Play Video

Գրեթե բոլոր գիտությունների սկզբնավորման, այդ թվում և քաղաքականության շուրջ գիտական և փիլիսոփայորեն խորհելու ավանդույթի սկզբնավորման մասին խոսելու համար պետք է վերադառնալ անտիկ աշխարհ, մասնավորապես՝ հին հույների աշխարհ, և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, երբ մտածողները սկսել են քաղաքականությունը դարձնել իրենց մտասևեռման առարկան: Ընդհանրապես, երբ փորձում են հստակեցնել այն նախապայմանները, որոնք նպաստել են այսպես կոչված անցմանը դիցաբանականից կամ առօրեական աշխարհայացքից դեպի գիտական, և փիլիսոփայական աշխարհայացքը, այլ կերպ ասած՝ համակարգված, հիմնավորված գիտելիքը, կատեգորիաներով, հասկացություններով մտածելու և խորհելու կերպը, միշտ նախանշում են երկու նախապայման (խոսքը Հին Հունաստանի մասին է):
1) Պնդում են, որ Հին Հունաստանում մտավոր և ֆիզիկական աշխատանքի բաժանման շնորհիվ տերերը պարզապես ազատագրվեցին առօրյա հոգսերից և առօրյա հոգսերով պայմանավորված ֆիզիկական աշխատանքից՝ թողնելով այդ բեռը ստրուկների վրա, այսինքն՝ ազատ ժամանակ ունեին խորհելու և մտածելու և, ամենակարևորը, չանհանգստանալու կենցաղային խնդիրների համար:
2) …Աթենական պոլիսում՝ ագորայում, երբ տղամարդիկ հավաքվում էին քննարկելու կարևոր քաղաքական հարցեր, այդ քննարկման մեխը բազմակարծությունն էր, այսինքն բոլորը հնարավորություն ունեին ներկայացնելու իրենց տեսակետն ու դիրքորոշումը, ամենակարևորը՝ հիմնավորելու, և այդ բախման մեջ էլ կամ այդ փոխհարաբերություններում պետք է ծնվեր ճշմարտությունը:

Քաղաքագիտության՝ իբրև մասնավոր գիտության կայացումը պետք չի կապել 19-րդ դարի 2-րդ կեսի կամ 20-րդ դարի մինչև 20-30-ական թվականները: Ինչո՞վ է սա պայմանավորված: Նիկոլաս Լումանը սոցիոլոգիայի առնչությամբ ասում է. «Սոցիոլոգիան՝ որպես մասնավոր գիտակարգ, կար մինչև 20-30-ական թվականները, բայց, այնուամենայնիվ, իբրև ակադեմիական, ինստիտուցիոնալացմանը ենթարկված գիտակարգ չկար այն պարզ պատճառով, որ չկային բավական չափով կամ քանակությամբ կրթված սոցիոլոգներ, ովքեր կկարողանային մեկը մյուսի հետ բանավիճել: Չկային թարգմանված, ֆունդամենտալ սոցիոլոգիական աշխատություններ»: Եթե նույնը պրոեկտել քաղաքագիտության ձևավորման այս առաջին շրջանին, ապա կարելի է նկատել, որ առաջին քաղաքագետները իրականում քաղաքագետներ չէիր, նրանք պատմաբաններ էին, սոցիոլոգներ  ու իրավաբաններ, որոնց, ի թիվս այլ թեմաների, նաև հետաքրքրում էր՝ ինչպիսին են քաղաքական ինստիտուտները, օրինակ՝ կառավարման մարմինները՝ օրենսդրական կամ գործադիր, ինչպես են դրանք փոխհարաբերվում, ինչպես են դրանք սկզբնավորվել, այսինքն խնդիրները շատ ավելի ընդհանուր էին և սոցիալական գիտությունների տրամաբանության մեջ:

Գրականության ցանկ

1. Аристотель, Метафизика, Сочинения в четырех томах, М., 1976, т. 1.

2. Аристотель, Никомахова Этика, Сочинения в четырех томах, М., 1984, т. 4.

3. 21st Century Political Science: A Reference Handbook/ ed. by John T. Ishiyama, Marijke Breuning, Los Angeles, 2011.

4. Donatella della Porta, Michael Keating, Introduction, In: Approaches and Methodologies in Social Sciences/ ed. by Donatella della Porta, Michael Keating, Cambridge, 2008.

5. Leo Strauss, Political Philosophy and History, http://cdn.preterhuman.net/texts/history/Political%20Philosophy%20&%20History%20-%20Leo%20Strauss.pdf

Դիտեք նաև՝

Search