Play Video

Կան որոշ պատկերացումներ, որոնք մեզ խանգարում են հաղթահարել առկա սթրեսները: Դրանք թյուր պատկերացումներ և առասպելներ են, որոնք խանգարում են մեր սթրեսների հաղթահարմանը: Որո՞նք են այդ պատկերացումները. Օրինակ՝ պատկերացում կա, որ ուժեղ սթրեսները մենք միշտ կարող ենք զգալ և ինչ-որ կերպ դրան արձագանքել: Սակայն սա քիչ կապ ունի իրականության հետ, որովհետև կան սթրեսներ, որոնք մենք չենք նկատում և դրանց ազդեցությունը կամ հետևանքները նկատում ենք միայն այն ժամանակ, երբ սթրեսային ազդեցությունն արդեն նվազել է և չկա:

Լինում են իրավիճակներ, երբ մենք սկսում ենք շատ ակտիվ գործունեություն ծավալել, ինչ-որ բաներ ենք նախաձեռնում, գործողություններ ենք իրականացնում իրավիճակը կառավարելու համար և այդ ընթացքում չենք նկատում, որ մենք բարձր լարվածության և սթրեսային իրավիճակի մեջ ենք: Անցնում է որոշ ժամանակ և մեր ինքնազգացողության կամ տրամադրության մեջ ինչ-որ բացասական երևույթներ ենք սկսում նկատել: Լարված աշխատանքային շրջաններից հետո, շատ բուռն փոփոխությունների շրջաններից հետո՝ ամուսնություն, տեղափոխություն, նոր աշխատանք, երբ առաջին փուլի ակտիվությունն անցնում է, մենք զգում ենք որոշակի ուժերի կորուստ, տրամադրության անկում, դեպրեսիվ հոգեվիճակ: Սովորաբար, այս իրավիճակը մենք կապում ենք ոչ թե նախորդող փուլի հետ, այլ՝ ներկա իրադրության հետ:

Պարզվում է, որ երկարատև սթրեսային իրավիճակներից որոշ ժամանակ հետո, երբ կարծես օրգանիզմը հանգստանում է և թուլանում է, այդ ընթացքում ի հայտ են գալիս սթրեսի հետևանքները թե՛ հուզական, թե՛ ֆիզիոլոգիական ոլորտներում:

Մենք հաճախ կարծում ենք, որ սթրեսի ենթակա են թույլ մարդիկ և ուժեղ մարդիկ կարող են սթրեսը հաղթահարել, որովհետև ավելի սթրեսակայուն են ու դիմացկուն: Մենք ուժեղ ենք կոչում այն մարդկանց, ովքեր մեծ նպատակներ են դնում, ձգտում են հաղթահարել բոլոր խնդիրները, ովքեր չեն վախենում, լուրջ պայքարի մեջ են նետվում, համարձակորեն փորձում են հաղթահարել խնդիրները: Իրականում ուժեղ մարդիկ իրենք իրենց կյանքի բնույթով և ձևով հրահրում են սթրեսային իրավիճակներ: Արդյունքում ստացվում է, որ ուժեղ մարդիկ շատ ավելի շատ են լինում սթրեսային իրավիճակներում, ավելի շատ են սթրես ապրում, քան թույլ մարդիկ, ովքեր չեն ուզում դժվարություններ հաղթահարել, չեն ձգոտւմ առաջ գնալ, զարգանալ, խոշոր քայլեր անել:

Դիտեք նաև՝

Search