Play Video

Ընտանիքի ձևավորման հարցում Արիստոտելը մի կարևոր դիտարկում է անում՝ ասելով, որ ընտանիքը ձևավորվում է երկու սեռերի միջև միությունից, ընդ որում՝ դա ավելի շատ անհրաժեշտաբար, կարիքներից բխած միություն է և ոչ թե գիտակցականորեն ընդունված որոշում, որի նպատակը, ըստ էության, վերարտադրությունն է, սերունդների շարունակությունը: Քանի որ մարդկային համակեցության ձևերը, ըստ Արիստոտելի, հաղորդակցության ձևեր են, նա համոզված էր, որ յուրաքանչյուր հաղորդակցություն ձգտում է որոշակի բարիքի, և կառուցելով իր եռաստիճան համակարգը՝ ընտանիք, բնակավայր, հասարակություն (կամ պետություն)՝ Արիստոտելը սրանով փորձում էր ցույց տալ, թե բնական զարգացումը ինչպես է ավարտվում և ինչու է պետությունն ու հասարակությունը մարդկանց միջև հաղորդակցության բարձրագույն ձև: «Պոլիտիկա» աշխատության մեջ Արիստոտելը գրում է. «Հասարակությունը բաղկացած է մի քանի բնակավայրից, որը ամբողջովին ավարտուն պետությունն է, ինչը հասել է ինքնաբավ վիճակի և առաջացել է կյանքի պահանջմունքները բավարարելու համար, սակայն գոյություն ունի բարիքով լի կյանքի համար»:

Հայերենում պետությունը «պետ» արմատից է կազմված, որ նշանակում է գլխավորը, իշխանը:  Պետությունն էլ, ըստ էության, նրա տիրակալությունն է, նրա իշխանությունը, որը ցույց է տալիս պետության այն անձնավորված ըմբռնումը, ինչը բնորոշ է աստիճանակարգորեն աշխարհին նայելու միջնադարյան պատկերացմանը:

Ժամանակակից աշխարհում, երբ ասում են կարգավիճակ, նկատի ունեն բոլոր հնարավոր մարդկանց կարգավիճակը, և դա անմիջականորեն հղում է, որ կարող են գոյություն ունենալ տարբեր կարգավիճակներ, ընդ որում այդ կարգավիճակը որոշվում է տարբեր մարդկանց միջև հարաբերություններով: Պարզվում է՝ ուշ միջանդարում կամ վաղ վերածննդում, երբ օգտագործել են ստատուսը, այն ավելի շատ ցույց է տվել իշխանի, տիրակալի դրությունը, և ստատուսը ցույց է տվել այն ենթակայական հարաբերությունները, որ ունեցել են տիրակալի կամ իշխանի հպատակները իր նկատմամբ: Անգլերենում «ստատուս» թարգմանաբար նշանակում է վեհաշուք, վեհապանծ, արժանապատիվ կեցվածք: Այսինքն, ստատուս ասելով՝ առաջին հերթին ենթադրել են իշխանի վեհաշուք և վեհապանծ, արժանապատիվ կեցվածքը: Պարզվում է, որ այս ժամանակաշրջանում իշխանի կամ տիրակալի վեհաշուք, արժանապատիվ կեցվածքը միանգամայն բավական է եղել կարգաբերող ուժ, զորություն, ազդեցություն ունենալու համար. սա դարձյալ հղում է վեբերյան խարիզմատիկ առաջնորդի գաղափարին:

Միջնադարում պատկերացնում էին, որ իշխանի երջանիկ լինելը, իշխանի վիճակը, ստատուսը ուղղակի արտացոլվում է նրա  հպատակների ստատուսի վրա, հետևաբար իշխանի ստատուսի պահպանումը ոչ միայն կարևոր է բուն իշխանի համար, այլ նրա երջանիկ լինելուց է կախված իր հպատակների երջանիկ լինելը:

Գրականության ցանկ

1. Платон, Государство, Избранное, М., 2006.

2. Аристотель, Политика, Сочинения в четырех томах, М., 1984, т. 4.

3. Quentin Skinner, The State, In: Contemporary Political Philosophy. An Anthology, ed. by Robert E. Goodin and Philip Pettit, Malden, 2010.

Դիտեք նաև՝

Search