Այսօր ԱԱԾ-ից հետո ամենաքննարկվող նյութը կրթական համակարգի ռեֆորմներն են: Հարց է առաջանում.
Ինչպե՞ս
Ամեն ինչ սկսվում է այն կետից, որ մարդը զգայական է և մարդու մոտ սեփական ինքնության ընկալումը սկսվում է հենց զգայական ոլորտից: Մարդուն բնորոշ հաջորդ ներհատկությունը մարդու բանական լինելն է՝ Homo sapiens` մարդու պատճառաահետևենքային դատողություններ անելու, որոշակի մտագործունեություն իրականացնելու ունակությունների ամբողջությունը: Երրորդ ասպեկտը մարդու ճանաչողական ունակություններն են: Այս երեք հատկությունների համադրության արդյունքում մենք ունենում ենք մեկ համալիր ամբողջություն և ցանկացած ինֆորմացիա, որ մարդը ստանում է, անցնում է այս երեք ֆիլտրերի միջով, զտվում է եւ նոր միայն հասնում իր վերջնակետին: Հաջորդ կարևոր ասպեկտն այն է, որ մարդը հաղորդկացվող էակ ա՝ Homo communicans: Լատիներեից թարգմանաբար commūnicāre նշանակում է ոչ միայն հաղորդել, հաղորդակցվել, այլ՝ կիսվել, գիտելիքը կիսել, դարձնել համընդհանուր: Այս ամենը գործի դնելու համար առաջ է գալիս մարդու հերթական ներհատկությունը՝ մարդու խոսելու ունակությունը: Խոսող մարդը ոչ միայն պարզապես խոսել կարողացող մարդն է, այլ այն իր մեջ ներառում է ավելի լայն և ընդգրկուն կարողություններ շերտեր՝ խոսել, լեսլ, կարդալ, ընկալել, հասկանել, մեկնաբանել: Այս ամբողջ համարկարգն իրականացնելու համար մարդը ստեղծում է իր և իրականության միջև ընկած տարածություն, որը մենք կոչում ենք լեզու: Լեզուն նույնպես պետք է հասկանալ ոչ թե նեղ իմաստով՝ բառերով հաղորդակցության միջոց, այլ այն պետք է ընկալել որպես նշանակային համակարգերի ամբողջություն: Մարդու հաջորդ պահանջը ստեղծելն է, որը կոչվում է Homo faber: Homo faber-ը, որը լատիներեից թարգմանաբար նշանակում է ստեղծող մարդ, մարդն է, ով ունակ է ստեղծել գործիքակազմ, որի միջոցով կկարողանա գերիշխանություն և վերահսկողություն հաստատել սեփական ճակատագրի և իր միջավայրի վրա: Որոշ հետազոտողներ առ այսօր կարծում էին, որ Homo faber-ի ճանապարհն ինքնին կործանարար բնույթ ունի: Սակայն այսօր՝ 21-րդ դարում այս մոտեցումները նույնպես վերանայման փուլում են: Ես առաջարկում եմ այս եզրույթի համար հայերենում կիրառել Մարդ մշակող եզրույթը, որը ավելի դիպուկ և համապարփակ է արտահայտում եզրույթի բոլոր ներիմաստները. մարդը մշակելով կառուցում է մշակույթը:
Ի՞նչ է ուզում մարդը
Մարդը նախևառաջ ուզում է լինել. ոչ թե գոյատևել, այլ՝ լինել: Նա ուզում է մխիթարվել՝ արդարացնել իր վերջավոր լինելը: Ուզում է իր հոգին մաքուր պահել՝ կարողանալով ինքն իրեն բացատրել իր վարքագծային ալգորիթմը: Մարդն ուզում է շարունակվել՝ ժառանգություն և կամ ժառանգներ տալ: Մարդն ուզում է հաճույք ստանալ: Սակայն ճանապարհի մի կետում մարդը հասկանում է, որ մյուս բոլոր մարդիկ նույնպես այս նույն ցանկություններն ու ձգտումներն ունեն: Ո՞րն է տարբերությունը: Տարբերությունն այն է, որ յուրաքանչյուր մարդ տարբեր իմաստներ է դնում այս հասկացությունների մեջ: Այստեղից էլ առաջ է գալիս Homo Ludens-ը: Homo Ludens լատիներենից թարգմանաբար նշանակում է Մարդ խաղացող: Այս եզրույթը առաջ է քաշել հոլանդացի պատմաբան և մշակութաբան Յոհան Հայզինգան՝ 1938-ին հրատարակված համանուն գրքում, որտեղ քննարկվում է մշակույթի և հասարակության խաղի, խաղացող տարրի կարևոր դերն ու նշանակությունը։ Հայզինգան համարում է, որ խաղը մշակույթից առաջ է, որովհետև եթե մշակույթը մարդու գործունեության հետևանքով է ստեղծվում, ապա խաղը գոյություն ունի նաև կենդանական աշխարհում:
«Այնուամենայնիվ, դատավորի կեղծամն ավելին է, քան մասնագիտական անտիկ կոստյումի մի մաս։ Դրա գործառույթը շատ նման է վայրենիների՝ պարերի ժամանակ կրած դիմակների գործառույթին․ այն փոխում է կրողին, դարձնում է ուրիշ մարդ»
Հայզինգան առաջ է քաշում այն գաղափարը, որ դատավարության հիմքում ընկած են երեք տեսակի խաղեր, որոնք կարելի է վերհանել՝ ներկայիս դատավարության գործընթացը անտիկ դատավարությունների հետ համեմատելով՝
- պատահականության խաղը
- մրցակցություն
- լեզվակռիվ
Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում, ունենալով այս բոլոր նախադրյալները, ինչ-որ ճանապարհ անցնելուց հետո սկսում է գիտակցել այս ամենը և անցնում է կիրառության ճիշտ և իր համար առավել արդյունավետ ձևերի փնտրտուքի գործին: Այս ամբողջ ճանապարհն, իմ կարծիքով, կրթական գործընթացն է: Ինստիտուցիոնալ կրթությունը այս ամբողջական կրթական գործըանթացի, որը տևում է մեր ամբողջ կյանքի ընթացքում, ընդամենը մի մասն է:
Իսկ ո՞վ է ստեղծում կրթական հայեցակարգը և ինչպե՞ս է այն ստեղծվում: