Play Video

Շիզոֆրենիան խրոնիկ հոգեկան հիվանդություն է, որը բնորոշվում է յուրահատուկ հուզական, մտածողան և վարքային խանգարումներով: Շիզոֆրենիան ունի ախտանիշների երկու խումբ՝ պոզիտիվ և նեգատիվ: Պոզիտիվ ախտանիշները հոգեբանական որևէ ոլորտում հայտնաբերված նոր, նախկինում գոյություն չունեցած խանգարումներն են: Նեգատիվ ախտանիշները դրսևորվում են արդեն եղած հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ:

Պոզիտիվ ախտանիշներն արտահայտվում են ցնորքների և զառանցանքի ձևով: Շիզոֆրենիային բնորոշ են կեղծ ցնորքները՝ մարդու մտածողության մեջ հայտնվող լսողական կամ տեսողական պատկերացումներ, կերպարներ, ձայներ: Շիզոֆրենիայի ժամանակ հայտնաբերվող ցնորքների մեծամասնությունը լսողական է. համային, տեսողական և այլ ցնորքները շատ հազվադեպ են: Ցնորքներն ուղեկցվում են ազդեցության զառանցական մտքերով. հիվանդի մոտ տպավորություն է լինում, որ իր վրա ինչ-որ ուժ է ազդում և դրդում տարբեր գործողությունների (Կանդինսկի-Կլերամբո համախտանիշ):

Շիզոֆրենիային բնորոշ այլ ցնորքները կրում են ներքին երկխոսությունների, մեկնաբանող, հրամայող ձայների ձև: Հիվանդները, որպես կանոն, զգում են ներքին այդ ձայների խորթ լինելը և փորձում են դիմակայել դրանց: Հոտառական և համային ցնորքները ուղեկցվում են թունավորման զառանցական մտքերով:

Շիզոֆրենիայի ժամանակ տեղի է ունենում զառանցական համախտանշի հետևողական զարգացում: Հիվանդության սկզբին բնորոշ է վերաբերմունքի զառանցանք, որն աստիճանաբար համակարգվում է և լրացվում մանրամասներով: Այս փուլում տեղի է ունենում զառանցանքների դիֆերենցիացիա, երբ զառանցանքը կոնկրետ բնույթ է ձեռք բերում: Հիվանդության ուշ փուլում տեղի է ունենում զառանցանքի ապահամակարգում. զուգահեռ զառանցանքի զարգացմանը զուգահեռ թուլանում են մարդու մտածողական ունակությունները, և զառանցանքն այլևս չի պահպանում իր ներքին տրամաբանական կառուցվածքը: Այսպես պարանոյիկ համախտանիշը վերածվում է պարաֆրեն համախտանշի:

Նեգատիվ ախտանիշների հետևանքով ձևավորվում է էմոցիոնալ դեֆեկտի վիճակ. մարդու էմոցիոնալ ոլորտը աղքատանում է: Հիվանդի մոտ առաջանում է ցավալի հոգեկան անզգայացում, երբ հիվանդը զգում է իր փոփոխությունները և ցավ է ապրում դրանից:

Վարքային խանգարումները բազմազան են և առաջանում են հիվանդության այլ ախտանշերի հետևանքով: Հիվանդները կորցնում են իրենց սոցիալական կապերը և մեկուսանում են: Տուժում է կամային ոլորտը, և հիվանդներին դժվար է դառնում կատարել անգամ ամենապարզ գործողությունները: Շիզոֆրենիային բնորոշ են խանգարումների մի խումբ՝ մտածողության անկապությունը, դատարկաբանությունը, սիմվոլիստիկ մտածողությունը, փիլիսոփայական ինտոկսիկացիան և այլն:

Շիզոֆրենիան, թեև խրոնիկ բնույթ է կրում, սակայն բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս պայքարել հիվանդության դեմ: Չափազանց կարևոր է, որ հիվանդը սոցիալական աջակցություն ստանա, որը նրան կօգնի նորմալ կյանքին վերադառնալ:

Դիտեք նաև՝

Search