Play Video

Տագնապային խանգարումները սթրեսով պայմանավորված տարբեր հոգեկան խանգարումների ընդհանուր անվանումն է: Այս խանգարումներն ունեն ընդհանուր օրինաչափություններ և արտահայտվում են անընդհատ և պարբերաբար կրկնվող սուր և անկառավարելի տագնապի զգացումով:

Ընդհանուր առմամբ այս բոլոր խանգարումների առանձնահատկությունները կարելի է բնութագրել բարձր տագնապայնությամբ: Տարբեր իրավիճակներում, որտեղ տագնապի կարիք չկա, մարդն ունենում է շատ բարձր, անկառավարելի և սուր տագնապի զգացում: Այդպիսի իրավիճակները կարող են լինել շատ կենցաղային հարցերի հետ կապված. օրինակ՝ մարդիկ կարող են ունենալ  տարբեր հիվանդություններ ձեռք բերելու հետ կապված կպչուն վախեր, տարբեր վարակներով վարակվելու վախեր, որից խուսափելու համար նրանք սկսում են բծախնդրորեն վերաբերվել մաքրությանը, անընդհատ լվանալ ձեռքերը, խիստ հետևել տան մաքրությանը և իրենց վախերից խուսափելու համար սկսել ինչ-որ կրկնվող գործողություններ անել: Մարդիկ կարող են ունենալ կպչուն վախ, որ ինչ-որ մեկը կարող է իրենց տուն մտնել և թալանել, որի պատճառը կարող է լինել իրենց՝ դուռը փակ թողնելը, ինչի պատճառով մարդիկ սկսում են անընդհատ դռան բաց կամ փակ լինելը ստուգելու գործողություն իրականացնել:

Կպչուն մտքերը կարող են լինել նաև կրոնական բնույթի՝ մեղք գործելու վախ, որոնք, սովորաբար, որևէ կերպ կապ չեն ունենում տվյալ անձի գործունեության և կենսակերպի հետ: Այսինքն՝ որևէ օբյեկտիվ հիմնավորում չունեն: Այս կպչուն մտքերը կարող են նույնիսկ շատ կոնտրաստային բնույթ կրել. այսինքն՝ կարող են մարդու արժեքային համակարգից ամբողջովին դուրս լինել կամ տվյալ անձի արժեքային համակարգին ճիշտ հակառակ լինել: Օրինակ՝ կարող է շատ զուսպ դաստիարակություն ստացած մարդն ունենալ ինչ-որ անպարկեշտ մտքեր, անբարո գործողությունների մասին մտքեր և հետևաբար վախեր, որ ինքը կարող է դրանք իրականացնել: Պատկերացրեք մեկին, ով ստացել է շատ ավանդապաշտ կամ բարոյականության մասին շատ բարձր չափանիշերով դաստիարակություն և ունենում է նմանատիպ մտքեր: Այդ մտքերի դեմ պայքարելու մղման հետևանքով նա սկսում է ինչ-որ կրկնվող գործողություններ իրականացնել՝ բացարձակ տրամաբանությունից դուրս ինչ-որ ծիսական գործողություններ. օրինակ՝ հաշվել ինչ-որ բաներ, գնալ ինչ-որ տեղ և հետ գալ, մի քանի անգամ պտտվել ինչ-որ բանի շուրջ, միշտ ինչ-որ կոնկրետ կերպով ծորակը բացելու, ինչ-որ կոնկրետ կերպով լվացվելու կամ լոգանք ընդունելու սովորություններ մշակել: Այս գործողությունները կարծես մեղմում են մարդու տագնապը: Ինչպե՞ս: Մարդու գիտակցությունը հնարում է ինչ-որ մի մեխանիզմ, որը կօգնի հաղթահարել այդ կպչուն մտքերը, որովհետև մարդը հավատում է, որ այդ գործողություններն անելով, նա կկարողանա կանխել իր մտավախությունների իրականացման վտանգը: Այսինքն՝ եթե ես այս սկզբունքով լվացվեմ, ես չեմ վարակվի, եթե ես այս ձևով վարեմ մեքենան, ապա այս օրս շատ լավ կանցնի, եթե ես այս ձևով ջուրը լցնեմ բաժակի մեջ, ես չեմ վարակվի և այլն:

Դիտեք նաև՝

Search