Գլխավոր խնդիրներից մեկը պետք է լիներ մշակութային մոդեռնացումը, մասնավորապես՝ նարատիվների փոփոխությունը: Օրինակ՝ հավասարության պատումը. մեր հասարակությունը խորհրդային շրջանից բերել էր հավասարության այդ նարատիվը, բայց դա սովետական նարատիվ էր, որը պարտիական վերնախավերի կողմից էր բարձրացված և շրջանության մեջ դրված, և մարդիկ դրան չէին հավատում, քանի որ հենց նույն պարտիականները՝ կոմունիստական վերնախավը, իրական կյանքում խախտում էին հավասարության դրույթը՝ ձևավորելով անհավասարություն. նրանք ավելի լավ էին ապրում, շրջում էին ավելի թանկ մեքենաներով: Եվ հասարակությունը՝ եկած սովետական շրջանից, հավասարությանը այդքան էլ հավատով չէր վերաբերվում, քանի որ տեսել էր սովետական շրջանի «հավասարություն»: Բայց այդ հավասարությունը՝ որպես պատում, որի վրա հետո պետք էր հասարակությունը կառուցել, պետք էր պարզապես տրանսֆորմացնել՝ վերափոխել և տալ նրան դեմոկրատական աշխարհին բնորոշ իմաստները, որոնք ունեն դիֆերենցված մոտեցում, ասենք՝ մի քիչ լիբերալները հավասարությանը տալիս են երկրորդական դիրք ազատության համեմատ, սոցիալիստները տալիս են առաջնային դիրք և այլն, բայց այս դիսկուրսները չմտան Հայաստան: Հիմա խնդիր կա ստեղծել մի կրթահամակարգ, որը կձևավորվեր այս պատումների վրա, այսինքն կմոդեռնիզացներ այս նոր սերնդին, քանի որ կրթության կարևորագույն խնդիրներից մեկը մշակութային տարբերությունները հավասարեցնելն է, խոսքը համահարթեցման մասին չէ…