Play Video

Մեծամոլության զառանցանքն այն զառանցանքն է, երբ հիվանդը համոզված է, որ ինքն օժտված է որևէ գերբնական ունակությամբ: Նրան անհնար է համոզել, որ այդ զառանցանքը չի համապատասխանում իրականությանը, նրա այդ համոզմունքը բացարձակ է:

Հայերի մոտ ամենատարածված զառանցանքը նորարարական կամ գյուտարարության զառանցանքն է: Դեռևս 80-ականներին մի հայ գիտնական հայտնագործել և նախագծել էր սկզբունքորեն նոր տիեզերանավ: Հաշվարկները ներկայացրել էր գիտությունների ակադեմիա, ֆիզիկայի ամբիոն, աստղագետներին և այլն: Սկզբում նախագիծը բավական լուրջ ընթացք է ունեցել՝ ասուլիսներ են հրավիրվել, թերթերում հոդվածներ են տպվել և այլն, մինչև պարզվել է, որ այդ մարդը հոգեկան խանգարումներ ունի և այդ ամբողջը զառանցանք է:

Այսօր մենք շատ հիվանդներ ունենք, որ հայտնագործում են հավերժական շարժիչներ, հայտնագործում են նոր բժշկություն և իրենց գործունեության ընթացքում տարբեր հաստատությունների են դիմում: Այսինքն՝ եթե նրանց հայտնագործությունները չեն ընդունվում, նրանք չարանում են և մեծամոլական զառանցանքին նաև ավելանում է վերաբերման զառանցանքը, երբ հիվանդը մտածում է, որ իրեն չեն գնահատում, չեն սիրում, չեն ընդունում:

Հայերիս շրջանում տարածված հաջորդ զառանցանքը սիրահարական կամ էռոտոմանիկ զառանցանքն է: Այս պարագայում հիվանդին թվում է, որ ինչ-որ մեկը՝ որևէ հայտնի մարդ, իրեն սիրահարված է: Սա նույնպես վտանագավոր է, որովհետև եթե այդ հայտնի մարդիկ հիվանդի հասանելիության շրջանում են գտնվում, նրան սկսում են հետապնդել, ինչ-որ բաներ պահանջել և այլն:

Հայերիս շրջանում հաջորդ տարածված զառանցանքը գողական հեղինակությունների զառանցանքն է: Սա շատ է տարածված դեռահասների մոտ: Մեծամոլությունը նրանց մոտ չի հասնում ինչ-որ տիեզերական մասշտաբների, այլ եզրափակվում է տեղային շրջապատով, այսինքն՝ նրանք պնդում են, որ իրենք հանցագործ հեղինակություն են կամ հանցագործ հեղինակությունների հետ են շփվում և այլն: Սա նույնպես արտացոլում է այն մշակութային միջավայրը, որտեղ ապրում ենք:

Մյուս տարածված զառանցանքը բարձր ծագման զառանցանքն է: Հայաստանում այս ոլորտի ամենատարածված զառանցանքը Պուտինը կինը լինելու զառանցանքն է: Այսինքն՝ ինձ առնվազն չորս կին է հանդիպել, որոնք պնդում էին, թե իրենք Պուտինի կինն են, շատ մեծ իրավունքներ ունեն և բոլորը պետք է իրենց լսեն ու ենթարկվեն:

Դիտեք նաև՝

Search