Play Video
Կրթության համակարգը հեղափոխությունից հետո. Վահրամ Սողոմոնյան | Աշոտ Ոսկանյան

Վերջին ժամանակներում բարդ է խոսել կրթության համակարգի մասին: Այս թեման միշտ արդիական է, բայց դժվար է հասկանալ՝ որտեղից սկսել քննարկումը: Մեր երկրի դպրոցներում առկա են ֆինանսական խնդիրներ և մանկավարժական կրթության հետ կապված խնդիրներ:
Հայաստանում հեղափոխությունը մտքի և գործողության ազատության բերած մի իրադարձություն էր, բայց եթե մենք չկարողանանք ինստիտուցիոնալիզացնել հենց կրթության համակարգը, մենք չենք կարողանա ունենալ այն երկարաժամկետ փոփոխությունը, որին ձգտում ենք:


Հաճախ ասվում է, որ Բոլոնիայի սկզբունքները պարտադրված են արևմուտքի կողմից և ավելորդ են մեր երկրում: Հարց է առաջանում՝ ինչ են իրենցից ներկայացնում այդ սկզբունքները: Ընդհանրացնելով կարելի է ասել, որ Բոլոնիայի սկզբունքների իմաստն ուսանողների մոբիլութունն ապահովելն է, որպեսզի նրանք կարողանան աշխատել միաժամանակ տարբեր համալսարանների հետ, տեղափոխվել մեկից մյուսը, ուսումնասիրել տարբեր առարկաներ տարբեր համալսարաններում: Սակայն փաստ է, որ ուսանողները չեն կարողանում իրենց թվանշաններով գնալ այլ բուհեր և դասախոսություններ լսել: Այսինքն, այս ֆորմալ մոտեցումը կոտրելու համար պետք է նախ և առաջ նայել ու հասկանալ՝ ինչ ունենք այսօր:
Միջազգային համաժողովներից մեկի ժամանակ նշվել էր, որ Հայաստանը ամենաարագն է անցել Բոլոնիայի գործընթացին, բայց իրականությունն այլ է:
Ընկալվում է, որ փոփոխությունը դրսից ներմուծվող, մեր արժեքներին օտար բան է: Կա մի նախաձեռնություն, որի նպատակը կրթությունն իր արդի ընկալման մեջ (ռացիոնալ կասկածի և դրա հետ կապված մնացած բոլոր ավանդույթների հետ) հայկական իրականության հետ կապելն է, որպեսզի մեր ուսուցիչների, մանկավարժների համար հասկանալի լինի քննադատական մտքի, հայ լուսավորչության, լուսավորիչների, նրանց տարբեր քաղաքական, հասարակական հոսանքների և այսօրվա քաղաքական շարժման կապը, որը նաև այս հեղափոխության պատճառն էր:

Եթե մենք ցանկանում ենք անցնել կոմպետեցիոն ուսուցման և հմտություններ սովորեցնել դպրոցում, պետք է ուսուցիչների, տնօրենների, ծնողների և մյուս բոլոր շահառուների հետ միասին հասկանալ, թե ինչում է այդ համապարփակ մոտեցումը՝ կոմպետենցիաներ, գիտելիքներ, արժեքներ և մասնակցայնության ապահովում ընդհանրապես մեր կրթական համակարգում:

Կրթական ոլորտում որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել հսկայական ուսուցչական անձնակազմի կարծիքը. բոլորին պետք է քննարկումներում ներգրավվելու շանս տալ, որպեսզի նրանք նույնպես կարողանան վերափոխվել: Պետք է նաև հասկանալի լինի՝ որն է փոփոխությունների սկզբունքը և որտեղ ենք գնում, որն է բուն դասապրոցեսի, դպրոցում և մեր հասարակությունում տիրող մշակույթի փոխադարձ կապը:

Դիտեք նաև՝

Search