Play Video

Մարդու կյանքի ոչ մի շրջանում այնքան լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենում, որքան դեռահասության տարիքում, որովհետև այս տարիքն անցումային շրջան է հասունության և մանկության միջև: Մանկությունից մինչև հասունություն երեխան բավական մեծ ճանապարհ է անցնում և այդ ճանապարհն անցնում է մի քանի տարվա ընթացքում: Դեռահասություն ասելով, սովորաբար, մենք հասկանում ենք 10-ից 14/15 տարեկան հասակը, սակայն կան երեխաներ, որոնց մոտ դեռահասության շրջանը սկսվում է ավելի վաղ տարիքից՝ 8/9 տարեկան կամ ավելի ուշ՝ 13/14:

Դեռահասներն իրենց դեռահասության ամբողջ շրջանում կարող են օրինակ՝ մեկ տարվա ընթացքում 8-10 սմ հասակ առնել, ակնհայտորեն փոխվել, դառնալ անճանաչելի և այս փոփոխությունները տեղի են ունենում ոչ միայն նրանց արտաքինում, այլև ամբողջ մարմնում և հոգեկան ախարհում: Այս բոլոր փոփոխությունները շատ դժվար են ապրվում հենց իրենց՝ դեռահասների կողմից:

Այս տարիքում շատ կարևոր ու կենտրոնական տեղ է զբաղեցնում սեռական հասունացումը, որը տարբեր դեռահասների կողմից տարբեր կերպ է ապրվում: Այս փոփոխությունը դեռահասների մոտ լարվածություն ու տագնապ առաջացնող փոփոխություն է: Մենք գիտենք, որ այս թեման արգելված և տաբու թեմա է մեր հասարակության մեջ: Սովորաբար, ծնողներն այս փոփոխություններին համապատասխան վերաբերմունք ցույց չեն տալիս: Ավելի հաճախ նրանք ինչ-որ արգելող, սահմանափակող, վախեցնող արտահայտություններով սկսում են դեռահասներին կաշկանդել: Արգելում են հետաքրքրվել իրենց մարմնով կամ հակառակ սեռով: Սա խոսում է այն մասին, որ ծնողներն այս հարցերի շուրջ վախեր ունեն և վախենում են, որ դեռահասն իրեն վտանգող վարքագիծ կդրսևորի: Սակայն կարևոր է գիատակցել, որ այս փուլում դեռահասներն ավելի շատ աջակցության և խորհրդատվության կարիք ունեն: Նրանց օգնելու համար նախ և առաջ մենք ինքներս պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունենում և ինչպե՞ս պետք է այս փոփոխություններն ուղղորդել:

Դիտեք նաև՝

Search