Ելույթում բացահայտվելու են քաղաքացիական դիմադրության գաղափարական հիմքերը։ Համեմատական որակական վերլուծության են ենթարկվել ինչպես քաղաքացիական դիմադրության կոնցեպցիայի հիմնադիր եւ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպած պատմական գործիչների՝ Մահաթմա Գանդիի եւ Հենրի Դեյվիդ Թորոյի, այնպես էլ, քաղաքացիական դիմադրության տեսական եւ պրակտիկ խնդիրներով զբաղվող ժամանակակից հեղինակների՝ Էրիկա Չենովետի, Ադամ Ռոբերտսի, Ջին Շարփի, Պիթեր Ակկերմանի, Ջեք Դուվալի, Մարինա Դեմետրաձեի, Ռուբեն Ապրեսյանի աշխատությունները։
Ելույթի հիմնական գաղափարն այն է, որ քաղաքացիական դիմադրությունը՝ դիմադրության իրավունքի իրագործման ամենաարդյունավետ եւ միջազգային իրավունքի, առանձին երկրների սահմանադրական իրավունքի տեսակետից առավել անխոցելի միջոցն է։
Քաղաքացիական դիմադրությանը նվիրված Օքսֆորդի համալսարանի հրատարակություններից մեկում, Ադամ Ռոբերտսը նշում է, որ քաղաքացիական դիմադրությունը դա պայքարի ոչ բռնի միջոցների օգտագործման վրա հենված քաղաքական ակցիայի տեսակ է, իսկ «քաղաքացիական» եզրը այստեղ օգտագործվում է շեշտադրելու այն, որ դիմադրության նպատակը քաղաքացիական է այն իմաստով, որ լայնորեն ընդունվում է հանրության կողմից։ Նշվում է նաեւ, որ քաղաքացիական դիմադրությունը կարող է պարունակել ճնշում (pressure) եւ հարկադրում (coersion).
Հետեւաբար կարող ենք եզրակացնել, որ քաղաքացիական դիմադրությունը՝ հանրության զգալի հատվածի աջակցությունը վայելող քաղաքացիների քաղաքական մասնակցության ձեւերից մեկն է։
Ռոբերտսոնը նշում է, որ քաղաքացիական դիմադրությունը կիրառվում է ոչ միայն բռնապետություններում, այլ նաեւ դեմոկրատական երկրներում։ Վերջիններում այն ուղղված է այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ սահմանադրական կարգի հետ կապված որոշակի տարրերի ներդրումը, երկրի ներսում ռեգիոնալ ավտոնոմիայի պահպանումը, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, բնապահպանությունը եւ դիմադրությունը որոշակի ռազմական ինտերվենցիաների եւ պատերազմներին պետության ներգրավմանը։
1849-ի իր էսսեյում Հենրի Դեյվիդ Թորոն նշում է, որ մարդու բնական վիճակն է անարդարությանը դիմադրելը եւ տալիս է, ըստ էության, քաղաքացիական դիմադրության արդյունավետության բանաձեւը՝ «երբ հպատակը հրաժարվել է լոյալությունից, իսկ սպան՝ ծառայությունից ուրեմն հեղափոխությունը կայացել է»։
Մահաթման Գանդին, իր հերթին ձեւավորելով «Սատյագրահա» կոչվող դիմադրության կոնցեպցիան նշում է, որ վերջինիս նպատակը, մի կողմից՝ լայն զանգվածներն են, որոնք պետք է գիտակցեն սեփական շահը, լինեն ազնիվ իրենց մտադրությունների մեջ եւ պայքարեն իրենց արժանապատվության համար, մյուս կողմից՝ իշխանություններն են, որոնց պետք է ոչ բռնի ճնշման, նրանց խիճը արթնացնելու միջոցով համոզել փոխել սեփական քաղաքականությունը։
Ռուբեն Ապրեսյանի խմբագրած աշխատությունում նշվում է, որ ոչ բռնի ուժի կիրառումը կոչված է հակառակորդի մոտ առնվազն էմպատիա առաջացնել, ստիպել նրան հավատալ դիմադրողների ճշմարտացիությանը։ Փաստացի, քաղաքացիական դիմադրության նպատակներից մեկը հակառակորդի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն է, նրա մտածողության վրա ազդելն է։
Ըստ Մարինա Դեմետրաձեի, եթե քաղաքացիական հասարակության ինտիտուտները չեն կատարում հասարակության եւ պետության միջեւ կապող օղակի դերը եւ եթե հանրության ֆունդամենտալ պահանջները չեն բավարարվում, ապա քաղաքացիները իրավունք ունեն դիմել քաղաքացիական անհնազանդության(«քաղաքացիական դիմադրության» հոմանիշներից մեկն է) քանի որ խախտվել է հանրային պայմանագիրը, չեն հարգվել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Էրիկա Չենովեթը, ուսումնասիրելով 1900-2006թթ. ընկած ժամանակահատվածում բռնի եւ ոչ բռնի դիմադրության 323 օրինակներ, եկել է այն եզրահանգման, որ ոչ բռնի դիմադրության արշավների միայն 23% է հաջողվել, մինչդեռ ոչ բռնի դիմադրության արշավների 53% պսակվել են հաջողությամբ։ Ըստ նրա, ոչ բռնի դիմադրության հաջողության գրավականը պայմանավորված է երկու հանգամանքով՝ ա) ոչ բռնի մեթոդների օգտագործումը ուժեղացնում է դիմադրության տեղական եւ միջազգային լեգիտիմությունը եւ հանգեցնում է հանրության լայն մասնակցության, բ) իշխանությունների համար շատ ավելի դժվար է արդարացում գտնել ոչ բռնի դիմադրության դեմ ուժի կիրառման համար, քան թե բռնի դիմադրության։
Կարելի է նշել, որ քաղաքացիական դիմադրությունը՝ քաղաքական պայքարի ոչ կոնվենցիոնալ, այսինքն, ավանդական քաղաքականության շրջանակներում չտեղավորվող, սակայն, ծայրահեղական միջոց չէ։ Ի տարբերություն, օրինակ, զինված ապստամբության, ահաբեկչության եւ այլն այն առավել անխոցելի է միջազգային իրավունքի, սահմանադրական իրավունքի տեսակետից եւ նաեւ այդ պատճառով գրավիչ է լայն զանգվածների համար։ Հայաստանում գրանցված դիմադրության փորձերը նույնպես վկայում են ի օգուտ վերջին գաղափարի։