Play Video

Ինքնորոշումն անձի կամ ժողովրդի ընտրությունն է. մարդը գիտակցում է սեփական իրավունքը, հստակեցնում է նպատակներն ու դիրքորոշումը և ռեսուրսներ գտնում սեփական մարտավարությունն իրականացնելու համար: Հանրությունը կարող է տիրել իրավիճակին, որը բերում է սուվերենության, կամ ենթարկվել միջավայրին: Այդ դիրքորոշումը ստեղծում է նոր տեսակի փոխհարաբերություններ մարդու և միջավայրի միջև: Նոր բջիջն՝ ինքնորոշված հանրույթն, ունի սեփական նպատակներն ու հավակնությունները և պիտի հաղթահարի միջավայրի դիմադրությունը, քանի որ մյուս սուբյեկտների համար փոփոխությունները ցանկալի չեն: Սակայն, եթե հանրույթն իսկապես մտադրություն ունի իր իրավունքն իրացնելու, մյուս սուբյեկտներն աստիճանաբար ընդունում են այդ հակումը և օգտագործում՝ սեփական շահերից ելնելով: Ուստի, գիտակցված իրավունքը և դրա համար պայքարելու պատրաստակամությունը ծնում է ուժ՝ էներգիա ստանալով միջավայրից:

Արցախի խնդիրը բերեց հայ ժողովրդի ինքնորոշմանը. այստեղ կարելի է տեսնել վերը նկարագրված գործընթացը: Արցախի ժողովուրդը հստակեցրել է իր իրավունքը, դիմել է միջավայրին, որը, սակայն, սկսել է ճնշում գործադրել, «խեղդել» ինքնորոշման գործընթացում գտնվող սուբյեկտին: Հայաստանը սատար է կանգնել Արցախին՝ էներգիա տալով նրան:

Մի այլ օրինակ է թուրքական պետության ստեղծումը: Թուրքիայի ինքնորոշումը երկու փուլով է ընթացել՝ Առաջին աշխարհամարտի տարիներին պատերազմին միանալու և քրիստոնյաների հանդեպ գործողություններ իրականացնելու որոշմամբ և պատերազմում պարտվելուց հետո 1919թ. Աթաթուրքի գլխավորությամբ նոր տարածքներով նոր պետության ձևավորմամբ: Միջավայրն արձագանքեց այդ իրադարձություններին, և մի շարք պետություններ նորովի հարաբերություններ սկսեցին Թուրքիայի հետ:


Կատալոնիան ամբողջությամբ իրավական մակարդակով, խորհրդարանի միջոցով անկախություն հայտարարեց, և այս հայտարարությունից հետո Իսպանիան պետք է ինքնաբերաբար դառնար նրա հարևան պետությունը: Սակայն վերջինս հայտարարեց, որ կդատի Կատալոնիային հակապետական գործունեության ու Սահմանադրությունը խախտելու համար: Սկսվեց ճնշում աշխարհի մյուս պետությունների կողմից (մասնավորապես եվրոպական), և Կատալոնիայի ղեկավարները պարզապես փախուստի դիմեցին՝ իրենց հռչակած պետությունից մեկնելով այլ եվրոպական պետություններ և օգնություն խնդրելով: Սա վկայում է այն մասին, որ տարածաշրջանի բնակիչները տեղյակ չէին գործընթացի մեխանիզմների մասին, և այս պատճառով հարցը մինչ օրս կախված է օդում:

Իրաքյան Քուրդիստանի բնակիչները նույնպես իրենց պետությունը ստեղծելու ցանկություն հայտնեցին՝ ասելով, որ Իրաքը որպես պետություն արդեն քսան տարի գոյություն չունի: Հանրաքվեի անցկացումից հետո նրանց նկատմամբ ճնշումներ սկսվեցին, նախագահը դուրս եկավ խաղից, ժողովուրդը պառակտվեց, ու ամբողջ գործընթացն արդյունք չտվեց:


Հայ ժողովուրդն ու տարածաշրջանի մի շարք այլ ժողովուրդներ իրենց պատկերացումներն ունեին ուժի վերաբերյալ՝ մենք թույլ ենք, ուժ չունենք, մենք հովանավոր չունենք, աշխարհը մեր դեմ է: Նույնիսկ մեր օրերում կան այսպիսի մտածողությամբ մարդիկ, իսկ այն ժամանակներում սա ընդհանրապես դոգմա էր: Այս մտածողությունը երբևէ թույլ չի տա, որպեսզի հանրային գիտակցության մեջ տեղ գտնի ինքնորոշման գաղափարը, ահա թե ինչու ուժի շուրջ բանավեճերը շատ կարևոր ու էական են այն հասկանալու, գիտակցելու համար:

Դիտեք նաև՝

Search