Play Video

Այսօր Հնդկաստանում գործող քաղաքական համակարգի մոդելը, որն ընդունված է անվանել քաղաքական համակարգի վեստմինստերյան մոդել, ձևավորվել է 1947 թվականին՝ Հնդկաստան պետության ստեղծման ժամանակ։ Այս մոդելը որպես փիլիսոփայություն, որպես աշխարհայացք և որպես աշխարհընկալում դրված էր հասարակական հարաբերությունների, հասարակական շերտավորումների և դրանցով պայմանավորված փոխհարաբերությունների հիմքում։

Վեստմինստերյան քաղաքական մոդելը լայն տարածում ունի նախկին բրիտանական գաղութներում․ այն իր դասական դրսևորումներով, որպես մաժորիտար ժողովրդավարության մոդել, որպես մասնակցային ժողովրդավարության մոդել, որպես ընտրովի մասնակցային ժողովրդավարության մոդել, երկար ժամանակ էտալոնային էր համարվում Կանադայում և Նոր Զելանդիայում։

Կարևոր է նշել, որ միասնական պետություն լինելու համար Հնդկաստանը ժողովրդավարության այլընտրանք չուներ։ 1947 թվականին, երբ, ըստ էության, լուծվեց Հնդկաստանի և Միացյալ Պակիստանի և Բանգլադեշի անկախության հարցը, Հինդուստան թերակղզու տարածքում միայն վեց հարյուրից ավել մեծ ու փոքր իշխանություն կար։ Դրանք, ի տարբերություն հնդկական նահանգների, կարող էին որոշել, որ չեն մտնում նորաստեղծ պետության մեջ ու միանալ Հնդկաստանին կամ Պակիստանին։ Ընդ որում, այս ամբողջ ընթացքում տեղի էին ունենում բավականին լուրջ ընդվզումներ, դիմադրություն, բանակցություններ և առևտուր։ 

Ազգաբանական կամ մարդաբանական համատեքստում Հնդկաստանի քաղաքական համակարգի կայունության ամենամեծ երաշխիքներից մեկը հենց այլընտրանքի բացակայությունն է․ ժողովրդավարական համակարգի փլուզումը ոչ թե կնշանակի երիկրի համար լուրջ հետընթաց կամ տնտեսական, սոցիալական, քաղաքական զարգացումների արգելակում, այլ կնշանակի Հնդկաստանի՝ որպես դաշնային պետության վերացում։ 

Ժողովրդավարությունը Հնդկաստանի համար դարձել է այն գիտակցված կոմպրոմիսը, որին գնացել և շարունակաբար գնում են երկրի քաղաքական և էթնոլեզվական էլիտաները։ Այս կոմպրոմիսը գոյություն ունի և պահպանվում է նաև այն պատճառով, որ նախընթաց պատմությունը, քաղաքական հզոր ժառանգությունը, դրանից բխող և դրանով պայմանավորված քաղաքական մշակույթն արդեն իսկ ձևավորել են համակեցության, բանակցությունների, կոմպրոմիսների միջոցով խնդիրներ լուծելու մշակույթը։ 

Դիտեք նաև՝

Search