Play Video

Ի՞նչ է քաղաքակրթությունը: Ըստ որոշ մոտեցումների, քաղաքակրթությունը մշակույթի զարգացման աստիճան է, ըստ այլոց՝ մշակույթի տեսակներ տարանջատելու սկզբունք, սակայն, բոլոր մոտեցումները համաձայնում են մի հարցում՝ խոսքը մշակույթի մասին է:

Ի՞նչ է մշակույթը: 19-20-րդ դարերում «մշակույթ» եզրով բնորոշում էին հոգևոր գործունեությունը՝ արվեստ, գրականություն, երաժշտություն և այլն, ստեղծվում էին դրա արտադրման ու պաշտպանության հատուկ հաստատություններ: Սակայն, եզրույթը նաև օգտագործվում է տարբեր այլ ձևակերպումներում՝ «ռազմական մշակույթ», «գյուղատնտեսական մշակույթ» և այլն: Այս ժամանակաշրջանի տեսաբանների հիմնական խնդիրը մշակույթը սահմանելն էր և հետզհետե ընդունվեց մի ձևակերպում, ըստ որի մշակույթը գործելակերպ է: Այդ գործելակերպն ունի ունիվերսալ հատկանիշ, որն ալգորիթմի պես միավորում մարդկանց կյանքը, և այդ հատկանիշն ադապտացիան է: Այն բնորոշ է նաև կենդանական աշխարհին, սակայն, ի տարբերություն կենդանիների, մարդը ոչ միայն ադապտացվում է միջավայրին, այլև ադապտացնում է միջավայրն իր նպատակներին: Ի՞նչ է, այդ դեպքում, մարդկային գործունեությունը: Այն առաջին հերթին՝ հանրային փորձի կուտակումն է, նորմերի ու կարծրատիպերի ստեղծումն ու փոխանցումը՝ պատկերներով, բանավոր ու գրավոր ավանդույթներով: Մյուս կողմից՝ ավանդույթներով կուտակված փորձը՝ որպես գիտելիքներով, մարդիկ հնարավորություն ունեն ծրագրել և իրականացնել այդ ծրագրերը:

Հայտնի է, որ մարդկության զարգացումն արագանում է: Զարգացումը տեղի է ունենում որոշակի սկզբունքով: Հասարակությունը, հիմնվելով կուտակված փորձի վրա, հստակեցնում է ապրելակերպի որոշակի նորմեր, ստանդարտներ: Այդ ստանդարտները հարատևում են որոշակի ժամանակ, օրինակ՝ Հին աշխարհում դա կարող էր հազարամյակներ տևել: Պարբերաբար հայտնվում են նոր միտումներ, որոնք վտանգ են ներկայացնում ընդունված ստանդարտներին, և այդ պատճառով ոչնչացվում են կայացած համակարգի կողմից: Սակայն, ժամանակի ընթացքում, ստանդարտները չեն կարողանում դիմակայել զարգացմանը և փոխվում են: Նոր ստանդատրները վերածվում են ավանդույթի և որոշ ժամանակ անց կրկին մերժվում: Կարևոր է հասկանալ, որ այդ ժամանակահատվածն ամեն անգամ կրճատվում է, և հարց է առաջանում՝ կարո՞ղ է այդ ֆազաների տևողությունն այնքան կրճատվել, որ սկսի ձգտել զրոյի: 20-21-րդ դարի մի շարք տեսաբաններ կանխատեսում են այդ պահը՝ պնդելով, որ մարդկությունը հասնելու է «սինգուլյարության» կետի, որից հետո զարգացումն անկանխատեսելի է:

Սինգուլյարության կետին հասնելուց հետո մարդկության ապագայի վերաբերյալ տարբեր տեսություններ կան: Որոշները պնդում են, որ որոշակի «պայթյուն» է լինելու, մյուսները՝ որ նոր տեսակի ոչ ավանդական քաղաքակրթություն է ստեղծվելու: Ենթադրվում է, որ մարդկության զարգացումը կանգ է առնելու. այսօր էլ նկատելի է, որ որոշ գործընթացներ դանդաղում են, օրինակ՝ տնտեսության աճը, գիտության առաջընթացը: Այստեղ մի պարադոքս է գոյանում, իրականում, գիտության ձեռքբերումները շատանում են, սակայն պակասում է դրանց ընկալումը, քանի որ տեսությունները չափազանց բարդ են և դրանցից շատերը հասկացվում են միայն տարիներ անց:

Դիտեք նաև՝

Search