Մասնակցային կառավարումը տեղական իշխանությունների և համայնքի միջև հարաբերությունների նոր մի տեսակ է՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցների մասնակցությամբ: Այս փոխհարաբերություններում համայնքի բնակիչները որոշակի մասնակցություն ունեն որոշումների կայացման գործում: Մասնակցային կառավարման մեթոդներն են բնակչության տեղեկացումն ու ներգրավումը, որպեսզի որոշումներ չկայացվեն մեկուսացված և համաձայնեցվեն շահառուների հետ: Այնուամենայնիվ, հանրային քննարկումները որոշակի լրացուցիչ աշխատանք են պահանջում, ինչը բարդացնում է մասնակցային մոդելի արդյունավետությունը, մասնավորապես՝ ՏԻՄ-երի և համայնքի բնակիչների միջև առաջացող օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների հետևանքով: ՏԻՄ-երի կողմից նշվող ամենատարածված խնդիրներից է համայնքի բնակիչների պասիվությունը, իսկ վերջիններիս կողմից՝ ՏԻՄ-երի աշխատանքին մասնակցելու համար լրացուցիչ գիտելիքների պահանջը: Այս գործընթացներում մեծ դեր ունի մեծահասակների կրթությունը, որը կարող է միջնորդ դառնալ ՏԻՄ-երի և համայնքի միջև. երկու կողմերը պիտի մեկ լեզվով խոսել կարողանան: Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնը վերջին երկու տարվա ընթացքում մի քանի փորձ արեց՝ համայնքի զարգացման և բյուջեի հանրային քննարկումներ կազմակերպելով: Դասընթացների միջոցով բարելավվում է բնակիչների և ՏԻՄ-երի մասնակցությունը որոշումների գործընթացներին: