Նախագծային ուսուցման մեթոդը ուսումնաճանաչողական և համատեղ աշխատանքի կազմակերպման ձև է, որում ներգրավված են դասավանդողներն ու ուսումնառուները: Ուսումնական նախագծերը նպաստավոր պայմաններ են ստեղծում սեփական հնարավորությունները ճանաչելու և զարգացնելու համար: Նախագծային մեթոդն ադապտիվ է. կարող է հարմարեցվել տարբեր միջավայրերի և նպատակների: Այն առավել արդյունավետ է, երբ դուրս է գալիս «դասարանային» և դպրոցական մակարդակից և գնում է դեպի համայնք: Ակնհայտ է ուսումնական մեթոդի և քաղաքացիական ակտիվության կապը. այն առավելապես երևում է այն նախագծերում, որոնց մասնակիցները փորձում են անդրադառնալ համայնքային հիմնախնդիրներին: Ուսումնառուները տեղեկանում են, թե որտեղից են ծագում համայնքային տարատեսակ խնդիրները և պատասխանատվություն են ձեռք բերում իրենց համայնքի հանդեպ: Կոտրվում է շրջապատի հանդեպ անտարբերությունը, և տեղը գալիս է համայնքի հանդեպ սեփականության զգացումը: Ուսուցչի դերը նախագծային ուսուցման գործընթացում անչափ կարևոր է. սովորողներն իրենց ուսուցչին դերային մոդել (role model) են համարում: Փոփոխվող աշխարհի և ինֆորմացիոն մեծ հոսքի պայմաններում դա մեծ մարտահրավեր է ժամանակակից ուսուցչի համար, որից լուրջ պատրաստվածություն և աշխատանքի կարևորության գիտակցություն է պահաջվում:
***
Նախագծային ուսուցման միջոցով ստացած ամեն գիտելիք կամ հմտություն լիովին համապատսխանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի կրթության չորս գերակայությունների տրամաբանությանը՝ սովորել իմանալու համար, սովորել կիրառելու համար, սովորել լինելու համար, սովորել միասին ապրելու համար: