Play Video

Մինչև 20-րդ դարը ընդունված էր, որ բարեկեցությունը պետք է հասանելի լինի միայն հասարակության փոքր մասին, այսինքն հասարակության փոքր մասը կարող է ապրել բարեկեցիկ, իսկ մեծ մասը պետք է ապրի, որ այս փոքր մասի բարեկեցությունն ապահովի: 20-րդ դարը ցույց տվեց, որ հնարավոր է ստեղծել երկրներ, ուր հասարակության զգալի մասը կկարողանա հասնել բարեկեցության: Բարեկեցություն հասկացությունը ենթադրում էր՝ որպեսզի հնարավոր լինի բոլորի բարեկեցությունը, պետք է մարդիկ անընդհատ կրթություն ստանան, որովհետև բարեկեցությունն ինքնին կամ առանց կրթության կամ ցածր մակարդակի կրթությամբ հնարավոր չէր…

Հայտնի մարդաբան Մարգարիտ Միդն ասում էր, որ երբ հարյուր տարի առաջ պապիկը գրկում էր իր թոռանը, այդ թոռան համար պատկերացնում էր մոտավորապես նույն ապագան, ինչ որ եղել էր այդ պապիկի անցյալը: Միդը ենթադրում էր, որ սերունդների կյանքն առանձնապես իրարից չի տարբերվելու, բայց այսօր արդեն այդպես չէ: Մենք ապրում ենք փոփոխվող հասարակությունում, ինչը նշանակում է, որ մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում, անկախ իրենց տարիքից, կրթություն չեն ստանում, ապա սկսում են ետ մնալ…

Այսօր կան հետաքրքիր կանխատեսումներ առաջիկայում աշխատաշուկայում տեղի ունենալիք փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես, 20 տարի հետո այսօրվա մասնագիտությունների մոտ 50%-ը վերանալու է, քանի որ դրանք մեքենայացվելու են և արվելու են ռոբոտների կողմից, և մարդիկ ստիպված են լինելու փոխել իրենց մասնագիտությունը: Այսինքն, եթե մեծահասակներն ուզում են պահպանել իրենց մրցունակությունը աշխատաշուկայում, ապա պարտավոր են շարունակել իրենց կրթությունը:

Ավանդական հասարակություններում կարևոր գործոն էր փորձը: Իսկ ո՞վ օբյեկտիվորեն ուներ փորձ: Մեծահասակը: Մարդը, ով քսան-երեսուն տարի անընդմեջ նույն աշխատանքն էր անում, նա օբյեկտիվորեն առավելություն էր ստանում այն երիտասարդի նկատմամբ, ով ընդամենը մեկ-երկու տարի էր այդ աշխատանքն անում: Հետևաբար, առաջ կարևոր էր փորձը, իսկ փորձ ուներ ավագ սերունդը: Այսօր փորձին գալիս է փոխարինելու ճկունությունը, փոփոխություններին համընթաց գնալը: Այսինքն եթե այսօր դու քսան-երեսուն տարի նույն բանն անես, դու, ըստ էության, կլինես ժամկետանց, իսկ քո արածը՝ հնացած, հետևաբար սերունդների հարաբերությունում փորձի իշխանությանը գալիս է փոխարինելու գիտելիքների, հմտությունների, ճկունության իշխանությունը…

Ամենամեծ խնդիրներից մեկը, որ այսօր կրթության ոլորտում մենք դեռևս չենք լուծել, այն է, որ չենք կարողացել մարդուն համոզել, որ ինքը սովորող էակ է: Մարդը դարձել է սպառող էակ, քաղաքական էակ, բայց դեռևս սովորող էակ չի դարձել: Մինչև մենք չունենանք սովորող մարդու կոնցեպցիան, մարդու, որն, ինչպես Սարտրն էր ասում՝ կհասկանա, որ ինքն այս կյանքում նախագիծ է, անավարտ մի նախագիծ, որը անընդհատ ինքնաստեղծման, ինքնակատարելագործման, ինքնազարգացման միջոցով ամեն օր ինքն իրեն պետք է դարձնի ավելի լավը:

Շատ կարևոր է, որ սովորելու մարդու համար դառնա մի այնպիսի պահանջմունք, ինչպիսին սնվելն է: Ինչպես մենք չենք մտածում այն մասին, որ սնվելը երեխաների համար է կամ մեծերի, մենք մտածում ենք, որ սնվելը բոլորի համար է: Շատ կարևոր է, որ նույն տրամաբանությամբ սովորելն էլ դառնա մի բան, որը բոլորի համար է՝ անկախ տարիքից:

Երկու փայտահատների տրվում է նույն քանակությամբ փայտ ու նույն կացնից և առաջարկվում է չորս ժամ շարունակ կոտորել փայտը: Փայտահատներից մեկը չորս ժամ շարունակ անընդմեջ աշխատում է, մյուս փայտահատը հիսուն րոպե աշխատելուց հետո տասը րոպեով անհայտանում էր, ապա վերադառնում և նորից հիսուն րոպե աշխատելուց հետո տասը րոպեով անհայտանում: Երբ չորս ժամ հետո փորձում են հաշվել, թե որ փյտահատն է ավելի շատ փայտ կոտորել, պարզվում է, որ այն փայտահատը, որը հիսուն րոպե էր աշխատում և հետո տասը րոպեով ինչ-որ տեղ էր գնում, ինքն է շատ կոտրել: Երբ պարտված փայտահատը հարցնում է, թե ինչպես պատահեց, որ ես չորս ժամ անընդհատ աշխատելուց հետո ավելի քիչ կոտրեցի, քան մյուսը, որը, փաստորեն, 40ր. ավելի քիչ աշխատեց ինձնից: Պարզվում է, որ այս մյուս փայտահատը, որը տասը րոպեով անհայտանում էր, գնում էր իր կացինը սրելու: Այս պատմությունը շատ լավ ցույց է տալիս, որ ժամանակակից մեծահասակները ոչ թե պետք է մտածեն շատ աշխատելու, անընդհատ աշխատելու մասին, այլ նաև պետք է մտածեն երբեմն այդ աշխատանքի միջև ընկած ժամանակահատվածներ գտնել և դրանք տրամադրել իրենց հմտությունները, գիտելիքները՝ «իրենց կացինը», սրելու, որպեսզի կարողանան ոչ թե պարզապես շատ աշխատեն, այլ կարողանան ավելի խելացի և արդյունավետ աշխատել…

Դիտեք նաև՝

Search