Play Video

Ի՞նչ ենք հասկանում «անվտանգություն» ասելով: Սովորաբար այն ընկալվում է որպես մի վիճակ, զգացողություն, սակայն, այն նաև նշանակում է անհատի, հասարակության կամ պետության բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների առկայություն: Անվտանգության վերաբերյալ պատկերացումներն անցել են պատմական մեծ էվոլյուցիա, և այսօր ներկայանում են բազմաշերտ ու բարդ գաղափարների տեսքով: Այս առումով գոյություն ունի երեք ելակետային հարց, որոնցից առաջինն է՝ ո՞ւմ, կամ ինչի՞ անվտանգություն:

Եթե պատմական դարաշրջաններում այս հարցի պատասխանն էր միապետի կամ արիստոկրատիայի անվտանգությունը, այնուհետև՝ պետության, ինստիտուտների կամ քաղաքական ռեժիմի անվտանգությունը, ապա մեր օրերում՝ գլոբալացման ժամանակաշրջանում, մենք առաջին հերթին խոսում ենք անհատի անվտանգության մասին: Անհատի անվտանգության հանդեպ մոտեցումները տարբերվում են տարածաշրջանից տարածաշրջան և անգամ պետությունից պետություն:

Երկրորդ հարցն է՝ անվտանգություն ումի՞ց, կամ ինչի՞ց: Հին ժամանակներում այն առաջին հերթին վերաբերում էր ֆիզիկական անվտանգությանն արտաքին սպառնալիքներից: Սակայն, այսօրվա մարտահրավերների պայմաններում անվտանգության ռիսկերը դիտարկվում են ավելի լայն համատեքստում՝ տնտեսական, բնապահպանական և բազմաթիվ այլ ոլորտներում:

Երրորդ ելակետային հարցն է՝ ի՞նչ ենք հասկանում անվտանգություն ասելով: Արդյո՞ք դա պարզապես սպառնալիքների բացակայությունն է, թե՞ դրանց առաջացման կանխարգելումը: Եթե անցյալում պետական քաղաքականության պրակտիկայի գերակշիռ մասն ուղղված էր արդեն առաջացած սպառնալիքների հաղթահարմանը, ապա հետագայում եկավ կանխարգելիչ, պրեվենտին մոտեցումը: Վերջինս այսօր գերակշիռ է այսօրվա աշխարհում:

Սակայն, նորագույն շրջանում, հատկապես սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, պետական քաղաքականություններում ի հայտ եկավ մի վտանգավոր միտում. մարդու անվտանգությունը հաճախ սկսեց ստորադասվել պետության անվտանգության շահերին: Այս երևույթը հաճախ դիտարկվում ու ներկայացվում է որպես անհատի անվտանգության ապահովման անհրաժեշտ քայլ, սակայն, դրա արդյունքում, հատկապես՝ երկարաժամկետ, խաթարվում են հասարակության և անհատի իրավունքները:

Դիտեք նաև՝

Search