Play Video

Տարբերակում են երկու երևույթ՝ լեզվաբանական շրջադարձ և շրջադարձ դեպի լեզուն: Եվ եթե  լեզվաբանական շրջադարձի դեպքում մենք խոսում ենք հենց լեզվաբանության մեջ տեղի ունեցած մեթոդաբանական փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են նրան, թե ինչպես է  պետք ուսումնասիրել լեզուն, ապա շրջադարձ դեպի լեզուն բնութագրում է այն ուշադրությունը, որ այլ գիտակարգերը ունեցան լեզվի հանդեպ: 

Լեզվաբանական շրջադարձի առաջին փուլում՝ 1920-ական թթ., խոսում են լեզվի ներքին բարեփոխումների անհրաժեշտության մասին: Լյուդվիգ Վիտգենշտայնն ասում էր, որ պետք է փորձել ստեղծել իդեալական լեզու, որի նախահիմքը տեսնում էր մաթեմատիկական տրամաբանության մեջ: Նա կարծում էր, որ փիլիսոփայությունը ոչ այլ ինչ է, քան լեզվի քննադատություն, միաժամանակ գտնում էր, որ չկա այլ աշխարհ լեզվից դուրս, և լեզուն է կառուցում աշխարհը: Բառերն էլ իրենց նշանակությունը ստանում են լեզվական խաղերի միջոցով:

Լեզվաբանական շրջադարձի երկրորդ փուլը՝ 1945-1950-ական թթ., առանձնանում է լեզվի տարբեր տիպերի ուսումնասիրության անհրաժեշտության գիտակցմամբ: Հենց այս փուլն է մեծ ազդեցություն թողել սոցիոլոգիայի վրա: Շվեյցարացի հեղինակ Ֆերդինանդ դե Սոսյուրը առաջարկեց նոր մոտեցում՝ առանձնացնել լեզուն և խոսքը: Լեզուն ավելի կայուն կառուցվածք է (կանոնները, որոնք գործում են լեզվի ներսում), իսկ խոսքն անհատական է, այն լեզվի շրջանակներում և լեզվի կառուցվածքով պայմանավորված յուրաքանչյուր կոնկրետ անհատի կողմից դրա ակտուալացումն է և կարող է լինել տարբեր: Սոսյուրն առանձնացնում էր նշանային համակարգը լեզվում, այն, ինչով նշանավորում է բառը, և սկիզբ դրեց նշանագիտությանը՝ սեմիոտիկային:

Լեզվաբանական շրջադարձի միջոցով սոցիոլոգիա ներթափանցած մոտեցումներում կառուցվածքը հասկացվում է հենց իբրև լեզվական կառուցվածք և թե ինչպես է այն կառուցակցում սոցիալականությունը: Այս ուղղությունը սոցիոլոգիայում ստացավ կառուցվածքաբանություն կամ ստրուկտուրալիզմ անվանումը, և կենտրոնում այն գաղափարն է, որ սոցիալականությունը ոչ այլ ինչ է, քան լեզվական կառուցվածքի սահմաններում ու միոջոցով արտադրվող իրականություն:

Եթե դու ունես անվանում ինչ-որ մի դերի համար, նշանակում է այդ դերը նշանակալի է քո սոցիալական կառուցվածքում, միևնույն ժամանակ Լևիստրոսը գտնում էր, որ միայն տերմինների ուսումնասիրությունը բավարար չէ կառուցվածքը հասկանալու համար, պետք է հասկանալ, որ բառերն իրենց նշանակությունը ստանում են միայն այդ փոխհարաբերության մեջ, և հենց սա է կառուցվածքի առանձնահատկությունը: Ամենակարևորը այդ տարրերը համակարգ դարձնող տրամաբանությունն է, որը հենց կառուցվածքն է:

Գրականության ցանկ 

 1. Ferdinand de Saussure, Course in general linguistics, London ; New York : Bloomsbury Academic, An imprint of Bloomsbury Publishing Plc., 2013

2. Клод Леви-Стросс.Структурная антропология. Anthropologie structurale М., 2001. 512 с.

3. Louis Althusser Pour Marx (recueil de textes extraits de diverses revues, 1960—1965). — P.: Maspero, 1965. (Альтюссер Луи. За МарксаМ.: Праксис, 2006. — 392 с)

4. Жак Лакан.Функция и поле речи и языка в психоанализе. — М: Гнозис, 1995.

Դիտեք նաև՝

Search