Play Video

Հիպերակտիվությունը վաղ մանկական տարիքում սկսվող վարքագծային խանգարում է, որը նյարդաբանական խնդիր է: Այսինքն՝ այս ախտորոշումը պետք է նյարդաբանի կողմից արվի: Այս ախտորոշումն արվում է վարքագծային դիտարկման միջոցով: «Հիպերակտիվություն» տերմինը շատ հաճախ ոչ տեղին շրջանառվող տերմիններից է, քանի որ հաճախ մենք երեխայի սովորական ակտիվ վարքագիծը բնորոշում ենք որպես հիպերակտիվություն:

Հիպերակտիվության համախտանիշը զարգացման նյարդաբանական-վարքային խանգարում է, որը հաճախ սկսվում է վաղ մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսիվ վարքագիծը:

Հիպերակտիվ երեխաները դեռևս վաղ տարիքից տարբերվում են իրենց տարիքային խմբին պատկանող մյուս երեխաներից. այս երեխաների մոտ նկատվում են քնի խանգարումներ, նրանք ավելի հաճախ են լաց լինում, կարող են նկատվել խոսքի բնականոն զարգացման խանգարումներ: Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ հիպերակտիվությունն արտահայտվում է ուշադրության դեֆիցիտով, իսկ ուշադրության դեֆիցիտը խանգարում է խոսքի յուրացման գործընթացին: Այսինքն՝ երեխան խոսքը յուրացնելու և իրեն շրջապատող միջավայրը ընկալելու ավելի քիչ հնարավորություններ ունի՝ իր տարեկիցների համեմատ:

Կարևոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հիպերակտիվությունը չի կարելի և հնարավոր չէ բուժել դաստիարակչական մեթոդներով, ինչպես նաև խորհուրդ է տրվում խոսափել մեծ տարածում ունեցող մի շարք թյուր և ոչ մասնագիտական մոտեցումներից: Օրինակ՝ հաճախ խորհուրդ է տրվում հիպերակտիվություն ունեցող երեխաներին ներգրավվել տարբեր ակտիվ խմբակներում՝ «…տարեք տարբեր խմբակներ, թող էներգիան սպառվի», սակայն հիպերակտիվ երեխան ավելի ակտիվ է լինում, երբ հոգնած է: Ստացվում է, որ այս ակտիվ խմբակները ավելի են շեղում երեխայի ուշադրությունը և նպաստում են նրա գերակտիվությանը: Նման ակտիվ միջավայրը երեխայի մոտ գերհոգնածություն է առաջացնում, իսկ գերհոգնածությունը մեծացնում է հիպերակտիվ երեխայի ակտիվությունը, թուլացնում է ուշադրության կենտրոնացումը և մեծացնում է իմպուլսիվությունը: Հակառակը, հիպերակտիվ երեխաներին պետք է ներգրավվել ավելի խաղաղ խմբակների մեջ. օրինակ՝ լողը:

Դիտեք նաև՝

Search