Տագնապն անորոշ վախով և անհանգստությամբ արտահայտվող հոգեվիճակն է: Տագնապն ինքնին վարքային պաշտպանողական մեխանիզմ է, որն առաջանում է, երբ վտանգն ոչ թե անմիջական է, այլ հնարավոր: Տագնապի զգացումը պատրաստում է օրգանիզմը հնարավոր վտանգին. ուժեղանում է սրտի և զգայարանների աշխատանքը, մոբիլիզացվում է շարժողական ապարատը: Երբեմն տագնապի ընթացքում մարդ փորձում է կանխագուշակել իրավիճակի զարգացումը:
Տագնապի խանգարումը դժվար է ախտորոշել: Այն հակված է խրոնիկ ընթացքի, լինում է գեներալիզացված և երբեմն ուղեկցվում է այլ խանգարումներով: Տագնապի գերագույն արտահայտումը խուճապային գրոհն է, որը կտրուկ ազդում է վարքի վրա և անկառավարելի բնույթ է կրում: Տագնապային խանգարման դրդապատճառները կապված են լինում մարդու մանկության հետ: Մանկական տարիքում ձեռք բերված ուժեղ վախերն ու ֆոբիաները, ինչպես նաև բնավորության որոշ գծեր (պերֆեկցիոնիզմ) կարող են հետագայում պատճառ դառնալ տագնապային խանգարման:
Տագնապը տարբերվում է վախից: Տագնապը անորոշ բնույթ է կրում, ի տարբերություն վախի, որի դեպքում մարդ կարող է նշել, թե ինչն է դրա պատճառը: Տագնապն ունենում է իր ֆիզիկական լոկալիզացիան՝ կոկորդում, սրտի կամ արևային հյուսակի շրջանում: Տագնապը դրսևորվում է սեփական կյանքի ու առողջության համար վախով, ինչպես նաև ագորաֆոբիայով՝ բաց տարածքների վախով: Մարդ խուսափում է գտնվել այնպիսի վայրերում, որտեղ չի կարողանա օգնություն ստանալ: Տագնապի հետ սերտորեն կապված է նաև ձախողվելու՝ ընդունված չլինելու և սխալ դրսևորվելու վախը:
Տագնապին բնորոշ են առանձին ֆոբիաներ՝ կլաուստրոֆոբիան (փակ տարածքների վախը), աէրոֆոբիան (օդանավերի վախ), նոզոֆոբիան (հիվանդանալու վախ): Որոշ դեպքերում տագնապը կարող է վերածվել դեպրեսիայի կամ կպչուն-սևեռուն խանգարման: Տագնապի ընթացքում հանդիպում է խելագարվելու վախը: Սովորաբար, հիվանդները ունակ չեն լինում ինֆորմացիա մարսելու, ունենում են սոմատիկ գանգատներ: