Աղետային իրավիճակում մարդու առաջին և ամենասուր ռեակցիան կոչվում է աֆեկտիվ շոկային ռեակցիա: Լուրջ վտանգի ենթարկվելու պահին մարդիկ հայտնվում են շոկային վիճակում և ցուցաբերում են վարքի հիմնական երկու տեսակ՝ աֆեկտիվ քարացումը (ստուպորը) և աֆեկտիվ գրգռվածությունը (աժիտացիան): Քարացման ժամանակ մարդ դադարում է խոսել, շարժվել և արտաքին գրգռիչներին արձագանքել: Այն դասակարգվում է գիտակցության խանգարումների շարքին. մարդիկ չեն ընկալում իրենց շուրջ կատարվող իրադարձությունները և այդ վիճակից դուրս գալուց հետո հիշողության կորուստ են ունենում: Աֆեկտիվ գրգռվածության պահին մարդիկ կարողանում են փախուստի դիմել, սակայն այդ վիճակին բնորոշ են անկանոն, քաոտիկ շարժումներն ու անարդյունավետ գործողությունները:
Պսևդոդեմենցիայի դեպքում մարդ որոշ ժամանակով կորցնում է իր ինտելեկտը՝ փորձելով դիմակայել սթրեսային գործոնին: Վտանգի ազդեցությունն այնքան մեծ է, որ մարդու գիտակցությունը չի կարողանում դիմանալ դրան և «անջատվում է»՝ թողնելով միայն փրկվելուն անհրաժեշտ ֆունկցիաները: Պսևդոդեմենցիային բնորոշ է պուերիլիզմը՝ երեխայական վարքը մեծահասակների մոտ: Սուր ռեակցիաները երբեմն կարող են ունենալ խրոնիկ ընթացք: Օրինակ՝ աֆեկտիվ ստուպորը կարող է վերածվել դեպրեսիայի:
Խրոնիկ բնույթ կրող խանգարումների շարքին է պատկանում հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, որն արտահայտվում է որոշակի «թաքնված շրջանից» հետո: Հետտրավմատիկ խանգարմանը բնորոշ են ֆլեշբեքերը՝ հանկարծակի առաջացող, սթրեսի պատճառի հետ անմիջապես կապված վառ հիշողությունները, որոնք վախի կամ տխրության զգացում են բերում: Ցավալի հիշողությունները կարող են հալուցինատոր բնույթ կրել և, սովորաբար, առաջանում են որոշակի ասոցիատիվ ազդակների հետևանքով:
Անձի խանգարումներից առավել բնորոշ են տագնապային և դեպրեսիվ ախտանշանները, որոնք նաև փսիխոսոմատիկ և վեգետատիվ արտահայտումներ են ստանում: Նևրոտիկ սիմպտոմները կարող են խրոնիկ դառնալ և աստիճանաբար անձի ստրուկտուրայի մաս դառնալ: