Play Video

Բժիշկներն իրենց մասնագիտական գործունեությունը սկսելուց առաջ երդվում են Հիպոկրատի երդումով` մասնագիտական հանրույթի առաջ տալով մի շարք խոստումներ` բժշկի գործունեության էթիկական սկզբունքներին վերաբերող: Բժշկությունը միակ ոլորտը չէ, որտեղ կարևորվում է էթիկական նորմերի պահպանումը: Սոցիալական հետազոտությունների ոլորտը նման է բժշկությանը այն առումով, որ երկուսի առանցքում էլ ընկած է միևնույն կենտրոնական սկզբունքը` «Մի’ վնասիր»: Հետազոտողը, բնականաբար, առաջին հերթին պետք է ֆիզիկապես չվնասի անձանց և նյութերին, որոնց հետ աշխատում է, բայց շատ ավելի հետաքրքիր է քննարկել սոցիալական, հոգեբանական և մասնագիտական վնասների հարցը:

1961 թվականին հոգեբան Սթենլի Միլգրեմը մի գիտափորձ իրականացրեց, որը հետագայում նրան բերեց համաշխարհային ճանաչում: Միլգրեմը ցանկանում էր հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել, որ Հոլոքոստի ժամանակ հազարավոր շարքային քաղաքացիներ մասնակցել են հրեաների ոչնչացման զանգվածային գործողություններին: Նա ուզում էր պարզել` որքանով է սովորական մարդը ունակ, հետևելով իրեն պարտադրված սոցիալական դերին, ցավ ու վնաս պատճառել այլ մարդկանց: Գիտափորձի ընթացքում մասնակիցներին բաժանում են երկու խմբի` «ուսուցիչներ» և «աշակերտներ», և ուսուցիչներին հրահանգում են առաջադրանքը սխալ կատարելու դեպքում սեղմել անջատիչը ու համապատասխան լարումով հարված հասցնել այլ սենյակում էլեկտրական աթոռի վրա նստած աշակերտին: Որքան շատ է աշակերտը սխալվում, այնքան պետք է բարձրացնել լարումը` անտեսելով նրա բղավոցներն ու խնդրանքները: Ի զարմանս շատերին` մասնակիցների մեծամասնությունը շարունակել է հետևել հրահանգներին նույնիսկ այն ժամանակ, երբ աշակերտը բղավում էր և հարվածում պատերին: Իրականում աշակերտները նախապես հրավիրված դերասաններին էին և որևէ հարվածներ չէին ստանում, բայց փորձարկվողները դրա մասին չգիտեին:

Այս գիտափորձը հեղափոխական նշանակություն ունեցավ սոցիալական հոգեբանության ոլորտում, բայց միաժամանակ նաև հիմք հանդիսացավ մասնագիտական հանրույթում հետազոտական էթիկայի շուրջ թեժ բանավեճերի ու քննադատության` դառնալով էթիկական երկընտրանքի լավագույն օրինակներից մեկը, որը, ցավոք, չունի միանշանակ լուծում: Նմանատիպ էթիկական երկընտրանքները բազմաթիվ են. ի՞նչ անել, երբ հետազոտության ընթացքում բացահայտվում է քրեորեն պատժելի արարք, ինչպե՞ս վնաս չհասցնել հենց հետազոտողին, ինչպե՞ս չվնասել հետազոտողների հեղինակությանը և նրանց նկատմամբ հանրային վստահությանը: Տարբեր երկրներում մշակվում են էթիկական ուղեցույցներ և հետազոտողի գործունեության էթիկական կոդեքս, որի խախտման դեպքում հետազոտողը կարող է նույնիսկ զրկվել մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից: Բայց նույնիսկ նման կոդեքսների գոյության դեպքում հնարավոր չէ լիովին խուսափել էթիկական երկընտրանքներից. միշտ առաջանում են բանավեճերի առարկաներ, և հետազոտողները շարունակաբար աշխատում են էթիկական ուղենիշների կատարելագործման վրա:

Դիտեք նաև՝

Search