Play Video

Մտածողությունը հոգեբանության մենաշնորհը չէ, և դրա մասին առաջին հարցերը ծագել էին դեռևս անտիկ աշխարհի փիլիսոփաների մոտ: Հոգեբանության մեջ մտածողությունը արտացոլման միջնորդավորված և ընդհանրացված տեսակ է. առարկան չունի շոշափելի ձև և հայտնվում է գաղափարների և խոսքերի ոլորտում: Մտածողությունը ուսումնասիրվում է հոգեբանության երկու հիմնական ուղղությունների կողմից:

Կոգնիտիվ հոգեբանությունն ուսումնասիրում է որոշումների կայացման, պրոբլեմային իրավիճակների վարքի, կռահման մեխանիզմները, իմացական սխալները և այլն: Դանիել Կանեմանն ուսումնասիրում էր տնտեսական որոշումների կայացումը, կռահողական սխալները: Դրանք ուսումնասիրվում են որպես տեսական գործընթաց՝ անձից դուրս: Թեստային քանակական սկզբունքի վրա հիմնված մյուս ուղղությունը ուսումնասիրում է բանականությունը: Բանականության (ինտելեկտի) հետազոտությունները երկար պատմություն ունեն և կապված են եղել տարբեր ժամանակների մշակութա-քաղաքական ենթատեքստերի հետ: Հոգեբանությունը, զարգանալով և փոփոխվելով, վերանայեց բանականության թեստերի համակարգը. հարցեր կազմվեցին, որ հիմնված էին դատողության ունակության վրա, ոչ թե գիտելիքի: Փորձ արվեց նաև թեստերը դարձնել ոչ խոսքային, քանի որ լեզվական հմտությունները չի կարելի նույնացնել մտածողական ընդհանուր ունակության հետ: Բանականությունը բաժանվում է հատուկ տեսակների՝ ընդհանուր (g-intellect) և վերբալ, թվերի ու պատկերների հետ աշխատելու և այլն: Մարդկանց անհատական տարբերությունները կարող են դրսևորվել ավելի հատուկ ոլորտներում, ոչ թե ընդհանուր բանականության մակարդակում: Մի այլ դասակարգում է կոնվերգենտ և դիվերգենտ մտածողությունների տաարբերակումը: Կոնվերգենտ (համամիտվող) մտածողությունը ուղղված է գոյություն ունեցող մոտեցումներով խնդիրը լուծելու ուղղությամբ, իսկ դիվերգենտ (տարամիտվող) մտածողությունը միտված է խնդրին տալ լուծման տարբերվող և կապված է ստեղծագործական մտածողության հետ:
Մտածողության տեսակներից են հոսուն (ֆլյուիդ) և բյուրեղացված ինտելեկտները: Հոսուն մտածողությունը թույլ է տալիս նոր գիտելիք յուրացնել, իսկ տարիքի հետ ձևավորվող բյուրեղացվածը՝ գոյություն ունեցող հմտությունների հիման վրա գիտելիք կառուցել: Բանականության հետազոտություններում ընդունված հասկացություն է հուզական բանականությունը՝ զրուցակցին ավելի լավ հասկանալու, նրա նպատակները ըմբռնելու ունակությունը: Կանայք ավելի հակված են հուզական բանականությանը, ընդհանուր բանականությունը հատուկ է բոլորին, իսկ հատուկ բանականության որոշ տեսակներում, օրինակ՝ տարածական մտածողության ոլորտում, տղամարդիկ են առաջատար:
Մտածողական ունակությունների հետազոտություններում կարևոր են նաև գենետիկ ուսումնասիրութունները: Բանականությունը ժառանգման բարձր գործակից ունի և ավելի քիչ է պայմանավորված միջավայրով, քան խառնվածքի՝ ինտրավերսիայի և էքստրավերսիայի ձևավորումը:

***

Մտածողության ուսումնասիրությունների հիմնարար հարցերից մեկը վերաբերում է մտածողության և խոսքի կապին: Կոգնիտիվ զարգացման տեսությունը պնդում է, որ երեխայի մտածողության զարգացումը մինչև որոշակի տարիք անկախ է խոսքից: Մարքիսիստական կողմնորոշմամբ սոցիալ-մշակութային տեսությունն, ընդհակառակը, պնդում է, որ խոսքի և մտածողության զարգացումն անբաժանելի է. մարդու հոգեկանը միջնորդավորված է նշանով, որը խոսքն է, և երեխայի մտածողությունը զարգանում է մեծահասակների հետ շփման միջոցով: Մտածողությունը և խոսքն իմաստների շնորհիվ այնքան փոխկապակցված են, որ անտեղի է դրանց առանձին ուսումնասիրությունը: Մտածողական օպերացիաները չի կարելի առանձնացնել խոսքից. խոսքի միջոցով է ժամանակակից մարդը իմաստավորում: Մտածողությունն ու խոսքը, այնուամենայնիվ, չի կարելի նույնացնել. նույնիսկ մեծահասակ մարդու խոսքը կարող է լիովին անջատված լինել մտածողությունից:

Դիտեք նաև՝

Search