
1987 թվականին Ֆլեմինգն այս տեսական շրջանակն ամփոփեց իր հայտնի աշխատության մեջ, որը կոչվում է «Ինչպես կարող եմ լավագույնս սովորել», այնուհետև հրապարակեց «Դասավանդման 55 ռազմավարություններ», «Դասավանդման և ուսումնառության ոճեր․ VARK ռազմավարություններ» աշխատությունները։