Play Video

Ֆրանսիական հասարակությունն իր ուրույն հետքն է թողել համաշխարհային պատմության մեջ, և Ֆրանսիայի հասարակական-քաղաքական փորձը հետազոտվել է համաշխարհային պատմության թե՛ փիլիսոփայական, թե՛ քաղաքական և թե՛ հասարակական մտքի ներկայացուցիչների կողմից։ Ֆրանսիական պատմության միապետական և հանրապետական շրջանները բեկումնային են համարվում Ֆրանսիայի հասարակության ձևավորման և զարգացման, ինչպես նաև դրանց զուգընթաց տեղի ունեցող քաղաքացիական շարժումների և դրանց մեկնաբանման տեսանկյունից։

Ֆրանսիական հասարակության կազմավորման մեկնարկ է կարելի համարել Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որը զուգորդվում էր ֆրանսիական փիլիսոփայական մտքով, քանի որ այս գործընթացների մեկնակետն այն տեսական գաղափարներն էին, որոնք ազդեցություն թողեցին հասարակության և նրա գիտակցության վրա, ինչպես նաև որոշակի քաղաքական վարքագիծ պարտադրեցին նրան։ Խոսքը Ռուսոյի, Վոլտերի, Մոնտեսքյոյի, Դիդրոյի գաղափարների մասին է, որոնք մեծապես արմատավորվեցին ֆրանսիական հասարակության մեջ և պարտադրեցին նրան ակտիվ քաղաքացիական վարքագիծ ցուցաբերել։ 

1791 թվականին ընդունված Լը Շապելիեի օրենքն առանցքային նշանակություն ունեցավ շահույթ չհետապնդող կազմակերպությունների ձևավորման հարցում և նախկին՝ արհեստակցական շահույթ հետապնդող միավորների դեմ պայքարում։ Այս ամենը դժգոհություններ առաջացրեց, բայց ֆրանսիական հասարակությունը կարողացավ հաղթահարել դրանց հետևանքով առաջացած խնդիրները։ 

Ֆրանսիան հայտնի է իր հասարակական կառուցվածքով՝ սինդիկատներով (արհմիություններով), որոնք մի հստակ տարբերություն ունեն անգլոֆոն երկրների արհմիություններից, և այդ տարբերությունը բխում է ֆրանսիական մշակույթից․ Ֆրանսիայում սինդիկատները շատ ավելի կառուցվածքային բնույթ ունեն, և այստեղ հակադրությունը հանրային և մասնավոր ոլորտների միջև է, այնինչ երբ անգլոֆոն երկրներում գործում է կառավարություն-շուկա-հասարակական կազմակերպություններ եռակողմ սխեման։ 

1901 թվականին ընդունվեց «Ասոցիացիաների ազատության մասին» օրենքը, որով դրվեցին քաղաքացիական հասարակության հիմքերը։ Օրենքի շրջանակում պետական խորհուրդը վերահսկում և հաստատում էր ասոցիացիաները, և հայտարարված ու հաստատված ասոցիացիաներն ունենում էին օրինական իրավունքներ։ 

1970-1980-ական թթ․ Ֆրանսիայում ակտիվացավ այսպես կոչված ապակենտրոնացման շարժումը, որի շնորհիվ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարողանում էին համագործակցել տեղական համայնքների և իշխանությունների հետ։ Սա մշակութային «բումի» ժամանակահատված էր, երբ մեծ թափ հավաքեցին մշակութային ու սպորտային ասոցիացիաները։ Այս ամենը հանգեցրեց 1983 թվականի «Ապակենտրոնացման մասին» ակտի ընդունմանը․ ստեղծվեցին իրավական և օրենսդրական բոլոր նախադրյալները, որպեսզի ապակենտրոնացումն ավելի մեծ խթան դառնա Ֆրանսիայում քաղաքացիական հասարակության զարգացման համար։  

***

Այսօրվա դրությամբ Ֆրանսիայում գործում է շուրջ մեկուկես միլիոն քաղաքացիական հասարակության կազմակերպություն, որից մոտ 160 հազարը պրոֆեսիոնալ անձնակազմ ունի և պահովում է Ֆրանսիայի աշխատաշուկայի զբաղվածության մոտ 8 տոկոսը։ Այս համատեքստում կարևոր է կամավորների ընդգրկվածությունը ֆրանսիական քաղաքացիական հասարակության մեջ․ 2000-ականներից մինչ օրս կամավորների թիվը 12 միլիոնից աճել է 22 միլիոնի՝ կազմելով երկրի բնակչության մոտ 35 տոկոսը, ինչը վկայում է քաղաքացիական բարձր գիտակցության մասին։ 

Դիտեք նաև՝

Search