Ընկալման խանգարումներն այն խանգարումներն են, երբ տեղի է ունենում զգայարաններից որևէ մեկի կողմից իրականության սխալ ընկալում՝ առանց այդ զգայարանի աշախատանքի խանգարման: Ընկալման խանգարումները տարբերում ենք ըստ զգայարանների՝ տեսողական, համի, հոտառության, շոշափողական, ինչպես նաև ներքին օրգանների և տարածքում կողմնորոշվելու հետ կապված:
Հիմնական երկու խանգարումները պատրանքները և ցնորքներն են: Ի՞նչ բան է պատրանքը:
Պատրանքը իրական երևույթների աղավաղված ընկալումն է: Այսինքն՝ կա որևէ երևույթ (տեսողական կամ լսողական), որը մարդու կողմից աղավաղված է ընկալվում: Օրինակ՝ եթե մտնում ենք սենյակ, պատից հագուստ է կախված, բայց հագուստի փոխարեն տեսնում ենք մարդ կամ որևէ կենդանի:
Ցնորքը այն ընկալման խանգարումն է, երբ տեղի է ունենում իրականում գոյություն չունեցող երևույթի ընկալում: Այսինքն՝ եթե նույն սենյակում ոչինչ կախված չէ, բայց մենք այնտեղ որևէ բան ենք տեսնում, ցնորքի հետ գործ ունենք:
Պարեյդոլիկ պատրանքի դեպքում ընկալման աղավաղումը դրսևորվում է գերբնական պատկերների ձևով, օրինակ՝ պատերի, խալիների վրայի նկարները կամ պատկերները սկսում են ձևափոխվել՝ ընդունելով տարօրինակ չափեր, զանազան գերբնական կերպարանքներ։ Օրինակ՝ շատ երեխաների մոտ պատահում է, երբ նրանք նայում են խալու վրայի նախշերին և այնտեղ տեղափոխվող, շարժվող ինչ-որ կենդանիներ են տեսնում: Սրանք ավելի ֆանտաստիկ բնույթի խաբկանքներ են:
Լսողական պատրանքները հիմնականում հիմնված են մարդկանց խոսքի վրա: Երբ մենք լսում ենք որևէ խոսակցություն, մենք այդ խոսակցության մեջ սկսում ենք լսել ինչ-որ հատվածներ, մեր անունը, մեզ վերաբերող ինչ-որ ակնարկներ, բառեր, որոնք մեկնաբանում ենք այնպես, ինչպես իրականում չէ:
Ցնորքները լինում են երկու տեսակ. իրական և կեղծ ցնորքներ:
Իրական ցնորքը հիվանդի համար բացարձակ իրականություն է, որը տեղակայված է արտաքին աշխարհում և ընկալվում է որպես իրականություն: Այսինքն՝ պատկերները նրա համար բացարձակ իրական են:
Կեղծ ցնորքը միջանկյալ տեղ է զբաղեցնում ընկալման և մտածողության խանգարման միջև: Կեղծ ցնորքը հիվանդի ներսում տեղակայված երևույթ է: Այսինքն՝ նա չի ասում՝ դրսից ձայն լսեցի, ասում է՝ իմ ներսից ձայներ են հնչում: Սա հիվանդի ներսում առաջացող երևույթ է:
Կեղծ ցնորքներն իրենց բովանդակությամբ բաժանվում են մի քանի մասի. Հրամայողական ցնորքները ամենավտանգավորներն են, որովհետև հիվանդին ուղղակի հրամաններ են տալիս: Օրինակ՝ «Գնա, քեզ պատուհանից դուրս նետիր». սա պսիխոզների ժամանակ ինքնասպանության դրդող հիմնական հրամայողական կեղծ ցնորքներից մեկն է: