Առողջապահության ոլորտում անվտանգությունը կայանում է բնակչությանը առողջ պահելու մեջ, սակայն, ցավոք, թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում առողջապահության համակարգը հիմնականում զբաղվում է հիվանդաբուժությամբ։ Հայաստանի դեպքում դրա մի շարք օբյեկտիվ պատճառներ կան՝ խորհրդային առողջապահական համակարգի նեղ մասնագիտացումը, կանխարգելման բժշկության պակասը, անկախությունից հետո՝ հիվանդաբուժությամբ զբաղվելու տնտեսական շարժառիթները։
Բնակչությանն ավելի առողջ պահելու համար անհրաժեշտ է մի շարք քայլեր ձեռնարկել՝
- բարելավել առաջնային օղակը՝ բուժաշխատողներ, որոնց հիմնական դերը մարդկանց առողջ պահելն է,
- բնակչության շրջանում առաջնային օղակի նկատմամբ վստահություն առաջացնել,
- դադարեցնել հիվանդապահության համակարգի գերօգտագործումը, բարելավել բուժօգնության որակը,
- ապահովել բժշկական որակյալ կրթություն,
- կայունացնել առողջապահության ֆինանսավորման մեխանիզմը՝ հնարավորինս նվազեցնելով քաղաքացու ֆինանսական բեռը,
- օպտիմալացնել ենթակառուցվածքները, նվազեցնել Երևանում հիանդանոցների թիվը, մարզերում ստեղծել կենտրոնացված լավ հիվանդանոցներ,
- օպտիմալացնել մարդկային ներուժը՝ բազմաթիվ մասնագիտացված բուժաշխատողների փոխարեն՝ ավելի շատ մանկաբույժներ,
- առողջապահական համակարգի կառավարման գործընթացներում ավելի լավ օգտագործել սփյուռքի ներուժը։
Այս ամենի շնորհիվ հնարավոր է ստեղծել ամրապնդված, կայուն, բնակչությանը առողջ պահող առողջապահության համակարգ, որը պատրաստ կլինի ցանկացած մարտահրավերի և արդյունավետորեն կաշխատի թե՛ կոնֆլիկտային և թե խաղաղ պայմաններում։