Play Video

Հոգեբանության սկբնավորումից ձևավորված հոգեբանական հիմնական դպրոցների ներկայացուցիչները առայսօր վիճում են հոգեբանության կարևոր հիմնահարցերի շուրջ:

Կոգնիտիվ հոգեբանության ուշադրության կենտրոնում են ճանաչողական գործընթացները՝ ուշադրությունը, ընկալումը, հիշողությունը, մտածողությունը և դրա զարգացման հարցերը, ուսուցումն ու ուսանելիությունը, խոսքը: Այս խնդիրները քննարկվել են դեռևս հոգեբանության առաջացման ժամանակներից՝ XIXդ. վերջին հոգեֆիզիոլոգների, այնուհետև գեշտալտ-հոգեբանների, ասոցիանիստների և այլն: Կոգնիտիվ հոգեբանությունն այսօր կիրառական ուղղություն է, դրա տվյալները կիրառվում են տնտեսությունից (օրինակ՝ ընտրության սկզբունքները) մինչև դպրոցի հոգեբանություն (օրինակ՝ խոսքի զարգացում):

Հոգեվերլուծությունն (հոգեդինամիկ ուղղությունը) այսօր նույնացվում է Զիգմունդ Ֆրոյդի անվան հետ: Հոգեվերլուծական դպրոցի հիմնական դրույթը պնդում է, որ մարդը այդքան էլ գիտակցական էակ չէ: 1900թթ. սկզբին Ֆրոյդը մարտահրավեր նետեց բարձրաշխարհիկ հասարակությանը՝ հայտարարելով, որ մարդկանց վարքը պայմանավորված է անգիտակցանան ցանկություններով, մղումներով ու բնազներով: Ֆրոյդը սկիզբ դրեց «խորքային» հոգեբանությանը. տեսնելով որևէ արտահայտում, հոգեբանը պիտի դրա խորքային պատճառները գտնի մարդու անգիտակցականում: Ֆրոյդի տեսությունը հատկապես քննադատվում էր, քանի որ հիմնված էր կլինիկական փորձի՝ հիստերիաներով և նևրոզներով տառապող մարդկանց (հիմնականում կանանց) խնդիրների ուսումնասիրության վրա, սակայն կիրառվում էր ողջ մարդկությանը բնորոշելու համար: Այսօր տեսական հոգեբանության մեջ հոգեդինամիկ ուղղությունը կիրառելի և ակտուալ է մնում. դրա հիմնական խնդիրը մարդու վարքի հիմքում ընկած մարդու հոգեկան դինամիկան ապահովող անտեսանելի պատճառների ուսումնասիրություն է: Ֆրոյդի հայտնի հարցը բնորոշում է այս ուղղությունը. «ի՞նչ է պատահում մտքին, երբ այն մոռացվում է»: Հոգեվերլուծության հիմնական հասկացություններն են մանկական փորձի ազդեցությունը մարդու հետագա կյանքի վրա, անգիտակցանի մեծ դերը մարդու հոգեկանում:

Բիհեյվիորիստներն (behavior` վարք) առաջ քաշեցին այլ խնդիրներ՝ պնդելով, որ հոգեբանությունը պիտի հիմնվի տեսանելիի՝ մարդու վարքի վրա: Եթե հոգեվերլուծական աշխատանքի նպատակն է վերլուծել մարդու ներսում կատարվող անգիտակցական գործընթացները, ապա բիհեյվիորիստը փրձում է վարքի ուղղման միջոցով ազդել ներքին խնդիրների վրա: Բիհեյվիորիզմի հիմնական հասկացություններն են ամրապնդումը, ռեֆելեքսները, պայմանավորումը: Այն հիմնովին վերանայվել է, սակայն, դրա որոշ դրույթներ առայսօր բավական ազդեցիկ դիրք ունեն:

Հոգեբանության երրորդ ալիքի՝ հումանիստական հոգեբանության հիմնախնդիրը մարդու պոտենցիալների և աճի ուսումնասիրությունն է: Այն քննարկում է մարդու զարգացման խնդիրները՝ առաջ քաշելով մի շարք նոր հարցեր՝ կրեատիվությունը, ազատ ընտրությունը, այնկողմնային ապրումները, կամքը, հոգևոր ճգնաժամերի և ինքնաիրացման: Մարդը ավելին է քան ինքն այս պահին է, և, հետևաբար, հոգեբանության խնդիրն է դուրս բերել իր պոտենցիալը՝ հասցնելով ինքնաճանաչման:

Հոգեբանության մեջ կենսաբանական դպրոցը հետազոտում է գլխուղեղի ու նյարդային համակարգի կապը հոգեկան երևույթների հետ: Դրանց մեջ է մտնում նաև էվոլյուցիոն հոգեբանությունը, որը նպատակ ունի ուսումնասիրելու, թե ինչ էվոլյուցիոն ճանապարհ է անցել մարդու որևէ հոգեկան հատկանիշ, ինչ գործառույթ ունի այն, ինչ կենսաբանական նշանակություն ունեն մարդու հոգեկան գործընթացները:

Սոցիալական հոգեբանությունը շատ բազամտարր ու բազմաճյուղ դպրոց է՝ լի ներքին տարբերություններով և հակասություններով: Դրա ուշադրության կենտրոնում են անձի և խմբի հարաբերությունները՝ խմբային կարծիքի ազդեցությունը, խմբային պատկանելությունը, կոնֆորմիզմը և այլն: Սոցիալական հոգեբանությունը ևս հիմնված է էքսպերիմենտալ մեթոդների վրա:

Դիտեք նաև՝

Search