Play Video

Ալարկոտությունն աշխատասիրության բացակայությունը չէ. այն ունի իր պատճառները, որոնցից մեկը մոտիվացիայի պակասն է: Այսինքն՝ տվյալ գործողությունն անելու ձգտում, ցանկություն, մոտիվացիա չկա: Մոտիվացիայի այս բացակությունը կարող է շատ տարբեր պատճառներ ունենալ: Օրինակ՝ երբ չկա հավատ, որ տվյալ գործողությունը կարող է արդյունավետ լինել կամ չկա հավատ սեփական անձի և ուժերի մեջ: Այսինքն՝ ալարկոտության հիմքում կարող է լինել ցածր ինքնագնահատականը, քանի որ ինքնավստահ մարդիկ սովորաբար ավելի ակտիվ և աշխատունակ են: Ալարկոտության տակ կարող է թաքնված լինել օրինակ՝ դեպրեսիան, երբ մարդն իր մոտ ուղղակիորեն ցանկությունների բացակայություն է արձանագրում, երբ որևէ բան անելու ցանկություն չկա, չկա ոգևորվածություն որևէ բանով, չկա հետաքրքրվածություն առհասարակ կյանքի հանդեպ: Ալարկոտության պատճառ կարող է լինել հոգնածությունը և սպառվածությունը, ինչն օրգանիզմի բնական ռեակցիան է պահպանելու իր ուժերը և էներգիան սպառումից: Այս պարագայում ալարկոտությունը կարող է անձին տանել ուժերի վերակնագնման:

Կարիք կա վերլուծել և հասկանալ՝ որն է ալարկոտության պատճառը: Պետք է վերլուծել, թե տվյալ գործողությունը մեզ վստահություն ներշնչու՞մ է, արդյո՞ք ցանկալի քայլերը հավատ ներշնչում են կամ այն արդյունքը, որ մեզ խոստանում են, մեզ բավարարու՞մ է, թե՞ ոչ: Երբեմն որոշ գործողություններ մենք սովորույթի ուժով ենք անում, բայց երբեմն ժամանակի ընթացքում մարդկանց նպատակները, ցանկությունները, կյանքի ոճը և հետաքրքրությունները փոխվում են և դրան համապատասխան ցանկություն է առաջանում փոխելու մասնագիտական գործունեության ոլորտը: Երբեմն ալարելը կարող է նշել լինել, որ մեր առջև դրված խնդիրները չունեն զարգացման ներուժ: Ի՞նչն է մեզ համար զարգացման ներուժ պարունակում. մեր հնարավորություններից ավելի բարձր խնդիրները և դժվարությունները: Այսինքն՝ այն ինչ մեզ լարում է և ստիպում է մի քիչ ջանք թափել, մեզ զարգացնում է:

Կա նաև ալարկոտություն՝ որպես անձնային որակ, որը դաստիարակվում է երեխայի մոտ փոքր տարիքից: Հաճախ, երբ մենք մարդու համար շատ հեշտացնում ենք իր խնդիրները, նրա մոտ պակասում է հաջողության զգացումը: Եթե մենք երեխային զրկում ենք ինքնուրույն ձեռքբերումներ ունենալու հնարավորությունից, մենք երեխայի մեջ չենք սերմանում աշխատասիրություն և նպատակասլացություն և նրան դրաձնում ենք ալարկոտ:

Դիտեք նաև՝

Search