Play Video

Ինչպես բժշկության մեջ, այնպես էլ հոգեբանության մեջ, գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է տրավմա կամ վնասվածք, և այս երկու երևույթների միջև կան ընդհանրություններ: Ֆիզիկական տրավման, որ մարդը ստանում է, երբեք առանց մասնագիտական միջամտության չի հաղթահարվում: Իհարկե, ինչ-որ վնասվածքներ ստանալուց հետո, մարդը կարող է շարունակել իր կյանքը, սակայն այդ վնասվածքն իր հետքը կթողնի և իր մասին զգացնել կտա, եթե բժշկական միջամտություն չիրականացվի:

Հոգեբանական վնասվածքը մոտավոր նույն բնույթն ունի: Եթե մարդը ենթարկվում է հոգեբանական տրավմայի, դրա հաղթահարումն առանց մասնագիտական միջամտության չի կարող լինել: Տրավման իր յուրահատկություններն ունի և տարբերվում է սթրեսից: Չնայած որ սուր սթրեսային արձագքնը կարող է ինչ-ոչ չափով մոտ լինել տրավմային, սակայն տրավման ունի իր առանձնահատկությունները, որոնք շատ յուրահատուկ են և կարևոր է տրանք տարբերել:

Մարդը կարող է տրավմա ստանալ այն պարագայում, երբ հայտնվում է մի անսպասելի, հանկարծակի իրավիճակում, որում իր կյանքին, իր հարազատներից մեկի կյանքին կամ ներկա գտնվողներից որևէ մեկի կյանքին կամ ֆիզիկական ամբողջականությանը վտանգ է սպառնում: Սա մի իրավիճակ է, որին մարդ չի կարող որևէ կերպ պատրաստ լինել, նրա հոգեական աշխարհը չի կարող այն ընկալել, հասկանալ և որևէ բացատրություն տալ դրան: Հոգեբանական տրավման հաճախ կոչում են վիետնամական սինդրոմ կամ աֆղանյան սինդրոմ, երբ երկարատև պատերազմական իրավիճակներից հետո նկատում էին, որ մարդկանց մոտ ինչ-որ կայուն բացասական փոփոխություններ են տեղի ունենում: Այդ փոփոխությունները տեղի էին ունենում նրանց վարքում, հոգեվիճակում և այդ երևույթները բավական ընդհանրական էին: Այս երևույթը ժամանակի ընթացքում կոչվեց հետտրավմատիկ սթրեսային խանգարում, որն ունի իր օրինաչափությունները:

Ինչո՞վ է տրավման յուրահատուկ:

Այն հանկարծակի և անսպասելի մի իրողություն է, որը մարդու կյանքը բաժանում է երկու մասի՝ մինչտրավմատիկ շրջան և տրավմայից հետո: Սովորաբար, մարդիկ, ովքեր նման իրավիճակում են հայտնվել և նմանատիպ վնասվածք են ստացել, իրենք իսկ ասում են, որ այդ դեպքից հետո իրենք շատ փոխվեցին կամ իրենց կյանքը փոխվեց կամ իրենք այլևս նախկինը չեն: Մենք նկատում ենք նաև, որ պատերազմից վերադարձած մարդիկ, ովքեր գտնվել են ակտիվ ռազմական գործողությունների պրոցեսում, այլևս երբեք նման չեն լինում իրենց մինչպատերազմական կերպարին, բնույթին և շատ լուրջ փոփոխությունների են ենթարկվում: Շատ հաճախ մարդիկ տրավմաներից հետո, երբ վերադառնում են իրենց բնականոն ռիթմին, չեն կարողանում շփվել իրենց այն հարազատների և բարեկամների հետ, ովքեր չեն մասնակցել այդպիսի դեպքերի և իրողությունների:

Տրավման մի հոգեվիճակ է, որ կարող է մարդուն դուրս բերել նորմատիվային բոլոր չափանիշերից և կարող է հանգեցնել լուրջ հոգեկան խանգարումների՝ տագնապային խանգարումներ, վեգետատիվ փոփոխություններ, հիշողության, ուշադրության խանգարումներ, խոսքի խանգարումներ:

Տրավմաներից հետո մարդիկ ունենում են տարբեր խանգարումներ, որոնք տվյալ մարդու համար կառավարելի չեն,  հասկանալի և ընկալելի չեն: Օրինակ՝ անընդհատ տանջող բազմաբնույթ մղձավանջներ, անընդհատ անկառավարելի կրկնվող հիշողություններ, պատկերներ, որոնք, ֆլեշբեքերի տեսքով անընդհատ կրկնվելով, հայտնվում են մարդու աչքի առաջ:

Դիտեք նաև՝

Search